Փոխարժեքներ
08 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.37 |
EUR | ⚊ | € 417.58 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.19 |
GEL | ⚊ | ₾ 142.21 |
«Ինչպես նշել եմ իմ նախորդ երկու ելույթներում, մեզ համար ի սկզբանե ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ, այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետեւ այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից, քանի որ, ինչպես փորձը ցույց է տվել, իշխանությունները հասկանում են միայն ճնշումների լեզուն»,- սեպտեմբերի 30-ին կազմակերպված ՀԱԿ հանրահավաքում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը` ըստ էության բացահայտելով, որ ներկայումս Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հանրահավաքի կազմակերպման իրական նպատակը անցած ամիս ընդհատված, բայց այլ նպատակներ հետապնդող երկխոսության վերսկսումն է:
Գարնանը Կոնգրեսն իր խնդիրն էր համարում հասնել այնպիսի երկխոսության, որը ցանկացած պարագայում հանգեցնելու է արտահերթ ընտրությունների: Հունիսի 30-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն ասաց հետևյալը. «Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, և առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում: Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»: Այսինքն՝ այդ պահին ոչ թե անգամ երկխոսություն ծավալելու, այլ բացառապես արտահերթ ընտրություններ անցկացնելու իմպերատիվ պահանջ է դրվում, ինչը կատարելապես իմաստազրկում էր կանխորոշվող ելքով երկխոսության անցկացման անհրաժեշտությունը:
Բայց ահա սեպտեմբերի 30-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանն արդեն ասում է հետևյալը. «Նախորդ հանրահավաքում ես հարկ էի համարել հայտարարել եւ այսօր էլ կրկնում եմ, որ մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ (արտահերթ ընտրությունների հարցում) իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման… Ավելին, փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով մենք պատրաստ ենք նաեւ, թեկուզ վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել երկխոսությունը իշխանությունների հետ»:
Ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների պահանջը, որն սկզբից կարծես տաբու էր Կոնգրեսի համար, հիմա արդեն ոչ թե քննարկումների, այլ անգամ փոխզիջումների ենթակա հարց է դառնում: Ուշագրավն այն է, որ Կոնգրեսը հուլիսօգոսոս ամիսներին անցկացված բանակցությունների արդյունքում կարծես հասել էր նրան, որ երկխոսության միակ օրակարգային խնդիրը մնացել էր հենց արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Եվ ունենալով այդպիսի ձեռբերում՝ Կոնգրեսը, ի դեմս իր ղեկավարի, իշխանությանն առաջարկում է ոչ միայն օրակարգ ձևավորել զրոյից, այլև պատրաստակամություն է հայտնում քննարկել անգամ արտահերթ ընտրությունների մասին փոխզիջումային ցանկացած առաջարկություն:
Ու չնայած նրան, որ սա դիրքերի ակնհայտ զիջում է, Կոնգրեսը, դա անում է Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելով, ինչը հնարավորություն է տալիս նրան շանտաժի դիրքերից խոսել իշխանության հետ: Բայց սա միակ սկզբունքային կետը չէ, որտեղ Կոնգրեսը գնում է զիջման: Ընդամենը մեկ ամիս առաջ Տեր-Պետրոսյանը հայտարարեց. եթե կա քաղբանտարկյալ, չկա երկխոսություն, չկա քաղբանտարկյալ, երկխոսություն կարող է լինել: Այս բանաձևի հիման վրա էր, որ օգոստոսի վերջին արդեն Կոնգրեսը հրաժարվեց բանակցությանը ներկայանալ` պահանջելով ազատ արձակել իրեն կողմից «քաղբանտարկյալ» անվանվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը: Այդ պահանջը մնաց անկատար, բայց Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Տիգրան Առաքելյանի կարգավիճակը երկխոսությունը շարունակելու խոչընդոտ չէ:
Մյուս իրողությունն այն է, որ չնայած Կոնգրեսը հստակ հայտարարել էր, թե մինչև սեպտեմբերի վերջ պետք է հստակեցվի արտահերթ ընտրությունների անցկացման հարցում իշխանության դիրքրոշումը, հակառակ դեպքում ուղղակի անվերապահ հրաժարականի հարց կդրվի, սակայն ՀԱԿ-ը փաստացի խուսափեց դրանից` հիմա էլ իշխանությանը մինչև տարեվերջ կողմնորոշվելու հնարավորություն ընձեռելով: Թվում է, թե զիջումների գնալու անհրաժեշտություն Կոնգրեսը չպետք է ունենար առհասարակ: Բայց խնդիրն այն է, որ շուրջօրյա հանրահավաքներն իրականում սկզբունքայնության ծխածածկույթ ապահովելու դեր են կատարում: Զիջումներն արվում են` իշխանությանը մանևրելու հնարավորություններ թողնելու համար, և այս գլխավոր հարցում Տեր-Պետրոսյանը չի դավաճանում իր մարտավարությանը:
Պարզ է, որ իշխանությունն ընդունելու է երկխոսությունը վերսկսելու առաջարկությունը հիմնականում այն պատճառով, որ սա ժամանակ ձգելու լավագույն միջոցն է: Տեր-Պետրոսյանն, ըստ այդմ, իշխանությանը ցույց է տալիս ժամանակի վրա խաղալու, արտահերթ ընտրություններից խուսափելու և այս խաղը մինչև գուցե հերթական ընտրություններ հասցնելու ճանապարհը: Նա առաջարկում է իշխանությանը իրեն չխանգարել հետ բերելու ձախողված երկխոսությամբ կորցրած իր պոտենցիալ ընտրազանգվածը՝ փոխարենը պատրաստակամություն հայտնելով քննարկել նաև արտահերթի այլընտրանքային լուծումները: Գրեթե վստահ կարելի է ասել, որ ընդհատված երկխոսությունը շարունակություն կունենա: Իսկ թե հերթական այս գործարքից ինչ կստանան Ազատության հրապարակում խփված վրանների տակ սպասող մարդիկ, կարելի է ենթադրել:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ