Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսյան հերոսամարտերի առաջին ու ամենակարեւոր պատմական դասն ու խորհուրդը այն էր, որ այդ հերոսամարտը իսկապես գոյամարտ էր: Այսինքն` մեր հողի վրա իսկապես գոյությունը պահպանելու իրավունքի նվաճման պայքար էր. այսօր լրագրողներին ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Երկրորդ խորհուրդը, ըստ նրա, մեր ժողովրդի համաժողովրդական` հայրենական պայքարն էր, որտեղ իսկապես դասակարգային որեւէ խտրականություն ու կուսակցական պատկանելության խնդիր չկար:
«Չպետք է մոռանանք, որ այդ օրերին Սարդարապատում գիտնականը շինականի կողքին էր կռվում, հոգեւորականը` պաշտոնյայի հետ միասին: Համատեղ, բոլորը միասին կռվում էին թուրք ոսոխի դեմ: Օրհասական պայքար էր»,- ասաց Մինասյանը:
Մայիսյան հերոսամարտի երրորդ կարեւորագույն խորհուրդը, ինչպես ներկայացրեց Էդիկ Մինասյանը, հայկական կանոնավոր զորքերի ու ախարհազորայինների միասնությունն էր:
«Մյուս կարեւոր պատմական դասը մեր ազատ, անկախ եւ ինքնուրույն ապրելու իրավունքի վերանվաճումն էր: Իսկապես` ազատությունն ու անկախությունը մեր ժողովրդի դարավոր երազանքն էր»,- ասաց պատմաբանը` հավելելով, որ մյուս կարեւոր հանգամանքը մեր անկախ պետականության վերականգնման հրաշքն էր:
Էդիկ Մինասյանը նաեւ հիշեցրեց պատմական մի շատ կարեւոր հանգամանք, որ անկախությունն ու պետկանությունը մեր ժողովրդին տրվեց իրադրության պայմաններում, եւ որքան էլ զարմանալի էր, նշեց բանախոսը, մեր ժողովրդի մեջ ռուսամետությունը, Ռուսաստանից կախված լինելու սովորությունը նստած էր, եւ այդ ժամանակ Ռուսաստանից անկախանալու հանգամանքը շատ հայերի մոտ բացասական կարծիք ու տրամադրվածություն է առաջացրել:
«Չէին պատկերացնում անկախ պայմաններում հանրապետության գոյությունը: Օրինակ` նույն Ավետիս Ահարոնյանը` հանրապետության կարեւորագույն դեմքերից մեկը, նրա հետ միասին Ռուբեն Տեր-Մինասյանը, էսեռները դեմ էին անկախությանը: Իսկ դրան հակառակ` Սիմոն Վրացյանը, Խատիսյանը, Քաջազնունին եւ մյուսները կողմ էին անկախությանը»,- նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը` պարզաբանելով, որ անկախությանը կողմ եւ դեմ կարծիքներ կային, բայց անկախության գաղափարի արմատավորումը հենց մայիսյան հերոսամարտերի անմիջական սնունդը եղավ: