Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը: Սա բացառիկ նվեր էր 20-ամյա անկախություն ունեցող երկրին, որտեղ գիրքն ամենագնահատված արժեքը չէ: Մինչեւ այս մասնաշենքի բացումը Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում փակվել են բազմաթիվ գրախանութներ, որոնցից վերջինի փակմանը զուգահեռ Երեւանը հռչակվել է 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք:
2012թ. մայիսի 13-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելու պատիվը Երեւանին կփոխանցի Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը, որի Ազգային գրադարանը 18 տարի ղեկավարել է հանճարեղ գրող Խորխե Լուիս Բորխեսը: Մի առիթով նա ասել է. «Դեռ մանկուց ես գիտեի, որ իմ կյանքը կապվելու է գրքի հետ կամ որպես ընթերցող, կամ որպես գրող»: Այս կույր հանճարն ինքն իրենով դարձավ Արգենտինայի այցեքարտը:
Ընդունված է Մատենադարանը համարել գրի պահոց: Սակայն գիրքը պահոցներ չի սիրում, գիրքը սիրում է ապաստարաններ, երբ հետապնդվում է: Մատենադարանը համաշխարհային գրական-մշակութային բազմադարյան ժառանգության փոխարկիչն է, հնագույն ձեռագրերն այնտեղ կոչված են ապրել ավելի աշխույժ կյանքով, քան նույնիսկ ընտանեկան գրապահարաններում տեղավորված գրքերը: Ընդունված է գրքերը համարել մարդկության հիշողությունը: Բորխեսը համամիտ էր այս մտքի հետ:
Մատենադարանը մեր հիշողության դուռն է։ Այդ հիշողությունը մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ է անկախության հանդեպ խնամքը չթուլացնելու համար: Որովհետեւ գիրքը նրա էջերը չեն, այլ այդ էջերին դրոշմված քո իմաստն է: Ահա թե ինչու 20-ամյա անկախություն ունեցող երկրի համար Մատենադարանի նոր մասնաշենքի բացումը կարող է դառնալ անկախությանն իմաստ հաղորդելու երեւույթ: