Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ հայաստանյան քաղաքական-հասարակական էլիտան գտնվում է վիկիլիքսյան հրապարակումների ազդեցության տակ, հասարակությունն ապրում է իր կյանքով, որն էապես տարբերվում է օտարերկրյա դիվանագիտական նամակագրությամբ և ներհանրապետական լրատվական հոսքերով ներկայացրածից:
«500 ձայն» հասարակական հետազոտությունների խմբի անցկացրած ուսումնասիրության համաձայն` հայաստանցիների միայն 15 տոկոսն է հետաքրքրված իշխանություն-ՀԱԿ երկխոսությամբ: Չափահաս բնակչության ճնշող մեծամասնությունը, անկախ քաղաքական հայացքներից, անտարբեր է երկխոսության նկատմամբ: Երկրի բնակչությանը հետաքրքրում են միանգամայն այլ բնույթի խնդիրներ, որոնցից ամենակարեւորներն են սոցիալական վիճակի վատացումը, աշխատատեղերի բացակայությունը, ընտանիքի բարեկեցության վատացումը, բանակի վիճակը եւ այլն:
«Ո՞ր քաղաքական ուժն է ավելի մեծ տեղ տալիս սոցիալական ոլորտին» հարցին մասնակիցների 34 տոկոսը պատասխանել է՝ ԲՀԿ, այնուհետեւ` ՀԱԿ՝ 18, ՀՅԴ`15 տոկոսը: «Բարգավաճ Հայաստանը» եւս մի քանի հարցադրումներում ունի ակնհայտ առավելություն»,- ասում է հետազոտական խմբի համակարգող Բ. Մաթեւոյանը:
Նրա կարծիքով՝ դրանք այն խնդիրներն են, որոնք վերաբերում են բնակչության առաջնային սոցիալական, բարեկեցության ոլորտներին: Մարդիկ սկսել են նախկինի համեմատ վատ ապրել, եւ այն քաղաքական ուժը, որն իր գործունեության շեշտը կդնի հենց այդ՝ հասարակ մարդկանց համար օրակարգային թեմաների վրա, կդառնա ավելի վարկանիշային` կտրուկ մեծացնելով իր սոցիալական բազան:
Հարցվողների 22 տոկոսը համարում է, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրներն առաջնահերթ են «Ժառանգության» ծրագրերում, իսկ երկրորդ տեղում է ՀԱԿ-ը` 20 տոկոս: Սա պայմանավորված է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների գործունեությամբ: Հանրային կյանքի ցանկացած կոնֆլիկտային իրավիճակներում այս խմբակցության պատգամավորները մշտապես լինում են դեպքի վայրում եւ փորձում պաշտպանել բողոքավոր խմբերի իրավունքները` դառնալով տարբեր սոցիալական խմբերի եւ իշխանությունների միջնորդը:
Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող խնդրում հարցվողների 28 տոկոսի համար ավելի ընդունելի է ՀՅԴ դիրքորոշումը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արձանագրությունների սառեցման եւ բանակցությունների ձախողման արդյունքում Հայաստանում աճել են ազգայնական տրամադրությունները: Այստեղ մեծ դեր խաղաց նաեւ ՀՅԴ-ի հստակ տարանջատումը արձանագրությունների ստորագրման ողջ գործընթացից: Այնուհանդերձ, հետազոտության արդյունքում ընդգծվում է, որ գործող իշխանության հիմնական ընդդիմադիր ուժ հասարակությունը շարունակում է համարել ՀԱԿ-ին` մոտ 24 տոկոս:
Ե՛վ «Ժառանգությունը», ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ «Ազատ դեմոկրատները» դեռեւս լուրջ անելիք ունեն հանրային գիտակցության մեջ ազդեցիկ ընդդիմադիր ուժի կարգավիճակ ստանալու համար: Միաժամանակ, մոտավորապես 25 տոկոսը նշում է նոր քաղաքական ուժի ձեւավորման անհրաժեշտությունը:
«Երկրի տնտեսական խնդիրների շուրջ ո՞ր քաղաքական ուժի դիրքորոշումներն են Ձեզ ավելի հոգեհարազատ» հարցին ստացվել է հետեւյալ պատկերը. ԲՀԿ` 35, ՀԱԿ` 22, Ժողովրդական կուսակցություն` 7 տոկոս: Փաստորեն, լինելով իշխող կոալիցիայի մաս՝ ԲՀԿ-ն կարողացել է իրենից հեռացնել գործող կառավարության տնտեսական քաղաքականության պատասխանատվությունը: Սոցիալական եւ ընդհանուր տնտեսական թեմաներով ԲՀԿ-ին հաջողվել է լուրջ կոնսոլիդացիա ապահովել եւ իր վարկանիշն ապահովում է հենց այս խնդիրներով: Սրան զուգահեռ` ԲՀԿ-ի թույլ կողմը մնում է քաղաքական թիմի անհստակությունը, խմբակցության պասիվությունը:
«Հետագայում մենք խնդիր ենք դրել անցկացնել ոլորտային, ինչպես նաեւ էքսպրես հետազոտություններ` պարզելու համար այս կամ այն իրադարձության կամ որոշման նկատմամբ հասարակական տրամադրությունները: Ամենեւին պարտադիր չէ, որ դրանք լինեն քաղաքական բովանդակության: Հասարակության ընթացիկ կյանքը շատ ավելի տեղեկատվություն է պարունակում, քան հեռուստաեթերն ու ներկայացվող լրատվական հոսքերը»,- ասում է Բ. Մաթեւոսյանը:
Հրանտ ՄԱՐԿՈՍՅԱՆ