կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-12 14:19
Մշակույթ

Թատրոնի փոխարեն` շոու

Թատրոնի փոխարեն` շոու

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը երկար ժամանակ է չունի գեղարվեստական ղեկավար:

Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը այսօրվա ասուլիսում նշեց, որ գեղարվեստական ղեկավար չունենալու պատճառով էլ թատրոնում մոտ երկու ամիս է` ներկայացումներ չեն լինում, միայն տարբեր միջոցառումներ, շոուներ են կազմակերպում: Նիկոլայ Ծատուրյանը ներկայացրեց իր  պահանջը. թատրոնը փակել եւ վերակառուցված բացել` սկսած շենքային պայմաներից մինչեւ ռեպերտուարային քաղաքականություն:

Սունդուկյանի թատրոնում տիրող  իրավիճակը Նիկոլայ Ծատուրյանն այսպես բնութագրեց` «խրխինջիզմ»: «Երբ ինձ առաջարկեցին ղեկավարել Սունդուկյանի թատրոնը, ես հրաժարվեցի, քանի որ իմ պահանջներն ունեմ: Մարդիկ հիմա չեն ուզում թատրոն գալ` մտածելու կամ հուզվելու համար, այլ ուզում են անիմաստ քրքջալ, այսինքն`  ցանկանում են այն վերածել բեմական թատրոնի»,- մտահոգված է Ծատուրյանը:

Հանրահայտ եւ սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանն էլ առաջարկեց, որ թատրոնի այգում կառուցեն մի նոր շենք, որտեղ իրենք կներկայացնեն ներկայացումներ:

«Հիմնական շենքում թող ներկայացնեն իրենց շոուները: Իսկական թատրոնը պետք է ունենա իր առանձին մտածողությունը, իսկ այսօր այն դարձել է շոու թատրոն»,- ասաց Կարեն Ջանիբեկյանը` հավելելով, որ եթե ճաշարանը աշխատում է, ուրեմն թատրոնը գոյատևում է: