կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 14:30
Քաղաքական

Ախր ինչո՞ւ է այսպես…

Ախր ինչո՞ւ է այսպես…

Այսօր առավոտյան հայաստանյան էլեկտրոնային ԶԼՄ-ները, խոսքները մեկ արած, տեղեկացնում էին, թե Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է «ցեղասպանություն» բառեզրը և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար մեկ այլ բառեզր է անհրաժեշտ ընտրել:

Մի քանի ժամ շարունակ մենք` yerkir.am-ի աշխատակիցներս, ջանում էինք համաշխարհային համացանցի սարդոստայնից պեղել հայ մեծանուն երգչի խոսքերը, որն այդպես էլ չգտանք: Ավելի ուշ պարզվեց, որ թուրքական մամուլը սովորականի պես օգտագործել է խոսքերն ու իմաստը նենգափոխելու իր մարտավարությունը, իսկ մեր` հայրենի լրատվամիջոցները, թուրքական սադրանքը «հալած յուղի» տեղ ընդունելով, շտապել են վայրկյան իսկ առաջ այն տեղադրել իրենց կայքերում:

Եվ հոգ չէ, որ այս քայլով ջուր են լցնում թուրքերի` Ազնավուրին վարկաբեկելու նպատակային քարոզչության ջրաղացին: Ընդհանրապես շատ վատ միտում է նկատվում հայրենական ԶԼՄ-ներում` անտարբերություն սեփական ազգի, պետության նկատմամբ: Ռեյտինգամոլությունն այստեղ էլ հասավ և իր սատանայական ռազմավարության իրականացման ճանապարհին ոչնչացնում է ամեն բարոյական չափանիշ:

Իսկ իրականում ահա, թե ինչ է ասել Ազնավուրը. «Եթե թուրքերը, ազնվություն ցուցաբերելով, ասեն, որ այդ բառն է (Ցեղասպանություն-խմբ.) անհանգստացնում իրենց, ապա մենք այլ եզրույթ կգտնենք հայ-թուրքական կարգավորման համար»: