Փոխարժեքներ
30 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Այս գարնանը «ՎիվաՍել»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 20 բնակարան էր գնել Վանաձորի Քիմիագործների այգու հարևանությամբ գտնվող էլիտար շենքում և դրանք նվիրել քաղաքի տնակային ավանների բնակիչներին, որոնց հենց ինքն էր ընտրել, խոստացել էր, որ բնակարանային խնդիր է լուծելու:
Մի քանի օր առաջ այդ ընտանիքներն արդեն տեղափոխվել են իրենց էլիտար բնակարանները: «Դեռ երազ է թվում: Մեկ-մեկ նույնիսկ քնած ժամանակ ինձ թվում է, դեռ տնակում եմ, զարթնում եմ, տեսնում` չէ, շենքում եմ»,- ծիծաղելով ասում է բնակչուհիներից մեկը, որ 7 անձից բաղկացած ընտանիքով 20 տարի անցկացրել է տնակում, աղջկան տնակից են հարս տարել, որդին էլ տնակում է մեծացել, հիմա բանակում է:
Թվում է` վերջապես մարդկային պայմաններում են ապրելու, վերջ կենցաղային դժվարություններին, բայց` չէ: Էլիտարում էլ խնդիրներ` ինչքան ուզեք: Բնակարաններն, օրինակ, գազիֆիկացված չեն, իսկ ձմեռը չի ուշանալու: Բնակիչները դեռ չեն պատկերացնում` ինչպես են ջեռուցման խնդիրը լուծելու:
9 հարկանի շենքում վերելակը չի գործում: Խոստացել են վերականգնել:
Տանտիկնոջ համար լվացք անելն անգամ իսկական գլխացավանք է. շենքը չորանոցներ չունի, նախկին տնակի բնակիչները` դրանք գնելու հնարավորություն: Իրենց համար սովոր տարբերակն այստեղ չի գործում: Քաղաքապետարանից եկել, խստիվ արգելել են պարաններ կապել` քաղաքի կենտրոն է, չի կարելի: Սպառնացել են տուգանել, եթե տնային տնտեսուհիները փորձեն լվացք կախել պատշգամբներից:
Պարզվում է` տնակում ապրելը նույնիսկ դրական կողմեր ուներ: Նախկինում, օրինակ, կոմունալ վճարներ չէին մուծում, հիմա ստիպված են:
Էլիտարում ապրելն ավելացնում է ծախսերը: Շենքային պայմաններն էլ իդեալական չեն: Բնակիչներից մեկն, օրինակ, բնակարանը դեռ չստացած, արդեն վերանորոգում էր: Սենյակներից շատերի պատերը ճաքել են, հատակը` տեղ-տեղ ուռել: Բայց բնակիչները չեն բողոքում: Այսքան տարի անմարդկային պայմաններում ապրած ընտանիքների համար երազ թվացող չորս պատն արդեն իրականություն է: Ասում են` մնում է աշխատանք ունենան, որ կարողանան հացի խնդիր լուծել: Բնակիչները մեծ մասամբ գործազուրկ են, 20 ընտանիքներից 6-ի երեխաներն «Օրրանի» շահառուներ են:
Աննա Պեչենևսկայա