կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-04 11:02
Հասարակություն

Էլիտար խարդախություն

Էլիտար խարդախություն

Նար- Դոսի 34 եւ Խորենացի 47/7-1. 47/7-2 նորակառույց շենքերի առջեւ, որոնք կառուցվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս» ընկերության կողմից, երեկ իրենց հերթական բողոքն էին անցկացնում նորակառույց համալիրի բնակիչները:

 

Խաբված բնակիչները yerkir.am-ին հայտնեցին, որ համալիրի շինարարական աշխատանքները սկսվել են դեռեւս 2005-ին եւ, իրենց հետ կնքված պայմանագրերի համաձայն` շենքը պետք է հանձնվեր շահագործման 2006 թվականի վերջին: Սակայն ընկերությունը, ոչ մի մեկնաբանություն չտալով, շենքի կառուցման աշխատանքներն ավարտել է 2010թ. եւ գնորդներին է հանձնել 2011թ. հունվար-փետրվար ամիսներին:

 

«Ըստ մեզ հետ կնքված պայմանագրի` ընկերությունը պարտավոր էր յուրաքանչյուր 30 օրվա ուշացման դիմաց մեզ փոխանցել մեր բնակարանների ընդհանուր գնի 0,1 տոկոսը: Դա չարվեց: Բացի այդ` շենքը հանձնվում է առանց վերելակների, առանց էլեկտրաէներգիայի, աղբատարի եւ, ամենակարեւորը,  կառուցապատողը շենքը մինչ օրս չի փոխանցել Կենտրոն համայնքին»,- ասաց բնակիչներից մեկը:

 

Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ դեռեւս 19.07.2010թ. իրենց կողմից ձեւակերպված շինարարության շահագործման փաստագրման հ.01/19-Ա-2317-143 ակտով ընդունել են հիշյալ համալիրը: Հետաքրքիր է, թե ինչպես է քաղաքապետարանը ընդունում թերի շինությունը, որի բնակարանները լուսավորված չեն, չկա աղբատար, իսկ վերելակի հորը բաց է:

 

Մինչ օրս շենքը շահագործման չի ընդունել նաեւ համատիրությունը՝ վերելակների բացակայության պատճառով, իսկ «ԵրեւանՋուր» ընկերությունը հրաժարվում է ընդունել շենքի ջրագիծը, թեեւ բնակարաններում տեղադրել է ջրաչափեր, իսկ պայմանագրերում բնակարանների սեփականատերերին նշել է որպես ենթաբաժանորդ:

 

Բողոքող քաղաքացիները մատնացույց են արել նաև բակի ցանկապատած մի տարածք, որի տեղում, ըստ նախագծի, պետք է լինեին շատրվաններ եւ խաղահրապարակ: Պարզվում է, որ ընկերությունից բնակիչներին հայտնել են, որ ցանկապատած տարածքն արդեն վաճառված է, սակայն, ըստ բնակիչների, իրենց Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ տարածքը պատկանում է «Տոնուս» ընկերությանը:

 

Ահա այսպիսի «էլիտար» պատմություն, որին մեր թերթը դեռ կանդրադառնա առաջիկայում: