կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-29 10:46
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. "Ճ" կլասը մեծարեց շախմատի արքաներին

ԱԶԳ. "Ճ" կլասը մեծարեց շախմատի արքաներին

Երկու օր առաջ Հանրայինի ուղիղ եթերում ցուցադրվող համերգը, որ նվիրված էր Հայաստանի շախմատի հավաքականի փառահեղ հաղթանակին, միջին ավելի ցածր մակարդակի քեֆ-ուրախություն էր հիշեցնում:

Բեմում հայկական անճաշակության մրցաշար էր, շոուբիզնեսի մաֆիան իր ողջ «փայլով»` «տաշի-տմբլ» ու իրավամբ «Ճ» կլաս համարվող երգիչ-երգչուհիներով, նույն թուրքական երաժշտություն, ռաբիս ու անմակարդակ երգերը:

«Տղայա, տղայա» երգում էր երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ում միակ արժանիքն ու բեմում հայտնվելու պատճառը թերեւս երգիչ Հայկոյի կին լինելն էր:

Արսեն Սաֆարյանն իր ակումբային երգերով, Անդրեն իր Dima Bilan but Made in Armenia ոճով ու, ներողություն բառիս համար, տափակ երգով:

Անկեղծ ասած, համերգին մինչեւ վերջ չեմ հետեւել: Նյարդերս չդիմացան: Ցանկանում էի ոգեւորվել մեր շախմատիստներով, հերթական անգամ հպարտանալ նրանցով, այլ ոչ հեռուստատեսությամբ ականատես լինելու գետնահարկ ակումբներում երգող երգիչների պարային «շարժումներին», որ ավելի շատ մարմնամարզություն էին հիշեցնում, վուլգար դիմահարդարմանն ու լսելու նրանց կլկլոցը:

Նրանց դեմքին նայելիս ու երգած երգերը լսելիս այն տպավորությունն էի ստանում, որ աստղիկները անգամ չգիտեն, թե ինչի համար են երգում կամ, ընդհանրապես, ի՞նչ է շախմատը: Վստահաբար, նման կարծիք միայն ես չէի կազմել:

Երեկ Facebook սոցիալական ցանցում քննարկվող ամենաթեժ թեմաներից էր Հանրայինի այդ համերգը: Դժգոհողների թիվը հսկայական էր:

Մի՞թե չէր կարելի գոնե մեկ անգամ բարձրակարգ համերգ կազմակերպել, որ միայն արմենչիկների ու գարուշոների արհեստի երկրպագուները հաճույք չստանային: Համերգ կազմակերպեին, որ հանդիսատեսը չամաչեր ու ինքն իրեն հարց չտար. մի՞թե սա է մեր երգարվեստը...

Կարելի էր «Ճ» կլասին հրավիրելու փոխարեն, ովքեր սովորության եւ իրենց կարողություններին համաձայն կենդանի չէին երգում, երաժիշտների հրավիրել, ովքեր հայկական պարեղանակներ, դասական, ջազ երաժշտություն կկատարեին, իսկ ավելի ուշ կազմակերպել Disco party երիտասարդների համար, հրավիրել անվանի ու բարձրակարգ երգիչ-երգչուհիներին, մանկական երգչախմբերի:

Չէ՞ որ սա ոչ թե քեֆ-ուրախություն էր, այլ տոնական համերգ, ցնծություն: Սակայն տոնական մթնոլորտ համերգի ընթացքում այդպես էլ չզգացվեց:

Համերգի կազմակերպիչները պետք է հասկանան, որ պատահական մեկը, ով պապայի կամ սիրեկանի փողերով երկու հատ 3 տակտից բաղկացած երգ է երգել ու շաբլոն տեսահոլովակ նկարահանել, իրավունք չունի համապետական մակարդակի համերգներում երգելու:

Զարուհի Բաբայանը հրաշալի երգչուհի է, երբ ջազ է երգում: Սակայն երբ սկսում է 6/8-ի տակ «Սոխակները» երգել, ցանկանում ես ամենաքիչը հեռուստացույցը ջարդել: Հասկանալի է` մարդը ցանկանում է գումար վաստակել եւ երգում է տաշիտմբլ երգեր, բայց արդյոք արժե՞, որ համապետական նշանակության համերգների կամ նախագահի ներկայությամբ միջոցառումների ժամանակ էլ «տուշ» անի:

Իսկ վերջում` ներողություն մեր շախմատիստներից, որ նրանց պատվին կազմակերպած համերգին հնչում էին «տղայա, տղայա», «Քո տոնը շնորհավոր» ու այդ մակարդակի մի քանի տասնյակ երգեր: