Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մենք` որպես բազմաթիվ վճարումներ իրականացնող նախարարություն, ստանձնել ենք պարտավորություն, որպեսզի կարողանանք ցանկացած վճարում, ցանկացած տեսակի սոցիալական աջակցություն դարձնել առավել հասցեական, եւ հասնելու ենք նրան, որպեսզի շատ կարճ ժամանակահատվածում հնարավորինս բացառենք կոռուպցիոն ռիսկերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:
Ընդհանուր առմամբ, նրա խոսքից կարելի էր եզրակացնել, որ նախարարության` 2011թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքներից նախարարը գոհ է:
Կենսաթոշակներ
Կենսաթոշակառուն տարիների բացակայությունից հետո ետ էր վերադարձել Հայաստան եւ պարզել, որ նրա կենսաթոշակն այդ ամբողջ տարիների ընթացքում վճարվել է, բնականաբար` ուրիշին: Սա ոլորտում առկա քաոսից միայն մի դրվագ է: 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ, օրինակ, ծառայության 42 ստորաբաժանումների` կենսաթոշակի գործերում կատարած ուղղումների արդյունքում մեկ ամսվա կտրվածքով խնայվել է 10.991.6 հազ. դրամ գումար:
Որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը տարիներ շարունակ ուղեկցվել է խախտումներով ու թերացումներով, չի հերքում նաեւ նախարարը: Բայց հավաստիացնում է, որ նախարարությունն այս ընթացքում ձեռնունայն չի նստել եւ իրականացրել է մի շարք գործողություններ, որոնց արդյունքը կենսաթոշակային գործընթացի կարգավորումը կլինի: «Մենք պարտավորություն ենք վերցրել, որպեսզի արդեն 2012-ի հունվարից կենսաթոշակային համակարգի տվյալների բազան լինի ամբողջությամբ նույնականացված եւ ճշգրտված»,- վստահեցրեց նախարարը:
Ընտանեկան նպաստ
Հայտնաբերվել են ընտանիքներ, որոնք ներառված էին ընտանեկան նպաստ համակարգում, սակայն չպետք է ներառված լինեին: Համադրումների արդյունքում դադարեցվել է ընտանեկան նպաստի վճարումը շուրջ 3000 ընտանիքի, որոնք սոցիալական ծառայություններին սխալ տվյալներ են ներկայացրել եւ արդյունքում դարձել նպաստառու: Խոսքը շուրջ 600 միլիոն դրամի մասին է:
Զբաղվածություն
Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել նաեւ գործազրկության նպաստի համակարգում: Համադրումների արդյունքում գործազրկության նպաստ ստացող մեծ թվով քաղաքացիներ զրկվել են նպաստից. այս դեպքում եւս տեղեկատվությունը չի համապատասխանել գործող օրենսդրությանը: Խնայվել է մոտ 700 միլիոն դրամ:
Հարցին` հիշատակված խախտումների արդյունքում քանի՞ պետական պաշտոնյա է պատժվել կամ հեռացվել աշխատանքից, նախարարը պատասխանեց, որ քանի որ ստուգումները նոր են ավարտվել, եւ ներկայումս վեր հանված թերություններին տրվում են իրավական գնահատականներ, այն է` արդյո՞ք պաշտոնատար անձի գործողությունների հետեւանքով է տեղի ունեցել բացթողումը, թե՞ օրենսդրական բացի պատճառով, թվերի մասին խոսելը դեռ վաղ է:
«Ցանկացած պատժողական գործողություն պետք է լինի տեղին: Մենք ոչ թե ազատում ենք աշխատանքից, այլ այն ծառայողները, ովքեր չեն կարողանում համակերպվել նոր աշխատաոճին, իրենք իրենց ձեռքով են աշխատանքից ազատվելու դիմումներ գրում»,- նշեց նախարարը` հավելելով, որ մի քանի նման դեպք արդեն կա:
Միամտություն կլինի կարծել, թե այս խախտումների մեղավորը մարդիկ են, ովքեր սխալ տեղեկատվություն են տրամադրել պետական օղակներին: Այս առումով ամենամեծ մեղքը հենց սոցաշխատողներինն է, ովքեր բոլորիս հայտնի եղանակներով կեղծ փաստաթղթեր են ձեւակերպում եւ, այդ ամենի դիմաց մի կլորիկ գումար դնելով գրպանը, «օգնում» քաղաքացիներին:
Եվ տպավորությունն այնպիսին է, որ նախարարության վերին օղակներում տարիներ շարունակ խորը նիրհի մեջ են եղել` աչք փակելով այս քաոսի վրա, ու հանկարծ այս տարվանից որոշել են արթնանալ եւ մի քանի ամսում շտկել տարիների «վաստակը»: