Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընթերցողը կհիշի, թերևս, թե այս տարվա փետրվարին մամուլում ինչպիսի աղմուկ բարձրացավ հրազդանցի մի երիտասարդի հետ կապված, որը լրագրողներին պատմել էր, որ Լֆիկ Սամոյի եղբորորդին մի խումբ անձանց հետ Արաբկիրի «Երևան Սիթի» խանութի նկուղում բռնությունների էր ենթարկել իրեն, ապա առևանգել ու մի քանի օր պատանդ պահել:
Այս խնդրին անդրադարձան գրեթե բոլոր լրատվամիջոցները։ Հրազդանցի երիտասարդը՝ Շահեն Հայրապետյան անունով, ինչպես կարգն է, ՀՀ գլխավոր դատախազությունում հաղորդում տվեց հանցագործության մասին: Այդ օրերից անցել է շուրջ 5 ամիս, և երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ ճակատագրի արժանացավ տվյալ գործը, պատժվեցի՞ն արդյոք մեղավորները:
Արդյունքները ցնցող են. Մալաթիա-Սեբաստիա համայնքի աոաջին ատյանի դատարանը մայիսի սկզբին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել գործով անցնող մեղադրյալին: Էդ էլ վատ չէ, կմտածեք դուք, խոմ Լֆիկ Սամոյի ազգականին չէին նստեցնելու: Մի տարի պայմանական էլ որ տվել են, դա մեծ առաջընթաց է Հայաստանի Հանրապետության դատական համակարգի համար:
Բայց մի շտապեք եզրակացություն անել, սիրելի' ընթերցողներ, մեկ տարի ազատազրկման ոչ թե Լֆիկ Սամոյի եղբորորդին է դատապարտվել, այլ այդ նույն հրազդանցի երիտասարդը: Նա մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասով` սուտ մատնություն: Պետք է խոստովանել, սակայն, որ հայրենի դատարանը բավական մարդասիրական է վերաբերվել Հրազդանի քաղաքացու նկատմամբ, որն առաքիչ է աշխատել Ս. Ալեքսանյանին պատկանող ընկերությունում: Մեղադրանքը, որն առաջադրված է եղել Հայրապետյանին, կարող էր մինչև հինգ տարվա ազատազրկման հանգեցնել: Բայց քանի որ մեղադրյալը զղջացել և մեղավոր է ճանաչել իրեն, դատարանը նրա նկատմամբ մեղմ վերաբերմունք է ցուցաբերել: