Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արգենտինայի դատարանը 15 տարվա բանտարկության է դատապարտել նախկին ոստիկան Մարիո Սանդովալին, որը քառասուն տարի առաջ, ռազմական դիկտատուրայի ժամանակ, ծառայում էր երկրի ամենատխրահռչակ բանտերից մեկում, տեղեկացրել է BBC-ն։
69-ամյա Սանդովալին մեղավոր են ճանաչել ձախ հայացքների տեր ուսանող Էռնան Աբրիատային առեւանգելու եւ կտտանքների ենթարկելու մեջ, որն անհետացել էր 1976թ.։
Խունտայի տապալումից հետո Սանդովալը փախել է երկրից եւ հանգրվանել Ֆրանսիայում, որտեղ սկսել է դասախոսություններ կարդալ համալսարանում, բայց 2019թ. Ֆրանսիան նրան արտահանձնել է Արգենտինային։
Նախկին ոստիկանին մեղադրել են 1976-1983թթ. ձախ շարժման ակտիվիստներին առեւանգելու եւ կտտանքների ենթարկելու մեջ։ Այդ ժամանակ երկրում իշխում էին զինվորականները։ Բայց դատարանում միայն մեկ գործ է լսվել՝ ճարտարապետական ինստիտուտի ուսանող Էռնան Աբրիատայի գործը, որին ոստիկանությունը տնից տարել էր 1976թ. եւ նետել Արգենտինայի ամենամեծ գաղտնի բանտը, որը գտնվում էր Արգենտինայի ՌԾՈւ Մեխանիկների դպրոցում (ESMA)։ Նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
Կարծիք կա, որ այդ բանտում է հայտնվել ավելի քան 5 հազար արգենտինացի, որոնք դեմ էին ռազմական խունտային։ Ողջ է մնացել ընդամենը հարյուր մարդ։
Բանտարկյալներին հարցաքնում էին եւ խոշտանգում։ Նրանցից շատերին վերջում թմրանյութ էին ներարկում եւ ինքնաթիռներից նետում օվկիանոսը։
ESMA բանտի սարսափների միջով անցածների խոսքով՝ Մարիո Սանդովալը ամենաահավոր դահիճներից մեկն էր։ Նրանք նշել են, որ նա սիրում էր բանտարկյալներին կապել մահճակալների մետաղե շրջանակներին եւ տանջել անասունների համար նախատեսված էլեկտրաշոկերով։
Զինվորականներին Արգենտիայի իշխանությունից հեռացնելուց երկու տարի հետո Սանդովալն անցել է Ֆրանսիա։ Այստեղ սկսել է պաշտպանության եւ անվտանգության գծով խորհրդական աշխատել, ստացել է ֆրանսիական քաղաքացիություն եւ վեց տարի դասավանդել որպես հրավիրյալ դասախոս Սորբոնի Լատինական Ամերիկայի երկրների ինստիտուտում։
Միայն 2008թ. է հայտնաբերվել, որ դասախոս Սանդովալը նախկին ոստիկան է, որին կասկածում են արգենտինացի հարյուրավոր ակտիվիստների առեւանգման եւ խոշտանգումների մեջ։ Ֆրանսիայի Բարձրագույն վարչական դատարանը վճռել է, որ նրան կարելի է արտահանձնել հայրենիք, քանի որ հանցագործությունները, որոնց մեջ նա մեղադրվում է, կատարվել են մինչեւ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալը։