Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շուշիի «Նարեկացի» արվեստի կենտրոնում այսօր մեկնարկեց «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը, որը կտեւի մինչեւ հուլիսի 29-ը։
Սիմպոզիումի մտահղացումը Ֆլորենցիայում բնակվող հայաստանցի քանդակագործ Վիգեն Ավետիսինն է, ով այսօր նույնպես ներկա էր միջոցառման բացման արարողությանը։
Սիմպոզիումին մասնակցում են Իտալիայի գեղարվեստի տարբեր ակադեմիաների 22 պրոֆեսորներ, քանդակագործներ եւ նկարիչներ, ինչպես նաեւ 4 քանդակագործ Արցախից։ Միջոցառման պատվավոր հյուրն է Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ջերարդո Լո Ռուսսոն։ Միջոցառման շրջանակներում անվանի քանդակագործները նաեւ դասախոսություններ կկարդան եւ վարպետության դասեր կանցկացնեն երիտասարդների համար։ Սիմպոզիումի կազմակերպիչներն են քանդակագործ, սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսը, արվեստի քննադատ, գեղարվեստական ղեկավար Ֆրանչեսկո Գալլոն, «Նարեկացի» արվեստի միությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը, Երեւանի եւ Շուշիի քաղաքապետարանները։
Բացման արարողության ժամանակ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, նախագահ Նարեկ Հարությունյանը, ողջունելով իտալացի քանդակագործների` Արցախ այցելելու խիզախությունը, ընդգծեց, որ այս միջոցառումը պետք է ներշնչման օրինակ ծառայի մյուս բոլոր արվեստագետների համար, միաժամանակ հույս հայտնեց, որ դեռեւս շատ եվրոպացի արվեստագետներ կայցելեն Շուշի։
Իր խոսքում ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կարեւորելով իտալացի քանդակագործների մասնակցությունը սիմպոզիումին, կարծիք հայտնեց, որ նրանք իրենց ներդրումը կունենան Շուշիի վերածննդի գործում։
«Այսօր բոլորս միասին մի շատ կարեւոր առաքելություն ենք սկսել, որովհետեւ չկա խաղաղություն հաստատելու եւ պահպանելու ավելի ավ միջոց, քան արվեստն է։ Այսօր փորձելու ենք արվեստի միջոցով ավելի կայուն դարձնել խաղաղությունն այս տարածաշրջանում»,- հավելեց նախարարը։
Իսկ միջոցառման գլխավոր հերոսը՝ Վիգեն Ավետիսը, իր ելույթում շեշտեց, որ «գեղեցիկը միշտ հաղթանակում է, ինչպես հաղթանակեց Շուշին, որովհետեւ գեղեցիկով է ստեղծված»։ «Արցախ աշխարհը շատ բան ունի սովորեցնելու ամբողջ աշխարհին։ Շուշիից դեռ մեծ ծրագրեր կծնվեն»,- հույս հայտնեց հայազգի քանդակագործը։
Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ռոբերտո Ջովանելլին վստահեցրեց, որ իրենց աշխատանքները նվիրված են սիրուն, եւ իրենք ցանկանում են, որ այն աշխատանքը, որ ներդրվելու է ծրագրում, ցուցադրվի։ Իսկ նույն ակադեմիայի պրոֆեսոր Լոչիանո Պրետին իր խոսքում ընդգծեց. «Այս քարերը, որ տեսնում եք, մշակվելու են եւ կխորհրդանշեն այն ազատությունը, որն այդքան դժվարությամբ ձեռք եք բերել»։
Արցախ այցելած իտալացի շուրջ 2.5 տասնյակ քանդակագործներ հավանաբար կհայտնվեն Ադրբեջանի «սեւ ցուցակում», սակայն ինչպես վստահեցրին կազմակերպիչները, նրանք գիտեին, թե ուր են գալիս եւ ինչի համար։ Իսկ Վիգեն Ավետիսն էլ նշեց, որ հենց այսպիսի պահերին են անհրաժեշտ արվեստագետների այցերը, որոնք կոչված են խաղաղության հաստատմանը։
Քանդակագործների տրամադրության տակ կա 10 օր. նրանք անձեւ քարերից կստեղծեն արվեստի գործեր, որոնք տեղ կգտնեն Շուշիում ստեղծվելիք բաց երկնքի տակ թանգարանում։