կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-16 11:37
Առանց Կատեգորիա

Ինչո՞ւ չի վերականգնվում Գիլին

Ինչո՞ւ չի վերականգնվում Գիլին

Հաշվարկները ցույց են տալիս, որ մեր երկրի տարածքի ավելի քան 10 տոկոսը զբաղեցնում են ջրային տարածքները, իսկ ճահիճները՝ մոտավորապես 0,4 տոկոս: Հայաստանի բնապահպանության նախարարության պարզաբանմամբ՝ ճահիճների անհետացման հիմնական պատճառն այն էր, որ դրանք արհեստական ձեւով չորացվեցին եւ վերածվեցին գյուղատնտեսական վարելահողերի: Սակայն մասնագետները տարիներ հետո եկան այն եզրահանգման, որ ճահիճների չորացումը խիստ բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա` խախտելով բնական հավասարակշռությունը:

 

Լավ, իսկ ինչո՞ւ չորացվեց Գիլիի լիճը, այն լի՞ճ էր, թե՞ ճահիճ…

 

Խորհրդային միությունում կայացած այս կարգի որոշումները վերաբերում էին բոլոր 15 հանրապետություններին: 1950-ականներին, երբ միության մայրաքաղաքում որոշվեց անծայրածիր երկրում սկսել ճահիճների չորացումը, Հայաստանը նույնպես անմասն չմնաց այս գործընթացից, եւ ՀՍՍՀ ղեկավարները համարելով, որ ամենամեծ «ճահիճը» Գիլի լիճն է, 1959 թվականին իրենց հերթին որոշում կայացրեցին՝ սկսել լճի ցամաքեցման աշխատանքները: Ըստ որոշման՝ այդ տարածքը հետագայում պետք է վերածվեր հացահատիկային մշակաբույսերի ցանքսատարածքի, որովհետեւ գյուղմասնագետների պնդմամբ, այս հողակտորը բերրի է ու հարուստ հումուսով:

 

Մինչդեռ այսօր որոշ «մասնագետներ» իրենց եզրակացություններում պնդում են, թե Գիլին ցամաքել է Սեւանի մակարդակը իջեցնելու հետեւանքով։ Սակայն պարզվում է, որ երբ այդ թվականներին Սեւանի մակարդակը իջել էր 14-15 մետրով, 1000 հա տարածք ունեցող Գիլիի իր մեջ ընդունել է Մասրիկ գետի ջրերը, որտեղ ինքնամաքրվելով, մոտ 200 մետրանոց գետով հոսում էին դեպի Սեւան:

 

Սեւանի մակարդակը իջնելուց հետո նույնիսկ Գիլին պահպանել է իր  մակարդակը եւ, որպեսզի լիճը չորացվի, փոխվել է Մասրիկ գետի հունը:

 

Սակայն որոշ ժամանակ անց, նույն տեղում, ըստ մասնագետների, ստորերկրյա ջրերի հաշվին երկար տարիներ պահպանվել է ճահիճ: Այնուհետեւ ստիպված հատուկ դրենաժի կառուցումով  հեռացվել են նաև ճահճի ջրերը, որպեսզի մի կերպ կարողանան չորացնել լիճը: Նշենք նաեւ, որ մինչ օրս այդ դրենաժով դեռ ջուր է հոսում:

 

Հակառակվելով մասնագետների եւ բնապահպանների կարծիքին, Հայաստանի  բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիռոյանը մինչ օրս այն կարծիքին է, որ լճի չորացումը պայմանավորված է գետերի հունի փոփոխմամբ, ինչպես նաև՝ Մասրիկ գետի հզորության թուլացմամբ: Ըստ Ա. Զիռոյանի՝ Գիլիի չորացմանը նպաստեց նաև Սեւանա լճի մակարդակի կտրուկ իջեցումը:

 

Հիշեցնենք, որ Մասրիկ գետով  տարեկան հոսում է մոտավորապես 150 մլն խմ ջուր, որի միայն 30-40 տոկոսն է հասնում Սեւանին:

 

Մերօրյա բնապահպան պաշտոնյաները՝ մեղադրելով խորհրդային իշխանություններին, պնդում են, որ այն ժամանակ Գիլիի հանդեպ հատուկ վերաբերմունք եւ լճի նկատմամբ պահանջարկ չի եղել:

 

Ինչ դեր ուներ Գիլին` Սեւանի համար

 

Մասնագետները պնդում էին, որ Գիլին կրկնությունն էր Սեւանի, որտեղ ուղղակի ավելի արագ եւ ակտիվ էին ընթանում կենսաբանական գործընթացները:

 

Ա. Զիռոյանի պնդմամբ՝ Գիլին մի քանի խնդիր էր լուծում. առաջին՝ Մասրիկ գետի ջրերի համար հանդիսանում է ֆիլտր, երկրորդ՝ թռչնաշխարհի միգրացիոն կացարան, երրորդ՝ ձկնաշխարհի բազմացման լավ պայմաններ ապահովող վայր: Նշենք, որ ժամանակին լիճը ունեցել է հզոր կենսաբազմազանություն, որտեղ բուսաշխարհից հայտնաբերվել են 200-220 բարձրարձակ ծաղկավոր, մի շարք ցածրարձակ բույսեր, ինչպես նաև՝ որոշ ջրիմուռներ: Հայաստանում հայտնի թռչնաշխարհի 351 տեսակներից` 247-ը հայտնաբերվել են Գիլիում, որոնցից էլ շուրջ 170- ը ձմեռել են Գիլիի «թռչնահյուրանոցում»: Լճի անհետացումից հետո շրջակայքում անհետացան տասնյակ տեսակի ջրլող թռչուններ՝ բադերի տարբեր տեսակներ եւ ջրային միջավայրով սնվող թռչուններ, ինչպիսին է, օրինակ, հայկական որորը:

 

Գիլի լճի վերացումից հետո թռչնաբանները կարծել են, որ որոշ թռչնատեսակներ չեն հաստատվի Հայաստանի մեկ այլ տարածքում: Սակայն այդ տարիներին Արմաշի ձկնաբուծական տնտեսությունների ստեղծումը օգնություն եղավ, եւ այդ տեսակները լիովին վերականգնվեցին հարթավայրի արհեստական ջրային տարածքներում: Օրինակ՝ մեծ ձկնկուլին, որը հաստատված է եղել Սեւանի եւ Գիլիի տարածքներում, այսօր ժամանակ առ ժամանակ կարելի է հանդիպել Արարատյան հարթավայրում:

 

«Գիլիի ջրերում հաշվառված են եղել երկկենցաղների 3 տեսակներ»,- ասում է պրն Զիրոյանը: Իսկ ձկնաբանների պնդմամբ, լճում իրենց լավ են զգացել կողակը, բոջակը, գեղարքունին, իշխանի ամառային եւ ձմեռային տեսակները, որոնց համար Գիլին եղել է ձվադրման եւ բազմացման վայր, որից հետո անցել են Սեւան: 

 

Ով որոշեց վերակագնել Գիլին

 

Դեռեւս 1986 թվականին, երբ նոր կազմավորված Բնապահպանության կոմիտեն ղեկավարում էր Հենրիկ Արզումանյանը, նա հարց բարձրացրեց վերակագնել Գիլին: Նա այդ հարցով փորձել է զբաղվել դեռեւս 1961թ., երբ Վարդենիսի շրջանային սովետի նախագահն էր, սակայն ապարդյուն: Արդեն 7 տարի է՝ բնապահպանության նախարարությունը ՙԳլոբալ էկոլոգիական հիմնադրամի՚ (ԳԷՀ) աջակցությամբ հանձն է առել վերականգնել Գիլին: ԳԷՀ¬ը պատրաստ է անգամ անհետացած լճի վերականգման համար տրամադրել շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար:

 

Սակայն ոլորտի մասնագետները այն եզրահանգման եկան, որ միայն Գիլիի ֆիզիկական վերականգնումով չի կարելի հարցը լուծված համարել, քանի որ դրանից հետո միայն 3 տարի այդ տարածքում պետք է կատարվեին ուսումնասիրություններ, ինչը լրացուցիչ գումարներ կպահանջեր:

 

Հաշվարկները ցույց են տալիս, որ բուն լճի վերականգնումը այն ժամանակ կպահանջեր 400 հազ. դոլար: Նախ սկզբում պետք էր վերակագնել Մասրիկի հունը եւ ջրերի մի մասն ուղղել Գիլիի տարածք, նոր միայն՝ Սեւանա լիճ: Բնապահպաներն անգամ ուրախ էին, որ շրջակայքի էկոլոգիական նախկին հավասարակշռությունը վերականգնելու համար այստեղ որոշվել էր կառուցել նաեւ ձկնաբուծարան: Հիշեցնենք նաեւ որ վերականգնման ծրագրին իրենց մասնակցությունն էին բերել 32 փորձագետներ:

 

Խմբում աշխատած Արամ Գաբրիելյանը պատմում է, որ երկար ժամանակ էր պետք ապացուցելու համար, որ այդ տարածքում լիճ եղել է: Հենց այդ ժամանակ Ազգային արխիվից հայտնաբերվում են հայտնի հետազոտող Դալիի քարտեզները, որոնցով ապացուցվում է Գիլիի գոյության փաստը:

 

Սակայն անհասկանալի պատճառներով լճի վերակագնման անշխատանքները դադարեցվեցին: Լուրեր տարածվեցին, որ աշխատանքների ընդհատումը կապված է դոլարի փոխարժեքի անկման հետ: Սակայն հատկացված գումարով նախատեսվում էր նախկին 1000 հա լճի տարածքից վերակագնել 586 հ-ն՝ 8 մլն խմ ծավալով: Այս դեպքում լճի ջուրը կբարձրացվեր ընդամենը 40 սմ-ով, չնայած առանձին կետով սահմանված է, որ որոշ հետազոտություններից հետո, գուցե հետագայում Գիլիի ջրի մակարդակը բարձրացվի: Մասնագետները սա բացատրում են նրանով, որ ջուրը այնքան պետք է լինի, որ ազատ ջրային տարածքներն ամբողջությամբ եղեգով չծածկվեն։ Որոշ մասնգետներ էլ պնդում էին, որ ջրի խորությունը պետք է լինի 2,5 մետր: Հաշվարկները ցույց են տալիս, որ, եթե, օրինակ, Մասրիկ գետը ուղղվի դեպի Գիլի, ապա  ընդամենը մի քանի օրում լիճը կգոյանա, սակայն լիճը զգուշությամբ պետք է լցնել, որպեսզի այլ խնդիրների առջև չկանգնենք:

 

Կենսառեսուսների կառավարման գործակալության պետի համար Գիլիի վերականգնումը հին տարածքում ողջունելի չէ. «Այդ տարածքի հողերը բերրի են եւ հումուսով հարուստ, ու պետք չէ բերքատու հողերը թողնել ջրի տակ, այն դեպքում, երբ կարելի է այդ նույն հողերում աճեցնել հացահատիկ»:

 

Զիրոյանը, սակայն, առաջարկել է այլ տարբերակ. լիճը վերականգնել ազգային պարկի տարածքում՝ Գիլիից մի փոքր ցածր գտնվող նախկին տորֆի հանքերի տեղում, որոնք այսօր անօգտագործելի ու լքված տարածքներ են: Սակայն ինչպես ֆինանսավորող հիմնադրամն է պնդում, լիճը պետք է վերականգնել պատմական տեղում, այլապես գումարներ չեն տրամադրվի: «Լավ կլինի՝ պատմական լիճը վերականգնենք, բայց թե ինչպիսին կլինի նրա վերջնական տեսքը, ես դժվարանում եմ ասել, քանի որ գումար տրամադրողները պնդում են լիճը նույն տեղում վերականգնել, իսկ ես դա սխալ եմ համարում»,- ասում է Ա. Զիրոյանը՝ հայտնելով, որ Գիլին հետագայում նախատեսվում էր օգտագործել որպես էկոտուրիզմի զարգացման վայր:

 

«Երկիր»-ի տվյալներով, այսօր Գիլիի խնդիրը օրակարգից հանված չէ, սակայն բնապահպանության նախարարությունում անգամ չեն հիշում, թե որ թվականին է ստորագրվել լճի վերականգնման քառակողմ հուշագիրը:  Դեռ 2005 թվին Գիլի լճի վերականգնման համար ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՀՀ բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Նորակերտի համայնքի միջեւ ստորագրվեց հուշագիր:

 

Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը նույնպես շահագրգռված էր վերակագնելու Գիլին եւ հաճախ նշում էր, որ լճի անհետացումով տասնյակ թռչնատեսակներ անհետացել են Սեւանի ավազանից: Ժամանակին նա հայտարարել էր նաեւ, որ այն Սեւանի էկոհամակարգի վերականգնման բաղկացուցիչ մասն է: Ըստ համաձայնագրի՝ 1 մլն դոլարանոց ծրագիրն ավարտելուց եւ հետագայում  Գիլի լճի շահագործումից հետո, այն շահագործման համար պետք է տրամադրվեր Նորակերտի համայնքին:

 

Գիլիի շրջակայքում տեղավորված Նորակերտ, Մեծ Մազրա, Փոքր Մազրա գյուղերի սեփականաշնորհված հողերի փոխհատուցումը նախատեսվում էր իրականացնել այդ համայնքների պահուստային հողերի հաշվին: Սակայն դա ակնհայտորեն ձեռնտու չէ լճի տարածքում ցանքատարածություններ ունեցող տնտեսվարողներին, մինչդեռ ինչպես մեզ հայտնեցին լճի վերականգնման ծրագրի համակարգող «Խազեր» էկոլոգիական- մշակութային կազմակերպությունից, իրենք, տարիներ առաջ այդ  համայնքներում իրականացնելով սոցիոլոգիական հարցումներ, պարզել են, որ  գյուղացիների մեծ մասը համաձայն է եղել ծրագրի բովանդակությանը: 

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ