կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-08 13:16
Հասարակություն

Նրանց համար դրախտը Հայաստանն է

Նրանց համար դրախտը Հայաստանն է

«Անդրանիկ» սկաուտական ճամբարի արդեն չորրորդ սերունդն է հանգրվանում Լոռու մարզի Թեժ լեռ կոչվող վայրում: Այս տարի առաջին հերթափոխով 46 սկաուտ է ժամանել Իրանից,  եւս 65-ը Ուրուգվայից, նրանց են միացել Երևանի օգնական խումբը եւ Լիբանանի 4 հոգանոց խմբակը:

Արդեն չորրորդ տարին է` հուլիս-օգոստոս ամիսներին տարբեր երկրների մեր հայրենակիցները 14 օրով հանգրվանում են Թեժ լեռում` այդ օրերին ահսցնելով լինել նաեւ հանրապետության շատ վայրերում` Էջմիածնում, Ծիծեռնակաբերդում, Սարդարապատում, Խոր Վիրապում եւ այլուր, այցելում են նաև զորամասեր, Հայորդաց տներ:

Այս տարի Ուրուգվայի խումբը, որն առաջին անգամ էր հայրենիքում, երաժշտական ներկայացում էր բեմադրել Վանաձորի Հայորդաց տանը, որի համար մասնակիցները 6 ամիս հայոց լեզվի, արտասանության ու առոգանության դասընթացներ էին անցել:

«Անդրանիկ» սկաուտական ճամբարի ընդհանուր պատասխանատու Գևորգ Սանթուրյանն ասաց, որ Ուրուգվայի խումբը երեք տարի պատրաստվել է այս այցին: «Օվկիանոսից այն կողմ ապրողների համար այստեղ հասնելը շատ դժվար է: Երբ նրանք իջան ավտոբուսից, հիացմունքով իրար ասացին, որ արդեն դրախտում են: Երեք տարի է` լեզու են սովորում: Բեմադրությունն էլ «Ուրախ ավան» էին անվանել, որը Հայաստանն է, Ուրախ լեռն էլ Արարատն է նրանց համար»,- նշեց նա:

Հարցին, թե ի՞նչն է ձգում Հայաստանում, հայ պատանիները պատասխանում են` հենց Հայաստանը`իր ամեն ինչով:

Երկրորդ հերթափոխին Թեժ լեռում հյուրընկալվելու են Կալիֆոռնիայի ու Սիրիայի խմբերը:

Աննա Պեչենևսկայա