կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 20:44
Մշակույթ

BookCrossing-ը հուլիսի 3-ին կանցնի բոլոր խաչմերուկներով

BookCrossing-ը հուլիսի 3-ին կանցնի բոլոր խաչմերուկներով

BookCrossing-ը շարժում է, որն ուղղված է  ընթերցասեր հասարակությանը` եւս մեկ անգամ հաճելին ու օգտակարը միատեղելու նպատակով:

Հուլիսի 3-ին` ժամը 18-ին, Կասկադի այգում` Ա. Թամանյանի արձանի հետեւի մասում, BookCrossing-ն անհամբեր սպասելու է բոլոր նրանց, ովքեր պատրաստ են իրենց սիրելի գիրքը նվիրել անծանոթ մի ընթերցասերի եւ փոխարենը նվեր ստանալ նրա սիրելի գրքերից մեկը:

BookCrossing Armenia-ի կազմակերպիչները կբաժանեն իրենց տարբերանշանը եւ համապատասխան գրությունները, որոնք կփակցվեն գրքերի վրա: Այնուհետեւ բոլոր մասնակիցներն իրենց գրքի մեջ կգրեն իրենց անուն-ազգանունը (ցանկության դեպքում` հեռախոսահամար) եւ կփոխանակեն գրքերը:

BookCrossing-ն առաջին անգամ Հայաստանում է. ԵՐԿԻՐ-ին տեղեկացրեց շարժման նախաձեռնող Արման Ղարիբյանը: Նրա խոսքերով` շարժման նպատակն ամբողջ աշխարհը գրադարանացնելն ու մարդկանց մեջ գրականության նկատմամբ սեր արթնացնելն է: «Նման շարժման միջոցով ցանկանում ենք զարգացնել ընթերցանությունը, եւ շատ մարդկանց ներգրավել BookCrossing-ի մեջ: Բայց ներգրավել ասածը հարաբերական է, քանի որ գիրք կարդացողն այսպես, թե այնպես կարդում է, չկարդացողն էլ` չի կարդում»,-ասաց Ղարիբյանը:

Հարցին, թե ինչպես ծնվեց այս շարժումը Հայաստան «ներմուծելու» գաղափարը, Ա.Ղարիբյանը պատասխանեց, որ Հայաստանում ընթերցասերները նույնիսկ տեղեկացված չէին այս հիանալի շարժման մասին: «Ուստի, մեծ ջանքեր գործադրելով, մենք եւս փորձեցինք հետ չմնալ եւ միջազգային չափանիշներին համապատասխան` այն Հայաստանում էլ անցկացնել»,- նշեց Ա.Ղարիբյանը` հավելելով, որ շարժման օրինակով կարող ենք ցույց տալ ամբողջ աշխարհին հայ մարդու իրական` կարդացող դեմքը:

Շարժման նախաձեռնողները ցանկանում են միջոցառման միջոցով գիրքը չարիք համարող մարդկանց եւս մեկ անգամ իրենց համոզմունքներում կասկածելու առիթ տալ, եւ արդյունքում գտնել նոր` ընթերցասեր ընկերներ:

Ա. Ղարիբյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում իրենք, հասնելով մեծ հաջողությունների, ոչ միայն հնարավորություն կունենան մրցել միջազգային BookCrossing-ի հետ, այլ նաեւ կգերազանցեն նրանց` մասնակիցների թվով:

Նշենք, որ սոցիալական կայքերում տարածված հաղորդագրության համաձայն` ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն մոտ 500 մարդ...

Միջոցառումը կկրի շարունակական բնույթ, թե ոչ` կախված է յուրաքանչյուրիս ակտիվությունից:

Պերճուհի Գեւորգյան