կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 14:04
Առանց Կատեգորիա

Իսրայել-Թուրքիա հարաբերություններն ու Ցեղասպանության ճանաչումը

Իսրայել-Թուրքիա հարաբերություններն ու Ցեղասպանության ճանաչումը

Հունիսի19-ին Իսրայելի Կնեսետը քննարկեց Ցեղասպանության հիշատակի օր ընդունելու մասին օրինագիծը, որի ընդունման դեպքում այդ օրը կդառնա պարտադիր դպրոցական կրթական ծրագրում ընդգրկելու համար:

Մեր հարցերին պատասխանում է Իսրայելի ռուսալեզու cursorinfo.co.il գործակալության խմբագիր Մաքս ԼՈՒՐՅԵՆ, որը հայտնի էր ԽՍՀՄ-ում, երբ աշխատում էր «Ֆերգանսկայա պրավդա» թերթում:

- Ձեր կարծիքով` Թուրքիայի հետ առկա ռազմավարական հարաբերությունները թույլ կտա՞ն Իսրայելի Կնեսետին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

- Իմ կարծիքով՝ ոչ մի ռազմավարական գործընկերություն չի կարող պատմական արդարության դեմ գնալ եւ վերաձեւել իրական փաստերը հօգուտ այս կամ այլ շահերի: Իսրայելցիների, ընդհանրապես հրեա ժողովրդի համար ցեղասպանության թեման հատկապես զգայուն է: Հենց այդ պատճառով էլ Իսրայելի խորհրդարանում գոյություն ունի լոբբի, որը ձգտում է 1915 թվականի իրադարձությունները ճանաչել որպես Հայոց ցեղասպանություն:

Սակայն մի շարք պատճառներով նման որոշումը ձգձգվում է: Նախեւառաջ, այլախոհները հրաժարվում են 1915 թվի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն՝ այն հիմքով, որ հայերի զանգվածային բնաջնջում չի եղել այն ժամանակ Օսմանյան կայսրության մաս կազմող Պաղեստինում: Այն դեպքում, երբ ցեղասպանությունը ենթադրում է գործողություններ, որոնք կատարվում են` նպատակ հետապնդելով ամբողջովին ոչնչացնել որեւէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբ:

Կրոնական կամ հրեական ավանդույթներ ունեցող պատգամավորները չեն ուզում զուգահեռներ անցկացնել հայերի Ցեղասպանության եւ եվրոպական հրեաների Աղետի միջեւ: Հենց այդ պատճառով էլ հոգում հայերին համակրող շատ պատգամավորներ զերծ են մնուն 1915 թվականի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն՝ վախենալով, որ դրան կհետեւեն կոչեր Բալկանների ջարդերի, Գոլոդոմորի, Իդի Ամինի եւ այլնի վերաբերյալ:

Երկրորդ, իսրայելցի պատգամավորների դիրքորոշման վրա լուրջ ազդեցություն է ունենում ԱՄՆ պետդեպարտամենտը, որը դեռեւս չի կողմնորոշվել՝ ինչ վերաբերմունք ունենալ Հայոց ցեղասպանության նկատմամբ: Որպես ռազմավարական գործընկերներ` իսրայելցիներն ստիպված են լսել Վաշինգտոնի կարծիքը տվյալ հարցի մասին:

Երրորդ, բացի թուրքամետ լոբբիից, Ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտում է նաև Ադրբեջանը: Խոսքը առեւտրի եւ ներդրումների մասին է, որոնք հասնում են հարյուրավոր միլիոնների, իսկ եթե հաշվենք նաեւ ադրբեջանական նավթի առաքումները, ապա ապրանքաշրջանառության ծավալները հասնում են չորս միլիարդ դոլարի:

Եվ չորրորդ, Իսրայելը իրականում ստիպված է հաշվի նստել Թուրքիայի դիրքորոշման հետ, որը լուրջ աշխարհաքաղաքական գործոն է Մերձավոր Արեւելքում:

- Իսկ ինչպե՞ս կազդի Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերջերս լարված իսրայելա-թուրքական հարաբերությունների վրա:

- Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայում կգնահատվի որպես դեմարշ Իսրայելի կողմից եւ կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների` ընդհուպ մինչեւ դիվանագիտական հարաբերությունների խզում: Թուրքիայի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ այնքան ագրեսիվ է եւ ոչ կառուցողական, որ Անկարան միանշանակ կօգտվի նման առիթից՝ նոր դիվանագիտական գրոհներ ձեռնարկելու Երուսաղեմի դեմ: Հարաբերությունների սառեցումը Թուրքիայի հետ, որը փորձում է իր ազդեցությունն ամրապնդել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ մուսուլմանական աշխարհում՝ Իսրայելի քննադատության հաշվին, ավելի իրատեսական են դարձնում այն հույսերը, որ մեր խորհրդարանը պաշտոնապես կճանաչի Ցեղասպանության փաստը:

- Չե՞ք կարծում, որ Հայաստանի եւ Իսրայելի պատմություններն ինչ-որ տեղ նման են: Ի՞նչն է խոչընդոտում, որ երկու երկրները հաստատեն ռազմավարական գործընկերություն:

- Իսրայելը եւ Հայաստանը ունեն ընդհանուր ողբերգական ճակատագիր: Երկու ժողովուրդներն էլ տեսել են բռնազավթում եւ սփռվել աշխարհով մեկ, դարեր հետո վերստեղծել են իրենց ազգային տունը: Շատ խորհրդանշական է, որ բիբլիական Նոյը, փրկվելով համաշխարհային հեղեղից, ապաստան է գտել հենց Արարատ լեռան վրա: Խորհրդանշական է, որ Երուսաղեմում՝ քրիստոնեության եւ հուդաիզմի սուրբ քաղաքում, գոյություն ունի հայկական թաղամաս, իսկ Հայաստանում միշտ հարգանքով են վերաբերվել հրեա ժողովրդին:

Իսրայելում գոյություն ունի Իսրայել-Հայաստան խորհրդարանական ընկերակցություն, սակայն, իմ կարծիքով, հարաբերությունները երկրների միջեւ հեռու են այն վիճակից, որը համապատասխանում է երկկողմ հարաբերություններին: Դժվար է ասել, թե որ կողմի մոտ է բացակայում նախաձեռնությունը, սակայն միանշանակ է, որ շփումները պետք է լինեն ավելի ակտիվ եւ գործնական:

Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ