կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 15:32
Հասարակություն

Ոչնչացնել ուրիշին, ով տարբերվում է քեզանից, սա է ցեղասպանության հիվանդությունը. Իսրայել Չարնի

Ոչնչացնել ուրիշին, ով տարբերվում է  քեզանից, սա է ցեղասպանության հիվանդությունը. Իսրայել Չարնի

Այսօր Մարզահամերգային համալիրում ընթացող` «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումում ելույթ ունեցավ Երուսաղեմի ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին:

 

Նա առաջարկ ուներ, որ ցեղասպանությունից տուժած երկրները միավորվեն և ստեղծեն համաշխարհային կազմակերպություն: «Առաջարկում եմ ստեղծել «Կյանքի իրավունքների համար պետությունների միավորում» կազմակերպություն»,- ասաց Չարնին:

 

Նա մեջբերեց 1915թ. ծայրահեղական խմբավորման մի փաստաթուղթ, որում կոչ էր արվում. «Սպանեք դրանց, և Աստված կպատվի ձեզ, Աստված բերկրանք կտա ձեզ, եթե խոցեք անհավատների սիրտը: Որտեղ էլ նրանք հայտնվեն, սպանեք նրանց` ձեր հրացանի կրակով, ձեր սրով: Ջիհադ: Փչեք շեփորն ամենուր: Օ, Ալլահ, ոչնչացրու անհավատներին, քո կրոնի թշնամիներին, նրանց երեխաներին որբ սարքիր, բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում Մուհամեդին»:

 

Իսրայել Չարնիի խոսքով՝ այսօր նման գաղափարախոսությամբ է գործում «Իսլամական պետություն»-ը Սիրիայում ու Իրաքում: Բանախոսը հիշեցրեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ԱՄՆ-ում, ՀԱՄԱՍ-ի գործողությունները`  Գազայում, Պաղեստինում ու Իսրաելում, թալիբներին...

 

«Այս ցուցակը կարելի է շարունակել, այս ամենը մեկ ընդհանուր հայտարար ունի` ոչնչացնել ուրիշին, ով տարբերվում է քեզանից, սա է ցեղասպանության հիվանդությունը, ախտը»,- ասաց Իսրայել Չարնին:

 

Ըստ նրա` իր առաջարկը՝ ստեղծել ցեղասպանության ենթարկված ժողովուրդների համաշխարհային միություն, իր մեջ բազմաթիվ գաղափարներ է կրում: Չարնիի խոսքով՝ ցեղասպանագետները նման են բժիշկների, ովքեր ախտորոշում են ու ներկայացնում բուժման մեթոդները, որ հետագայում բացառվի ցեղասպանությունը:

 

«Եվ եթե այդ միության մեջ առաջատար դեր ստանձնի Հայաստանը, այն կարող է հուժկու դեր ունենալ ցեղասպանության կանխարգելման գործում, և Հայաստանը կարող է առաջնորդել այլ երկրների դեպի նոր բարձունքներ»,- ասաց Իսրայել Չարնին: