կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 11:11
Առանց Կատեգորիա

Ինստիտուցիոնալ "էլիտարացում"

Ինստիտուցիոնալ "էլիտարացում"

Խորհրդային տարիներին մեր հասարակության մեջ գոյություն ուներ «քաղքենիների» մի ստվար շերտ, որը կյանքը, մարդուն ու արժեքները գնահատում էր միմիայն մեկ չափանիշով՝ փողով: Բայց քանի որ կոմունիստական հասարակարգում օրինական փող շատ քչերն ունեին, եւ նրանք, ովքեր ունեին՝ ձգտում էին առանձնապես այն ի ցույց չդնել, իսկ պետության պատժիչ համակարգն էլ, իր հերթին, ամեն կերպ «ապահովում» էր բոլորի հավասարության պատրանքը, քաղքենիների այդ շերտն իր ծավալով շատ ընդգրկուն չէր, հնարավորություններով չափազանց սահմանափակ էր, հասարակության ճաշակի և մարդկային հարաբերությունների ձևավորման վրա նրա ազդեցությունն էլ` խիստ աննշան:

Անկախության առաջին տարիներին կենցաղային դժվարությունների ու պատերազմական պայմանների թելադրած պահանջները անհարիր էին հասարակության այդ շերտի մտածելակերպին, և նրանց ճնշող մեծամասնությունը թողեց Հայրենիքը և ապաստան գտավ օտար ափերում: Սակայն «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Դժվար այդ տարիներին, երբ «փող աշխատելու» հնարավորությունը տրվեց ինտելեկտով, կրթությամբ ու գիտելիքով առանձնապես չփայլող, բայց զոռբայությամբ ու պետական հովանավորությամբ, իրեն ծառայող հաստավիզ ու միայն «կենդանի քաշով» աչքի ընկնող «ճանապարհ հարթողներով» շրջապատված մի անհասկանալի զանգվածի, իսկ պետական քարոզչամեքենան էլ նրանց շուրջ ստեղծեց ամենազորության «լուսապսակ», հասարակությունը, կարծես, կորցրեց իր ավանդական բարոյական ուղենիշները:

Հասարակության մեջ վարքագծի կանոնները թելադրողը և մոդայի օրենսդիրը դարձավ «Իմ ախպերս» երգի տակ Adidas մարզահագուստով և ոսկյա «ժնջիլով» ինքնամոռաց «պարող» ագրեսիվ շերտը: Սա էլ հենց դարձավ «էլիտան»: Համապատասխանաբար՝ նրանք գնեցին «էլիտար» մեքենաներ, սկսեցին ապրել «էլիտար» շենքերում, հանգստանալ «էլիտար» հյուրանոցներում, նրանց երեխաներն ընդունվեցին բուհերի «էլիտար» ֆակուլտետներ, առանձնացան քաղաքի «էլիտար» դպրոցներում:

Այսօր հերթը հասել է «էլիտար» մանկապարտեզներին: Իսկ ամենատխուրն այն է, որ այս «էլիտայի» և նրա «էլիտար» սերնդի համար սա Հայրենիք չէ, սա մի վայր է, որտեղ նրանք ունեն անպատիժ ու անվերահսկելի կապիտալ կուտակելու հնարավորություն: Հուսով ենք` առայժմ: