կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-15 04:18
Քաղաքական

Դրականի սպասումներ չկան, բայց դա էլ դրական է

Դրականի սպասումներ չկան, բայց դա էլ դրական է

Հակառակ այն բանին, որ միջազգային լրատվամիջոցները հույս են ներշնչում, թե ինչ-որ առաջընթաց կլինի հունիսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպումից, հայկական կողմը դրա ակնկալիքներն ունենալու հիմք չունի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշեց, որ նորմալ բանակցություններ վարելու համար հիմնական խոչընդոտը Ադրբեջանի կեցվածքն է:

Բանախոսը նշեց, որ կողմերի վրա միջազգային հանրության` ի դեմս միջորդ երկրների, ճնշումը զգալի է, սակայն այն հազիվ թե պարտադրանք դառնա եւ կողմերի ցանկություններին հակառակ որեւէ որոշում ընդունելու պահանջ լինի. «Միջնորդները փորձում են ստեղծել մթնոլորտ, թե իբր ճնշման տակ կողմերը ինչ-որ բաների պետք է համաձայնեն, բայց, կարծում եմ, որ Ադրբեջանն իր կեցվածքը մինչեւ ամսի 25-ը չի փոխի»:

Կ. Մանոյանը բացատրեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է հայտարարել, թե իրենց համար կոնֆլիկտի լուծման միակ տարբերակն այն է, որ Արցախին տրվի ինքնավարություն` Ադրբեջանի կազմում, ինչը, իհարկե, անհեռանկարային է:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների այն լավատեսական հայտարարություններին, թե բանակցային գործընթացում առաջընթաց կա, Կ. Մանոյանը բացատրեց նրանով, որ Ադրբեջանը ցանկանում է ընտրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ եւ փորձում է դրական իմիջ ստեղծել:  Այնինչ, իրականում բաժակը շարունակում է կիսադատարկ մնալ, սակայն այն անվանում են «կիսով լեցուն»:

Մյուս կողմից` Ալիեւն իր ելույթներում ենթատեքստային հայտարարություն է արել, թե Կազանը վերջին հնարավորությունն է եւ հղում արել միջազգային իրավունքին, համաձայն որի` իրենք իրավունք ունեն «իրենց տարածքներն ազատագրելու» համար ուժ գործադրել, այսինքն` վերսկսել պատերազմը:

«Բայց կարծում եմ, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե վստահ լինի, որ հաղթելու է: Իսկ առ այսօր ո'չ ինքն է դրանում վստահ, ո'չ էլ միջազգային փորձագետներն են այդ մասին վկայում: Ճիշտ է, իրենք մեծ գումարներ են ծախսում ռազմատեխնիկայի վրա, բայց հիմք չկա ասելու,  որ իրենք կկարողանան պատերազմը շահել»,- ասաց Կ. Մանոյանը:

Իսկ հարցին, այնուամենայնիվ, Կազանը ի՞նչ կտա, արդյո՞ք որեւէ փաստաթուղթ կստորագրվի, բանախոսը նշեց, թե հավանական է, որ այնտեղ դրական տրամադրություններով ավարտվեն բանակցությունները, սակայն իրական լուրջ տեղաշարժ չլինի:

Սակայն ինքնին դրական կլինի այն, եթե ներկայիս վիճակը շարունակվի, բանակցությունները փակուղում չհայտնվեն, քանի որ բանակցությունների տապալումը նշանակում է պատերազմի վերսկսում, ինչը չի բխում ո'չ Ադրբեջանի, ո'չ էլ հայկական կողմի շահերից:

Կիրո Մանոյանը նշեց, որ բանակցությունների գործընթացը երկարատեւություն է ենթադրում. ներկայումս բանակցությունների սեղանին Մադրիդյան սկզբունքներն են, որոնք երկու կողմերի ստորագրումից հետո անմիջապես չեն գործադրվելու: Դրանից հետո բանակցությունները շարունակվելու են այդ սկզբունքների հիման վրա մեկ այլ` գլխավոր փաստաթուղթ ստեղծելու եւ ստորագրելու շուրջ: