Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրինակ, ինչպես կարելի է անվանել այն, որ մարդ իր կարողությունները շատ բարձր է գնահատում: Ինքնահավանությո՞ւն: Չէ, է: Բա Զուրաբյանը ինքնահավան տղա է՞: Մարդն ընդամենը ասում է, որ ՀԱԿ պատվիրակությունը կազմելիս գնացել են ամենառացիոնալ ճանապարհով` ընտրել են ամենահմուտ բանակցողներին: Յա՜ա՜ա՜… Ի՞նչ: Հապա մի տեսեք՝ ինչ տղերք են դուրս մնացել:
Չէ, շատ էլ ռացիոնալ չի, պարոն Զուրաբյան, իսկի ռացիոնալ չի: Այդ պատվիրակությանը մի փոքր շուք հաղորդելու համար պետք է ձեր ունեցած երկու նախկին վարչապետերից մեկին ընդգրկեիք: Գոնե Հրանտ Բագրատյանին, որն իր հարյուր քայլանոց կոմբինացիայով հաստատ իշխանությանը կհամոզեր, որ երկիրը սխալ տեղ են տանում: Մենք էլ ենք հասկանում, որ մինչեւ նա իր հարյուր քայլը մեկիկ-մեկիկ բացատրեր, հերթական ընտրությունների ժամանակը կգար: Բայց որքա՞ն մեծ կլիներ օգուտը, չե՞ք կարծում: Թե չէ դանակը դրել խեղդում եք` արտահերթ ընտրություններ հիմա՜… այլապես ձեզ համար վատ կլինի՜: Վա՞տ կլիներ, որ Բագրատյանը ծանր-ծանր գար, նստեր սեղանի շուրջ ու հայտարարեր` գրում են բոլորը` քայլ մեկ… եւ այսպես մինչեւ 100:
Ասացեք, խնդրեմ, ՀԱԿ-ին պետք էին հմուտ բանակցողներ: Դրանցից մեկն էլ, երեւի, Դավիթ Շահնազարյանն էր, չէ՞: Նրան որեւէ մեկը բանակցելիս տեսե՞լ է: Ես, օրինակ, եթե հիշողությունս չի դավաճանում, մի անգամ՝ 2008 թվականի մարտի 1-ին, տեսել եմ, թե նա ինչպես էր զրուցում ոստիկանների հետ: Նրա վարած բանակցության արդյունքը հայտնի է ամենքին, եւ, կարծում եմ, կարիք չկա նորից վերհիշել այդ օրերի ՀԱԿ-իշխանություն երկխոսության մանրամասները: Բացի այդ, Դավիթ Շահնազարյանը մի թույլ կողմ էլ ունի: Չնայած իր զբաղեցրած նախկին պաշտոնին, նա դժվարանում է միմյանցից տարբերել քաղբանտարկյալներին ու սովորական հանցագործներին: Մեկ էլ տեսար` բանակցությունների պահին խառնեց` Նիկոլը քաղբանտարկյա՞լ էր, թե այս ողջ ընթացքում նրանից քաղաքական դեմք էին սարքում:
Տեր-Պետրոսյանի տեղը լինեի` ՀԺԿ-ի ներկայացուցչին այդ մի տեղն էլ չէի տա այս աննախադեպ պատվիրակության կազմում: ՀԺԿ-ից ի՞նչ բանակցող, էն էլ հմուտ: Առաջին իսկ ասուլիսի ժամանակ տեսա՞ք ոնց խայտառակեց: Գազարի գնի շուրջ նրա դատողություններից բոլորը հասկացան, որ ՀԱԿ-ին հետաքրքրողը ոչ թե ժողովուրդն է, այլ արտահերթ ընտրությունը: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե այն, ինչ չի կարելի հերթական ընտրություններով, չգիտես ինչու, կարելի է արտահերթով: Այդ ո՞ր մեխանիզմով պիտի արտահերթ ընտրությունն ազդի գազարի գնի վրա` այդպես էլ ժողովուրդը չհասկացավ, որին, ի դեպ, ավելի շատ հետաքրքրում է հենց գազարի գինը: Պատվիրակության մյուս երեւելիներին այնքան էլ լավ չենք ճանաչում, կխոսեն` կհասկանանք… Ո՞վ իմանա, գուցե պարզվի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին դիվանագետ են աշխատել աֆրիկյան երկրներում ու ցեղային առաջնորդների հետ շփումների մեծ փորձ ունեն:
Գանք ամենագլխավորին` Զուրաբյանի բանակցային հաջողություններին: Խոսք չկա, լավն է, լավ կադր է: Անաստաս Միկոյանի մասին պատմում են, որ նա հաջողացրել է Կանադայի` սառույցների մեջ ապրող էսկիմոսների վրա սովետական սառնարաններ վաճառել: Իսկ նրա չուզողները փնովում են, թե նա շատ ավելի մեծ հաջողությամբ 10-15 կիլոգրամանոց մուրճեր է վաճառել Գերմանիային: Այնքան, որ երբ 1941 թվականին նստել են հաշվելու, տեսել են, որ Գերմանիայում յուրաքանչյուր շնչին արդեն 10-15 կվալտ է հասնում: Թե ինչ տեսքով այդ մուրճերը դարձյալ հայտնվեցին ՍՍՀՄ տարածքում, այն ժամանակ բոլորը տեսան: Միկոյանից շատ լավը չլինի Զուրաբյանը, բայց դիվանագիտության ասպարեզում վերջինիս առաջին քայլերը նույնպես հուսադրող են: Կարող է պարծենալ, որ, չնայած մարտի 1-ի բանակցային գործընթացի անհաջողություններին (այդ օրը նա Դավիթ Շահնազարյանի կողքին էր), Օպերան ինքը միայնակ է գրավել: Զուրաբյանն այդքան շնորհքով չլիներ` Ազատության հրապարակը բացողն ո՞վ էր: Այդ տարածքում խեղճ Րաֆֆի Հովհաննիսյանին մի վրանն ի՞նչ էր, չէին տալիս, բայց, ահա, Զուրաբյանը նվաճեց ողջ հրապարակը:
Նրա հաղթանակի պատվին իշխանությունները, մայիսի 31-ի միտինգին նախորդած օրերին, Օպերայում նույնիսկ «Ռոմեո եւ Ջուլիետ» բեմադրեցին: Բերանով ասելն է հեշտ: Դե դուք էլ փորձեք է՞լի...
Հա` ինչպես կարելի է անվանել այն, որ մարդ իր կարողությունները շատ բարձր է գնահատում: Ինքնահավանությո՞ւն: Չէ, Զուրաբյանի դեպքում հաստատ` չէ: Թե ինչով է աչքի ընկնում Զուրաբյանը, հարգելի ընթերցող, հասկացիր ինքնուրույն, որովհետեւ մենք այդ բառը գտնելու հուսահատ փորձերից հետո անցել ենք նրա մի նոր հատկության ուսումնասիրությանը: Ծանոթի կարգով ասենք միայն, որ ըստ մեզ` «նախագահ» բառը գրվում է փոքրատառով, իսկ թե ինչու է այդ բառն այս օրերին հայտնվում Տեր-Պետրոսյանի անվան կողքին եւ դառնում մեծատառ, տեղյակ է միայն Զուրաբյանը:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ