Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում բնական անտառների մոտ 70 տոկոսը կազմալուծված է եւ ծերացած. այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը` խոսելով անտառահատումների եւ անտառապաշտպանական միջոցառումների մասին:
«Անտառների թարմացման, անտառը նորացնելու խնդիր կա: Ներկա պահին Հայաստանը սակավանտառ երկրների ցանկում է: Աշխարհում 70 երկիր կա, որոնք համարվում են սակավանտառ»,- ասաց նա եւ հավելեց, որ նախկին Խորհրդային միության տարածքում եւս Հայաստանն ամենասակավանտառներից մեկն էր:
Բանախոսի բնորոշմամբ` Տավուշի, Լոռու և որոշ չափով Սյունիքի մարզերի անտառներից որոշ հատվածներ ունեն սերմնային ծագում, իսկ Վայոց Ձորինը, Ծաղկաձորինը` մացառային. «Վերջիններս դարերի ընթացքում մի քանի անգամ այրվել են կամ վնասվել, եւ արդեն 4-րդ եւ 5-րդ սերնդի անտառներ են համարվում»:
Հաշվարկները ցույց են տալիս, որ 2000 տարի առաջ Հայաստանի տարածքի 40 տոկոսը անտառներ են եղել, որոնք տարբեր պատճառներով տարեցտարի հատվել են: Այսօր մեր անտառների զգալի մասը ունի ցածր լրիվություն, այսինքն` նոսր են:
«Հայաստանի անտառների 28 տոկոսն ունեն 3-4 լրիվություն, այսինքն` բավականին վատ վիճակում են, մի մասը միջին որակի անտառներ են, եւ շատ քիչ անտառներ կան, որոնք բարձր որակի են»,- հայտնեց գլխավոր անտառապետը:
Վիճակագրության համաձայն` եթե 2010-ին Հայաստանի անտառներում հատվել է 2520 ծառ, ապա այս տարվա միայն առաջին կիսամյակում հատվել է արդեն 1750 ծառ: Ըստ գլխավոր անտառապետի` ապօրինի ծառահատումների կապակցությամբ համապատասխան քրեական գործեր են հարուցվել:
Ինչ վերաբերում է երկրի անտառածածկ տարածքին, ապա ոչ ոք այս պահին չի կարող կոնկրետ ասել, թե ինչան է դրա չափը. որոշ մասնագետներ ասում են 5 տոկոս, իսկ ոմանք` 11 տոկոս:
«Անտառ տնկելը բարդ գործ է: Մինչ տնկածը մեծանա դառնա անտառ, տասնյակ տարիներ են պետք: Ամենամեծ պրոբլեմն անտառի որակի փոփոխությունն է: Արժեքավոր ծառերի ու թփերի տեսակները փոխվում են համեմատաբար ոչ արժեքավոր տեսակներով»,- ասաց Ռ. Պետրոսյանը` ավելացնելով, որ այս տարի Երեւանի Էրեբունի վարչական շրջանի տարածքում տնկվելու է 20 հա անտառ:
Հավելենք նաեւ, որ անտառների պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունքում միջազգային կառույցների կողմից «Հայանտառ»-ին կհանձնվենի երկու հակահրդեհային մեքենաներ: