կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-09 22:11
Առանց Կատեգորիա

Երբ խոսքը փաստարկված է

Երբ խոսքը փաստարկված է

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի գործը մոտ 4 ամիս քննելուց հետո, երեկ հրապարակեց 28 էջից բաղկացած վճիռը: Ըստ այդմ, թերթը պարտավորվում է վճարել 288 հազար դրամ, որից 200 հազար` պատգամավորին` նրան վիրավորելու, 80 հազարը` նրա` փաստաբանի ծառայություններից օգտվելու, 8 հազարը` դատական ծախսերի համար:

Դա ավելի քան 10 անգամ պակաս էր պատգամավորի պահանջածից: «Երկիր» թերթի 2011 թվականի հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո իր կենսագրության որոշ մանրամասներ ընթերցելիս վիրավորված եւ զրպարտված զգալով` ԱԺ հանրապետական պատգամավորը նամակ էր ուղարկել խմբագրություն` պահանջելով հերքում տպագրել: Թեեւ նամակին անդրադարձ եղավ, սակայն այն, իհարկե, չտպագրվեց, քանի որ ոչ թե հրապարակման «թերի» կողմերն էր վեր հանում, այլ` պատգամավորի պատկերացումները «Երկիր»-ի անցած եւ անցնելիք ուղու մասին: Կարճ ասած` նամակը չէր համապատասխանում հերքման համար օրենքով սահմանված պահանջներին:

Պատգամավորը փետրվարի 11-ին դիմել էր դատարան` պահանջելով «Երկիր»-ից 1 միլիոն դրամ բռնագանձել իրեն վիրավորելու, 2 միլիոն` զրպարտելու, 500 հազար` փաստաբանին վճարելու, 68 հազար դրամ էլ` որպես պետական տուրք: Պատգամավորը վիրավորանք էր համարել «էդ լակոտը» արտահայտությունը, որը, ըստ հրապարակման` Տիգրան Արզաքանցյանի մասին ժամանակին ասել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «ավելի հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով» նախադասությունը եւ «ստիլյագ» բառը: Զրպարտություն էր համարել «ինքնաթիռներով գեղեցկուհիներ է բերում-տանում», «հայտնի է որպես կազինոների մշտական այցելու», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի», «ծեծ է կերել եւ ամեն անգամ ծեծվելուց հետո...», «նախորդ նստաշրջանում մեկ անգամ է երեւացել Ազգային ժողովում» արտահայտությունները:

Ըստ Էդվարդ Աղայանի` 1976 թվականին հրատարակված հայերենի բացատրական բառարանի` «լակոտ» բառն ունի մի քանի իմաստ, որոնք բոլորն էլ ունեն հայհոյական իմաստ: Հղում անելով վերոհիշյալ բառարանին` դատարանը վճռեց, որ «էդ լակոտը մեր կոնյակի պատիվը գցում է Ռուսաստանում» արտահայտությունը վիրավորանք է: Բայց դատարանը հաշվի էր առել, որ պատգամավորի` իրեն վիրավորելու համար առավելագույն` 1 միլիոն դրամ պահանջը անհամաչափ է եւ կարող է լրջորեն վնասել «Երկիր»-ի ազատ արտահայտվելու իրավունքը, եւ խիստ զսպող ազդեցություն ունենալ ողջ լրատվադաշտի ազատ արտահայտվելու իրավունքի վրա, որից կտուժի տեղեկատվություն ստանալու հանրային շահը:

«Ավելի հասկանալի խոսում է քյավառա բարբառով» արտահայտությունը դատարանը վիրավորանք չհամարեց, քանի որ պատասխանողի բերած փաստերը ապացուցել են, որ պատգամավորը հայրենի Գավառի բարբառով իսկապես խոսում է, եւ դա չի թաքցնում անգամ ինքը` Արզաքանցյանը: Եվ, վերջապես, ըստ դատարանի` «ծննդավայրի բարբառով խոսելը չի կարող վիրավորանք համարվել ցանկացած դեպքում»:

Դատարանի «վճռով» վիրավորական չէ նաեւ Տիգրան Արզաքանցյանի համար ամենավիրավորական համարվող «ստիլյագ» բառը: Այն, ըստ դատարանի, «տվյալ գործի հանգամանքների ներքո համապատասխանում է լրագրողական ազատության չափանիշներին»: Խորանալով բառի ստուգաբանության մեջ` դատարանը նշեց, որ այն ընդամենը նշանակում է նորաոճ, մոդայիկ:

Ինչ վերաբերում է պատգամավորի կողմից զրպարտիչ ընկալված արտահայտություններին, ապա, ըստ դատարանի, պատասխանող կողմը բերած փաստերով ապացուցել է պատգամավորի` ինչպես իր հիմնական աշխատավայրից` Ազգային ժողովից մշտապես բացակայելը, այնպես էլ մշտապես կազինո այցելելը եւ հոդվածում մատնանշած մյուս փաստերը: «Հոդվածն, ընդհանուր առմամբ, վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորի վարքագծի տարբեր դրսեւորումներին: Հաշվի առնելով հայցվորի դիրքը հասարակությունում, նրա` ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքը, նրա վարքագծի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են հանրային հետաքրքրություն եւ հանրությունն իրավունք ունի ստանալ նման տեղեկություններ»,- նշված է դատավճռում:

Դատարանը հիշարժան է համարել այն, որ «Երկիր»-ի հրապարակած տեղեկատվության մեծ մասը տարբեր տարիներին նշվել է այլ լրատվամիջոցներում եւս, բայց պատգամավորը նախկինում դրանց երբեւէ չի առարկել: Այսպիսով, դատարանը հիմնավորված համարեց Տիգրան Արզաքանցյանի` 8 կետանոց հայցից ընդամենը մեկը, մնացածը` հերքում տպագրելու պահանջի հետ միասին, համարեց անհիմն:

Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: «Երկիր» թերթը, բնականաբար, բողոքարկելու է, քանի որ «էդ լակոտը...» արտահայտությունը հերքող տեղեկանքը` տրված Հրանտ Բագրատյանի կողմից, թերթի փետրվարի 5-ի համարում տպագրվել է: Ինչեւէ, չենք կարող չկարեւորել դատարանի կատարած մեծ աշխատանքը, բոլոր փաստերը համակողմանիորեն ուսումնասիրելը, միջազգային կոնվենցիաներն ու նախադեպերն օգտագործելը: Սա, հուսով ենք, նախադեպային կդառնա նմանատիպ մյուս գործերի համար եւս:

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ