կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-16 18:42
Հասարակություն

Օպերատիվ են աշխատում տղերքը, երբ խոսքը ''Սպայկա''-ի մասին է

Օպերատիվ են աշխատում տղերքը, երբ խոսքը ''Սպայկա''-ի մասին է

Կարկուտից տուժած գյուղացիները մի կերպ կդիմանան, ավելի «մեծ աղետ» է պատուհասել երկիրը Հայոց` «Սպայկա»-ն է հրդեհվել:

 

Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց աջակցություն ցուցաբերել «Սպայկա» ընկերությանը, որտեղ այս գիշեր հրդեհ էր բռնկվել ու վնաս հասցրել ընկերությանը: Վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց միջամտել ու աշխատել ընկերության հետ, քանի որ դա էական նշանակություն կարող է ունենալ այս տարվա մթերումների համար:

 

Հետաքրքիր է, չէ՞. վարչապետը, դեռ հրդեհը չմարած, վնասները չգնահատված, արդեն միանգամից ասում է, թե ինչ հետեւանք կարող է ունենալ «Սպայկա»-ին պատուհասած հրդեհը… Ավելին` այս «հրատապ» խնդիրը լուծելու համար պատրաստի դեղամիջոցներ էլ ունի Տիգրան Սարգսյանը. կառավարության նիստի ժամանակ ասում է. «Միգուցե մենք կարողանանք այլ արտադրական տարածքներ առաջարկել, որպեսզի ընկերությունը ժամանակավորապես մթերումն այլ տարածքներում կազմակերպի, եւ այս հրդեհը գյուղատնտեսական աշխատանքներին վնաս չպատճառի»:

 

«Հլա մի րոպե…». այդ ի՞նչ պետք է մթերեք, պարո’ն վարչապետ… Դե, «Սպայկա»-ի պես կազմակերպության դեպքում, հատկապես` եթե հաշվի առնենք դրա սեփականատերերին, իհարկե, կարելի է մոռանալ, որ ընդամենը օրեր առաջ կարկուտը սրբեց Արարատյան դաշտի բերքը, որ գյուղացիները մինչ օրս բողոքի ակցիաներ են անում, ճանապարհ են փակում, վնասների չափը գնահատում եւ փոխհատուցում պահանջում: Այն նույն գյուղացիները, որոնց նախորդ տարվա բերքը հենց նույն «Սպայկան» կոպեկներով առավ ու արտահանեց երկրից` մի քանի անգամ թանկ վերավաճառելով:

 

Մի հարց էլ է առաջանում. երբ հրդեհից տուժում է «Սպայկա» ընկերությունը, դրանից րոպեներ անց կառավարությունում ամենաբարձր մակարդակով խառնվում են իրար, գնահատում են հրդեհի պատճառած վնասները, աջակցության ուղիներ փնտրում, իսկ երբ Արարատյան դաշտավայրի մի շարք գյուղերի հարյուրավոր գյուղացիներ են տուժում բնական աղետից` կարկուտից, դա գյուղատնտեսության համար վտանգներ չի՞ պարունակում: Չենք խոսում նույնիսկ այն մասին, թե հենց նույն կառավարությունը` ի դեմս գյուղնախարարության, որքան է մարդկանց ուղեղները սղոցել հակակարկտային կայաններ տեղադրելու, կարկուտի դեմ պայքարելու իր «փառապանծ» հաջողությունների մասին…

 

Ու եթե «Սպայկան»  ապահովագրված էր, ապա այդ հարյուրավոր գյուղացիները այդպիսի բախտ ու երջանկություն չունեն, քանի որ Հայաստանի ապահովագրական ընկերությունները չեն ապահովագրում գյուղատնտեսության ոլորտի սուբյեկտներին` բարձր ռիսկայնության պատճառով: Եթե հայրենի կառավարությունը կարողանում է այդպես օպերատիվ աշխատել, ապա կարկուտից տուժած գյուղացիներին ինչ-որ` թեկուզ չնչին չափով աջակցություն ցուցաբերելու հարցն ինչո՞ւ այդպես օպերատիվ չի լուծում: Վարչապետը գյուղացիների դեպքում ասում է, թե միայն անապահովներին ինչ-որ աջակցություն կցուցաբերեն, «Սպայկան» երեւի  «անապահովներից» է...

 

Այստեղ են ասել` «Տերովին տերն է տարել, անտերին` գելը…»: 

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ