կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-19 18:40
Աշխարհ

Հայ Դատի նոր գրասենյակ` Ավստրիայում

Հայ Դատի նոր գրասենյակ` Ավստրիայում

Ռումինիայից ու Լեհաստանից հետո Հայ Դատի հանձնախումբ է ստեղծվել Ավստրիայում: Այս կապակցությամբ մարտի 18-ին Վիեննայում կազմակերպված միջոցառմանը, որպես հրավիրյալներ, ներկա են եղել Ավստրիայում եւ Հունգարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի հոգեւոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը, Ավստրիայի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

 

Ելույթ ունենալով` Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նախ անդրադարձավ ներկայումս հայ ժողովրդի դիմագրաված հիմնախնդիրներին, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցին, Թուրքիա- Հայաստան հարաբերություններին, Արցախի հարցի ներկա հոլովույթին եւ մեր անելիքներին, ջավախահայությանը օժանդակելու խնդրին, Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացի շարունակմանը՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման պայմաններում, Սիրիայում հայության դիմագրաված հիմնահարցերին:

 

Գասպար Կարապետյանը շեշտեց, որ Եվրոպայի տարածքում,  Հայ Դատի աշխատանքների ծավալման առումով, իր կարեւորությունն ունի Ավստրիան: Նա պաշտոնապես հայտարարեց, որ ձեւավորվել է եւ այսուհետ Վիեննայում կգործի Հայ Դատի հանձնախումբ: Ներկայացնելով, որ հանձնախումբն ունի երիտասարդ եւ որոշակի պատրաստվածություն ունեցող կազմ, ելույթ ունեցողը ներկաներին կոչ արեց օժանդակել Հայ Դատի աշխատանքներին, քանի որ դրանք ուղղված են հայության ազգային հիմնախնդիրների հետապնդմանը:

 

Վերջում նա  շնորհակալություն հայտնեց դեսպան Կիրակոսյանին ներկա գտնվելու համար եւ շեշտեց, որ այնտեղ, ուր գործում են Հայաստանի պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչությունները, Հայ Դատի գրասենյակները վերոնշյալ խնդիրների ուղղությամբ համագործակցում են դրանց հետ:

 

Դեսպան Կիրակոսյանը գոհունակություն հայտնեց հանձնախմբի ստեղծման կապակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեց սերտորեն համագործակցել հանձնախմբի հետ: Նա առաջարկեց անմիջապես հանդիպել՝ քննելու համար, գալիք ապրիլի 24-ի հետ կապված, միասնական անելիքների օրակարգը, ինչպես նաեւ հետագա համատեղ աշխատանքները:

 

Այնուհետեւ Հայ Դատի նորաստեղծ հանձնախմբի ատենապետ Կարո Շատոյանը ներկայացրեց հանձնախմբի կազմը եւ իր հերթին նշեց, որ առաջին օրվանից անհրաժեշտ է համագործակցել դեսպանության, ինչպես նաեւ տեղի բոլոր հայկական կառույցների հետ՝ ծրագրելու եւ համատեղելու համար  աշխատանքները, որոնք ուղղված են լինելու հիմնականում Ավստրիայի հանրությանը, ակադեմիական շրջանակներին եւ քաղաքական գործիչներին, ովքեր գործում են թե' երկրի ներսում եւ թե' միջազգային հաստատություններում:

 

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ զրույց եւ կարծիքների փոխանակում համայնքային կառույցներ ներկայացուցիչների հետ: