Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարբերաբար ուսումնասիրություններ է կատարում հայաստանյան սուրճի շուկայում: Մասնավորապես՝ մայիսի 10-ին որոշում կայացվեց այս շուկայում գերիշխող ընկերություններից տեղեկություններ ստանալ 2011թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առավել 10 խոշոր գնորդներին նրանց վաճառած հատիկավոր և աղացած սուրճի ծավալների վերաբերյալ:
ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարությունից «Կապիտալին» տեղեկացրին, որ համապատասխան տեղեկությունները բոլոր կազմակերպությունների կողմից ժամանակին տրամադրվել են և ներկայում գտնվում են ուսումնասիրման փուլում: Այս շուկայի` կրկին ուշադրության կենտրոնում հայտնվելու պատճառ հանդիսացավ սուրճի գների թռիչքը համաշխարհային շուկայում: Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե դա որքանով է ազդել հայաստանյան սուրճի գների վրա, և կարևոր այդ մթերքի գնի որոշակի բարձրացումն ինչքանով է օբյեկտիվ:
Նշենք, որ 2011թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սուրճի գինն աճել է 1,2%-ով: Մոնիտորինգի խմբի կողմից կատարված վերլուծությունների համաձայն՝ Հայաստան ներկրվում են սուրճի բազմաթիվ տեսակներ, և գները հիմնականում տատանվում են Դ1,3-10 հազ-ի սահմաններում՝ 1 կգ-ի համար: Ուսումնասիրությունների հիման վրա պարզվել է, որ 2010թ. սուրճի միջին գինը եղել է Դ2,8 հազ., իսկ 2011թ. ապրիլին միջին գինը հասել է Դ3,1 հազ-ի:
Հայաստանյան սուրճի շուկայում գերիշխող դիրք ունի «Կաֆե դյու Բրազիլ» ընկերությունը, որը զբաղեցնում է շուկայի 1/3-ը` 35,2%: Նշենք, որ այս ցուցանիշը մոնիթորինգից հետո կարող է փոխվել (հավանաբար կաճի): Տեղեկություններ են պահանջվել նաև մի շարք այլ ընկերություններից, մասնավորապես՝ «Գրանդ Քենդի», «Ռոյալ Արմենիա», «Ալեքս Գրիգ» և այլն:
Լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեն «Մոնոկաթ» ՍՊԸ-ն` 48,1%, «ՆյուՖորս» ՍՊԸ-ն` 30,3%, «Մարսերալ» ՍՊԸ-ն` 7,5 %. այս երեք ընկերություններին է պատկանում շուկայի ընդհանուր իրացման 85,9%-ը: Նշենք, որ համաշխարհային շուկայում սուրճի գները սկսել են աճել 2010թ. վերջին և 2011թ. սկզբին:
Մասնավորապես՝ 2011թ. հունվարին 1 տ սուրճի գինը եղել է միջինը $540, փետրվարին` $586, մարտին` մոտ $600-ի շրջանակներում, իսկ արդեն ապրիլի վերջին գինը հասել է $660-ի, որը հունվարի համեմատ աճել է մոտ 20%-ով: Մաքսային պետական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011թ. առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 2.4 հազ. տոննա սուրճ, իսկ 2010թ. նույն ամիսներին ներկրվել է 3,1 հազ. տոննա: Ընդ որում` 2010թ. 1 տ սուրճի մաքսային արժեքը կազմել է $2,0 հազ., իսկ 2011թ.` $2,2 հազ.: