կարևոր
5905 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-21 11:35
Քաղաքական

Ցուցումնե՞ր, թե՞ սուրճ. ի՞նչ գործ ունի ԱՄՆ դեսպանը ՀՀ Սահմանադրական դատարանում

Ցուցումնե՞ր, թե՞ սուրճ. ի՞նչ գործ ունի ԱՄՆ դեսպանը ՀՀ Սահմանադրական դատարանում

Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է այսօր  վաղ առավոտյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի մեքենան կայանել ՀՀ Սահմանադրական դատարանի շենքի առջև, իսկ այնուհետև ինքը՝ դեսպան Քրիստինա Քվինը, իջել մեքենայից, որին դիմավորել ու հրավիրել են Սահմանադրական դատարան։

Հետաքրքիր է ի՞նչ գործ ունի օտար երկրի դեսպանը Սահմանադրական դատարանում կամ, ինչպես թևավոր դարձած խոսքն է ասում եկել է, որ ի՞նչ անի պետական այդ բարձրագույն և, իբր, անկախ ինստիտուտում։ Վաղեմի գործընկեր-բարեկամների՞ն է եկել այցի, առավոտյան մի բաժակ սուրճի հետ ցուցումնե՞ր է տալու, թե՞ այս կամ այն հարցը ինչպես վճռի Սահմանադրական դատարանը, կոնսուլտատիվ ժեստե՞ր է անելու ինչպես աշխատեն Սահմանադրական դատարանի անդամներն ու նախագահը, թե՞ արդեն ամեն ինչ բաց է, և ուղիղ ասելու է որը որից հետո է։ 

Արդյո՞ք սա չի նշանակում ուղիղ միջամտություն պետության ներքին գործերին, չի ոտնահարվում ՀՀ ինքնիշխանությունը։ 

Ավելորդ չի նշելը ինչպիսի փոթորիկ կբարձրանար, եթե նրա տեղը լիներ, օրինակ, ՌԴ դեսպանը։ 

Երևույթն ավելի դիպուկ բնորոշելու համար բերենք վրացի հայտնի կոնֆլիկտաբան և քաղաքագետ Գուրբաաթ Ռցխիլաձեի խոսքերը, ասված 2013 թվականին` Սահակաշվիլու ռեժիմի տապալումից հետո. 

«Հայաստանն, իմ կարծիքով, ինքնուրույնության (ինքնիշխանության) ավելի բարձր մակարդակ ունի, քան Վրաստանը, քանի որ Հայաստանի գործերում երրորդ կողմի ակնհայտ միջամտություն չի նկատվում, ինչը տեսնում ենք Վրաստանի պարագայում (միայն Քութայիսում Վրաստանի խորհրդարանի շենքում ԱՄՆ դեսպանի ներկայությունն ինչ ասես արժեր, երբ քվեարկվում էին կարևորագույն սահմանադրական փոփոխությունները. ես ինքս նախկին դիվանագետ եմ և շատ լավ գիտեմ, որ նման փաստն այլ կերպ, քան կոպիտ միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին, չի կարող գնահատվել)»։

Հ.Գ. Այսքանից հետո ասել «Հանուն Հայաստանի Հանրապետությա՞ն», թե՞ «Հանուն ԱՄՆ֊ի». արդեն վարանում ենք` ո՞րն է ճիշտը։