կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-26 19:34
Հասարակություն

Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրել են ակցիան Բագրատաշենի մաքսակետում

Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրել են ակցիան Բագրատաշենի մաքսակետում

Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրողները դադարեցրին Բագրատաշենի մաքսակետում անցկացվող բողոքի ակցիան ու բացեցին մաքսակետի ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը:

«Այժմ արդեն ճանապարհը բաց է: Ցուցարարները ոստիկանությանը չէին ենթարկվում, բայց ակցիան դադարեցվել է խցանման մեջ գտնվող վարորդների ջանքերով»,- ասաց Պարանյանը:

Հունվարի 26-ին ակցիայի մասնակիցները 50-60 մեքենաներով փակել էին ճանապարհը:

Այրում համայնքի ղեկավարի խոսքով` բողոքի ակցիայի մասնակիցներն ընդվզում էին 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի նախագծի դեմ, որի հետևանքով առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման չեն կարողանում 25 կգ-ից ավելի ապրանք ներմուծել:

ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել առ այն, որ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։  

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ: