կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-14 23:16
Առանց Կատեգորիա

Արցախի օդանավակայանը

Արցախի օդանավակայանը

Արցախյան հարցի կարգավորման շրջանակում այսօր հայության և միջազգային հանրության ուշադրությունը մեծապես կենտրոնացած է Ստեփանակերտի օդանավակայանի վրա: Տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրարահակասող սկզբունքները յուրօրինակ ձևով բեկվում են Արցախի օդանավակայանում՝ դառնալով կոնցեպտուալ մի հարց. ո՞րն է ճիշտը, որ արցախահայությունը մնացյալ մարդկության նման իրավունք ունի օգտվելու այսօրվա կեցության կերպին մաս կազմող փոխադրումների՞ց, թե՞ այդ իրավունքը պետք է ստորադասվի Արցախի երկնքի հանդեպ Ադրբեջանի իբր ունեցած «իրավունքին»:

Այս հարցը, սակայն, նոր չէ, որ ծագել է: Մինչ Լաչինի ճանապարհի բացվելը Ստեփանակերտի օդանավակայանը ոչ թե ուշադրության կենտրոնում էր, այլ նրան կենտրոնական դիրք էր վերապահված ռազմաքաղաքական զարգացումներում: 1988թ. փետրվարին թվում էր, թե Արցախը կպած է Հայաստանին: Անգամ Լաչին-Շուշի բաժանարար գիծը էական չէր թվում, որովհետև Կոռնիձորից ուղիղ գծով կարելի էր անցնել Բերդաձոր և այնտեղից էլ Շուշիի տակով հասնել Ստեփանակերտ: Ստեփանակերտի օդանավակայանը կարևոր դեր ստանձնեց, երբ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի տեղահանմամբ Արցախը Գորիսից և ըստ այդմ՝ Հայաստանից «հեռացավ» մոտ 90 կիլոմետրով:

1988թ. գարնանից Արցախի համար սկսվեց «Յակ»-երի ժամանակաշրջանը: Սկզբում, երբ ողջ իշխանությունը գտնվում էր խորհրդային զինվորական պարետության ձեռքին, թռիչքները անխափան իրականացվում էին «Էրեբունի» օդանավակայանից: ԽՍՀՄ քայքայմանը զուգընթաց ադրբեջանական ՕՄՈՆ-ը կարողացավ պարետային զորքերի հետ համատեղ հաստատվել օդանավակայանում, որով օդանավակայանը մեծապես հսկելի դարձավ նրանց համար: Երբ ՕՄՈՆ-ը նոր-նոր էր հաստատվում օդանավակայանում, ոստիկանական համազգեստներով և մաքուր սպիտակ վերնաշապիկներով քաղաքակիրթ ջենտլմենների տպավորություն էին թողնում: Սակայն երբ բազավորվեցին օդանավակայանում, անճանաչելիորեն փոխվեցին: Նախորդ նուրբ և բարեկիրթ միլիցիոներներին փոխարինեցին հաղթանդամ և սպառնալից ու ատելության հայացքներով լեցուն ջարդարարները…

Օդանավակայանում սկսեցին ձերբակալությունները, մարդկանց ստորացման և ծաղրուծանակի ենթարկելը, իսկ Արցախի օդանավակայանը վերանվանվեց Խոջալուի օդանավակայանի: Պատերազմը սկսվելուց հետո, մինչև Խոջալուի կրակակետերի լռեցումը, մի որոշակի շրջան Արցախի օդանավակայանը դադարեց գործելուց և Շուշիի պարտադրած շրջափակման պայմաններում ինքնաթիռներին փոխարինեցին ուղղաթիռները՝ Արցախի օդանավակայան հասկացությունը Արցախի մի շարք բնակավայրերում փոխարինելով ուղղաթիռի իջնելու տեղ արտահայտությամբ: Խոջալուից հետո Արցախի օդանավակայանը վերստին դարձավ կյանքի ճանապարհ՝ կյանքի օդային ճանապարհ: Շուշին իր թիկունքը եղող Լաչինի հետ ահա այսպես պարտադրեց, որ չորս տարի շարունակ ուղղաթիռները փոխարինեն մեքենաներին և ավտոբուսներին, իսկ «Յակ-40» ինքնաթիռները՝ բեռնատարներին:

Չորս տարի շարունակ բարձրացող ուղղաթիռներից վար է հակվել մեր հայացքը, Երևանում որոնելով այն ամենը, ինչ որ յուրաքանչյուր նման թռիչքից առաջ նաև քոնն էր, դեռ քո կյանքի մի մասնիկն էր, և չգիտեիր՝ էլի քոնը կլինի՞, թե՞ մի վերջին անգամ ոչ թե գալու, այլ բերվելու և տարվելու ես Երևանի փողոցներով: Հաճախ որպես շարադրության թեմա հարց է տրվում, թե ինչպե՞ս սիրել Հայաստանը: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է սիրել այն հայացքով, որով ուղղաթիռի տարուբերվող պատուհաններից համակ կենտրոնացմամբ աստիճանաբար փոքրացող Երևանին էին նայում կամավորական ջոկատների մարտիկները, որոնցից շատերը օրեր, շաբաթներ, ամիսներ կամ տարիներ անց ոչ թե ետ եկան, այլ բերվեցին...

Ծանրածանր այդ տարիներին նույն ձևով ամեն անգամ ետ վերադառնալիս ներքին մի մտավախությամբ էիր նայում ներքևում տարածվող և աստիճանաբար հեռվում մնացող Արցախին, թե արդյոք չի՞ ընկրկի, կկարողանա՞ պահել գծային պաշտպանության վերածված իր սահմանները, թե արդյոք մի անգամ էլ կհասցնե՞ս տեսնել այն: Նույն այս մտավախությամբ էիր հրաժեշտ տալիս դիրքերում հարազատացած տղաներին՝ չիմանալով՝ էլի կհանդիպե՞նք, թե՞ պարզապես կմասնակցենք նրանցից էլի մեկի հուղարկավորությանը՝ նայելով հոգնատանջ, բայց արդեն հանգստացած դեմքին՝ մտովի փորձելով վերականգնել նրա մարած ժպիտը: Շուշին այսպիսով մեզ պարտադրեց, որ զոհվածներն իսկ մայր հողում ամփոփվեն օդային ճանապարհով բերվելով:

Իջնող ուղղաթիռի դուռը երբ բացվում էր, հնչում էր տեղի պարետային պատասխանատուի հերթական անգամ զգուշացնող ձայնը՝ սկզբից դիակները, հետո մարդիկ, ու Երևանին մոտենալիս ներքև՝ Երևանին նայելը դառնում էր խեղված ուրախություն, մի տեսակ թաքուն գողություն նրանց հանդեպ, ովքեր արդեն գլուխներն էլ չէին բարձրացնելու նայելու համար: Այս ամենը արդեն պատերազմական հերոսական ու դաժան անցյալ է: Եվ այդ անցյալի կրկնությամբ չէ, որ պարտադրված է Արցախի օդանավակայանի՝ քաղաքացիական ինքնաթիռների համար վերագործարկումը: Ավելին, մեր հաղթանակի այսօրվա ամենամեծ նվաճումը այն է, որ մեզ համար ոչ թե հաղթանակ կարող է լինել Արցախի օդանավակայանի վերագործարկումը, այլ որ այն դադարել է մեզ համար կենսական նշանակություն ունենալուց, և մնայուն հաղթանակը կլինի, երբ օդանավակայանն այլևս երբեք չունենա այն նշանակությունը, ինչ որ ուներ մինչև 1992 թվականի մայիսի 8-ը...

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ