կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-12 23:01
Առանց Կատեգորիա

Ինչպես փրկել դեմքը

Ինչպես փրկել դեմքը

Մայիսի 5-ին ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը կալանավայրում մոտ մեկ ժամանոց հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Թե ինչ են քննարկել, հայտնի չէ, բայց փաստն այն է, որ հաջորդ օրը Փաշինյանն իր թերթի խմբագրականում քննադատության թիրախ է դարձնում ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմության մյուս ուժերին:

Դա նախանշում է իշխանության հետ երկխոսության արդյունքում ՀԱԿ-ի որդեգրած նոր մարտավարության ուղղվածությունը: Կարելի է ենթադրել, որ հետայսու, գոնե «երկխոսելու» ընթացքում, ՀԱԿ-ի հակաքարոզչության թիրախը լինելու է ընդդիմությունը: Դրա նախանշաններն ի հայտ եկան դեռ այն ժամանակ, երբ հակադրվելով իշխանության դեմ պայքարի ցանկացած միջոց ողջունելու մասին սեփական մոտեցմանը, ՀԱԿ-ը և Տեր-Պետրոսյանը փորձեցին տարբեր որակումների միջոցով նսեմացնել Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած բողոքի ակցիան: Սակայն այն ժամանակ երկխոսության հնարավորությունը դեռևս տեսական հարթության վրա էր:

Մինչդեռ հիմա այդ ֆարսն իրողություն է, և հասկանալի է դառնում, թե ինչ նպատակներ է հետապնդում «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» մարտավարության վրա հիմնված այս կեցվածքը: Նախ` սլաքներն ընդդիմության դեմ ուղղելով, ՀԱԿ-ը ձգտելու է շեղել հասարակության ուշադրությունն իր` արմատական ընդդիմության դաշտից դուրս գալու իրողությունից` մշտապես փորձելով հանդես գալ արմատական ուժի կերպարով, որին հասնելու է մյուս ընդդիմադիր ուժերի հետ կտրուկ հակադրվելով:

Երկրորդ` ՀԱԿ-ը նաև խնդիր ունի չեզոքացնելու սկսված երկխոսության իրական նպատակների նկատմամբ առկա անվստահությունն ու կասկածները և այն արդարացի դիտարկումները, թե իր հատվածական շահերը բավարարելու համար ՀԱԿ-ը շահագործում է հասարակական պահանջներն ու խնդիրները` առանց դրանց կոնկրետ լուծումներ առաջարկելու: Առաջադրված երեք պահանջների բավարարումից հետո ՀԱԿ-ը կա'մ արտահերթ ընտրությունների նոր պահանջ է ներկայացնելու, կա'մ երկխոսությունը խորացնելու երկընտրանքի առաջ է կանգնելու:

Սակայն անկախ դրանից, ՀԱԿ-ը հայտնվելու է անհասկանալի իրավիճակում. եթե պահանջի բանակցություններ սկսել արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանների շուրջ, հաստատելու է, որ պրոցեսն սկսել է իրականում ընտրությունների արդյունքում իշխանության գալու նպատակով, ինչի մասին իր վերոնշյալ խմբագրականում ակնարկում է նաև Նիկոլ Փաշինյանը: Հասարակության իրական պահանջներից բխող խնդիրների լուծման հարց դնելու դեպքում էլ օրակարգից դուրս է մղվելու արագ արմատական փոփոխության հասնելու խնդիրը, ինչը անհասկանալի է մնալու ՀԱԿ-ից շուտափույթ իշխանափոխություն պահանջող «Հիմա, հիմա»-ի կողմնակիցների համար: Այս հեռանկարը ՀԱԿ-ին ստիպում է մեղավորներ փնտրել:

Եվ վերջապես կա մի շատ ավելի կարևոր պատճառ: Անկախ նրանից` իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների, թե ոչ, խորհրդարան անցնելու հավակնություններ ունեցող բոլոր քաղաքական ուժերը մտնելու են մրցակցության մեջ: Եթե ՀԱԿ-ն իր առջև ոչ թե իշխանություն փոխելու, այլ կառուցողական ընդդիմություն դառնալու կամ թեկուզ նախնական էտապում իշխանության մաս դառնալու խնդիր է դնում, ստիպված է լինելու բավարարվել ընդդիմությանը թողնված խորհրդարանական սահմանափակ մանդատների համար պայքարով: Այսինքն` համակերպվելու է այն մտքի հետ, որ պետք է մրցակցի ոչ թե իշխանության, այլ ընդդիմության հետ: Սա ենթադրում է այնպիսի մարտավարություն, որը կհանգեցնի ողջ ընդդիմադիր դաշտի պոտենցիալ ունեցող հատվածի մարգինալացմանը, ինչն էլ դրդում է որդեգրել ոչ թե մրցակցության, այլ ոչնչացնելու քաղաքական կուրս: Ընդ որում ` ՀԱԿ-ը որպես պոտենցիալ հակառակորդ է ընդունում նաև ԲՀԿ-ին, որին քաղաքականապես մեկուսացնելու միջոցով կարող է փակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հնարավորությունները: Որովհետև ՀԱԿ-ում լավ են հասկանում, թե կոնսոլիդացնող ինչպիսի պոտենցիալ կարող է ունենալ ԲՀԿ-ն, եթե, իշխանությունից դուրս գալով, դիրքավորվի ընդդիմադիր դաշտում:

Այնպես որ` ԲՀԿ-ին յուրայինների մեջ օտար պահելը դառնում է ավելի նախընտրելի: Այս ուղեգիծը հետագայում շատ ավելի սուր դրսևորումներ է ունենալու: Կարելի է ենթադրել անգամ, որ ընդդիմադիր դաշտում գործող ուժերին վարկաբեկելու համար շրջանառության մեջ դրվի այն հիպոթեզը, թե մնացած բոլոր ուժերը՝ դեմ լինելով իշխանության հետ իրենց երկխոսությանը և ՀԱԿ-ին ասպարեզից հեռացնելու նպատակներ հետապնդելով, նախկին նախագահին ետ բերելու հարց են լուծում: Դա կսրի պայքարը ընդդիմադիր դաշտում, ինչը կարող է բացարձակ նոր իրավիճակ հասունացնել:

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ