Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին, թե կառավարությունն ինչպիսի՞ ծրագրեր ունի ՓՄՁ-ների համար, որպեսզի նրանք արտահանման ծավալները մեծացնեն ու կարողանան դիրքավորվել ԵՏՄ շուկայում:
«Այսօր ՓՄՁ-ները վարկավորման խնդիր ունեն, տոկոսադրույքները բավականաչափ բարձր են, ինչպիսի՞ պայմանավորվածություններ կան ԵՏՄ շրջանակներում` վարկավորման խնդիրների հետ կապված: Եվ ինչպիսի՞ հնարավորություններ կան Հայաստանում` ներդրումների առումով»,- հարցրեց Մհեր Շահգելդյանը:
Սուրեն Կարայանը նշեց, որ ոչ միայն ԵՏՄ-ին միանալու հետ կապված, այլ առհասարակ կառավարության ուշադրության կենտրոնում է եղել ՓՄՁ-ների համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
«Հատուկ այս միության միանալու հետ կապված ծրագրեր դեռևս չկան, բայց կան բավականաչափ ծրագրեր, որոնք կնպաստեն, որ ՓՄՁ-ները օգտվեն այն հնարավորություններից, որոնք կստեղծվեն ԵՏՄ-ին միանալուց հետո»,- ասաց Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով՝ այժմ գործում է պետական վարկային կազմակերպություն, որի նպատակն է, համագործակցելով ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոնի հետ, օգտագործել երաշխավորության ինստիտուտը և փորձել վարկային միջոցները մատչելի դարձնել ՓՄՁ-ների համար: Փոխնախարարը նշեց, որ շուտով կսկսի գործել արտահանման ապահովագրության ինստիտուտը:
Մհեր Շահգելդյանը հստակեցրեց իր հարցը. «Ընդունվել է քաղաքական որոշում, որ մենք անդամ ենք ԵՏՄ-ին, կա՞ արդյոք ՓՄՁ-ների խթանման ծրագիր, որպեսզի մարդիկ ու նրանց բիզնեսները չարտագաղթեն, այլ արտահանվեն ապրանքները»:
Փոխնախարարը նշեց, որ կատարվել է շուկաների մոնիտորինգ, պարբերաբար արվում են վերլուծություններ, որ խրախուսվի ներքին ապրանքաշրջանառությունը: Սուրեն Կարայանը վստահեցրեց, որ ԵՏՄ-ին միանալուց անմիջապես հետո կառավարությունը շատ ակտիվ կմասնակցի այն ծրագրերի մշակմանը, որոնք կոչված կլինեն օժանդակելու ՓՄՁ-ներին, որպեսզի նրանք առավել հեշտությամբ կարողանան ներթափանցել ԵՏՄ շուկաներ:
«Այո, այս պայմանագրով նախատեսված է, որ և' մենք կարող ենք օգտվել ԵՏՄ անդամ պետությունների բանկային ծառայություններից, և' ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիները կարող են օգտվել մեր բանկային համակարգի ծառայություններից»,- ասաց Սուրեն Կարայանը: