կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-07 03:37
Իրավական

Չինովնիկները` պիրատության հովանավոր

Չինովնիկները` պիրատության հովանավոր

Բոլոր հեղինակները բողոքում են իրենց հեղինակային իրավունքի անպաշտպան լինելուց եւ հույս էլ չունեն, որ կարող են պայքարել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մառոզյանը:

Նրա պնդմամբ` հեղինակային իրավունքի ոլորտում իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրական տեղաշարժ չկա, ավելին` հետընթաց է: Այդ կապակցությամբ առաջիկայում կստեղծվի հեղինակային իրավունքի պահպանության կոմիտե, որում կգործի նաև թեժ գիծ:

«Պիրատությունն առաջանում է, երբ փակ դռներ կան: Այս ամենը պատճառ է նաև հանրության գնողունակության ցածր լինելու և անիրազեկության, քանի որ անորակն են գնում, որը նաեւ ավելի մատչելի է, դրանով էլ խախտվում է հեղինակի իրավունքը»,- ասաց Մառոզյանը:

Նա հրաժարվեց նշել, թե շոու բիզնեսի որ ներկայացուցչի հեղինակային իրավունքն է ամենաշատը խախտվել` պատճառաբանելով, որ առանց նրանց համաձայնության ու գիտության չի կարող ասել:

Մառոզյանն առաջարկում է հեղինակային իրավունքի մասին օրենքում որոշակի փոփոխություններ կատարել` մտցնելով տնտեսական տուգանք, որ պիրատական կրիչներ ապօրինի վաճառող, վերարտադրող ընկերությունները տուգանք վճարեն: Տնտեսական տուգանքը, ըստ նրա, չի կիրառվի հեղինակային իրավունքի խախտման այն դեպքերում, երբ, օրինակ, անհատը ցանկանում է Հանրային հեռուստաընկերության արխիվից տեսանյութ վերցնել` բանավոր պայմանավորվածությամբ, բայց վերջինս չի տալիս:

«Հայհեղինակ» ընկերության ներկայացուցիչ Կարինե Պետրոսյանը համամիտ չէ Մառոզյանի հետ այն հարցում, որ հեղինակային իրավունքների մասին օրենքը թույլ է. նրա պնդմամբ` այստեղ իրավակիրառելիությունն է կաղում:

«Մեր խնդիրն է, որ վերարտադրող կազմակերպությունները լիցենզիոն պայմանագիր կնքեն հեղինակների հետ, նոր ստեղծագործությունները ներառեն կրիչում ու վաճառեն: Իսկ եթե հեղինակները գրանցված չեն, պետք է անհատական թույլտվություններ լինեն»,- ասաց տիկին Պետրոսյանը:

Ի դեպ, Խ.Մառոզյանը նշեց, թե կան փաստեր, որ «պիրատությունը հովանավորում են որոշ չինովնիկներ»: