Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի վերջին «Ֆայն» ընկերությունը Հայաստանում բացեց առաջին Touch and Try ձևաչափի խանութը՝ եվրոպական և ամերիկյան ստանդարտներին համապատասխան։ Հաճախորդը կարող է տեղում առանց խանութի աշխատողի միջամտության ստուգել, թե որքանով է ներկայացված տեխնիկան համապատասխանում իր պահանջներին, փորձել դրա աշխատանքը, վերցնել նախընտրած մոդելը և դրամարկղում վճարել գումարը։
Հաճախորդներին նաև հնարավորություն է ընձեռվում՝ տեղում երկու բանկերի աշխատակիցների օգնությամբ ձևակերպել ապառիկ, ինչպես նաև, կախված համակարգչի մոդելից, գրավիչ պայմաններով կնքել ինտերնետ հասանելիության պայմանագիր և այլն։ Ընկերությունը սկսել է նաև հեռուստացույցների վաճառքով զբաղվել և նոր ուշագրավ առաջարկ է ներկայացրել շուկային՝ Ucom ընկերության հետ համատեղ:
«Ֆայն» ընկերության տնօրեն Հայկ Հայրապետյանը «Կապիտալին» պատմել է իրենց ծրագրերի մասին:
- Պարո'ն Հայրապետյան, փետրվարից այս կողմ ժամանակահատվածի ցուցանիշների հիման վրա կարո՞ղ եք ասել՝ որքանով է Touch and Try ձևաչափը արդյունավետ:
- Խանութը բացելուց առաջ, ի դեպ՝ սա «Ֆայնի» թվով չորրորդ խանութն է, մենք գիտակցում էինք, որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մեր գնորդներն ընտելանան այս ձևաչափին: Սակայն ի զարմանս մեզ՝ հաճախորդները բավականին արագ կողմնորոշվեցին, և այժմ մենք նվազագույն միջամտություն ենք ունենում հաճախորդին հուշելու, թե ինչպես նա պիտի օգտվի խանութից: Ակնհայտ է, որ ձևաչափն արդյունավետ է. ցանկացած գնորդ նախքան գնում կատարելը միշտ զննում է իր նախընտրած ապրանքը: Վերջերս մենք վերափոխեցինք մեր երևանյան մյուս խանութը ևս, նա այլևս կարիք չունի սրահի աշխատակցին խնդրել դարակից կամ ապակու տակից դուրս բերել նախընտրած ապրանքը՝ ուսումնասիրելու համար: Եվ քանի որ այս «արգելքը» հաճախորդի համար արդեն բացակայում է, գնումը ավելի հաճելի ու պարզ է դառնում: Մենք գոհ ենք:
- «Ֆայնը» ավելի շատ մասնագիտացած է համակարգչային տեխնիկայի ոլորտում: Ինչո՞ւ որոշեցիք մուտք գործել նաև հեռուստացույցների սեգմենտ։
- Դուք ճիշտ նկատեցիք, մենք մասնագիտացած ենք համակարգչային ոլորտում: Սակայն ժամանակակից հեռուստացույցներ վաճառելը չի հակասում մեր մասնագիտացմանը: Այսօր հեռուստացույցները ոչ միայն օժտված են համակարգչին հատուկ հնարավորություններով, այլ նաև օգտագործում են օպերացիոն համակարգեր, որոնք ժամանակ առ ժամանակ արտադրողի կողմից թարմացվում են ինտերնետի միջոցով: Հեռուստացույցները գնալով մոտենում են համակարգչին: Սա է եղել մեր՝ հեռուստացույցների վաճառք սկսելու հիմնական պատճառներից մեկը: Ժամանակը համակարգչային ընկերություններին թելադրում է վերանայել իրենց ապրանքատեսականին: Մենք առաջինն էինք, որ հետևեցինք այդ «կոչին»:
- Դուք Ucom ընկերության հետ ակցիա եք իրականացնում, ըստ որի՝ հեռուստացույց գնողը իրավունք է ստանում մինչև 6 ամիս անվճար օգտվել Ucom-ի «Երեքը՝ մեկում» ծառայությունից։ Այդ ծառայությունն իսկապե՞ս անվճար է, թե՞ դրա գինը ներառված է Ձեր կողմից վաճառվող ապրանքում, ինչպես հաճախ անում են շուկայի խաղորդները։
- Ոչ, ծառայության գինը ներառված չէ հեռուստացույցների գնի մեջ: Հակառակ դեպքում ակցիան գրավիչ չէր լինի գնորդի համար: Ասեմ ավելին՝ այս առաջարկը մշակված է հատուկ «Ֆայն» խանութներում գնումներ կատարողների համար, այսինքն՝ այն որևէ համարժեք չունի: Ընդհանրապես, մենք ձգտում ենք «ամեն ինչ մեկ վայրում և միանգամից» արտահայտությունը առավելագույնս մոտեցնել մեր աշխատաոճին: Այսինքն՝ մեր հաճախորդները միմյանց կապակցված մի քանի ծառայություն ստանում են միանգամից մեկ վայրում՝ մեր խանութներում:
Տվյալ դեպքում Ucom ընկերության հետ մշակված ծրագիրը հնարավորություն է տալիս մեր գնորդին ստանալու նաև Ucom-ի ամբողջական փաթեթը մեկ ամսով լիովին անվճար՝ առանց պարտավորվածությունների, իսկ որոշում կայացնելուց և տարեկան պայմանագիր կնքելուց հետո՝ վայելել ծառայությունը հավելյալ անվճար ամիսների ընթացքում: Շուտով նաև ապառիկ վաճառքները կարելի կլինի ձևակերպել մեր խանութում: Հաճախորդն այլևս կարիք չի ունենա բանկ հաճախելու ո՛չ փաստաթղթեր ներկայացնելու, ո՛չ էլ պատասխան ստանալու համար: Սպասարկման այսպիսի որակ այսօր դժվար է գտնել որևէ այլ խանութում:
- Դուք նախատեսում եք վաճառել Smart TV-ներ: Կա՞ն ուսումնասիրություններ, թե որքանո՞վ են դրանք պահանջարկված Հայաստանում։
- Smart TV-ներ մենք կունենանք մայիսի վերջին: Samsung ընկերության Smart TV-ները հեռուստացույցի և համակարգչի հիբրիդ են: Կար ժամանակ, երբ հեռուստացույցի բովանդակությունը հասանելի էր ինտերնետի միջոցով: Smart TV-ները ինտերնետի ռեսուրսն են հասանելի դարձնում հեռուստացույցի միջոցով: Այսինքն՝ այն գնորդները, որոնք օգտվելու են և՛ համակարգչից, և՛ հեռուստացույցից, լիովին բավարարված կլինեն այդ երկու ժամանցային սարքերը մեկում ունենալու, այսինքն՝ մեկ անգամ վճարելու համար: Ելնելով սրանից՝ վստահ ենք, որ Smart TV-ն մեզ մոտ կգտնի իր գնորդներին: