կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-06 04:54
Քաղաքական

Երկխոսում են...

Երկխոսում են...

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շուրջ մեկ ժամ տեւողությամբ հանդիպում է ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի` անազատության մեջ գտնվող գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո նա հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Թե ինչո՞ւ հենց հիմա որոշեց հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, ՀԱԿ առաջնորդը ասել է, որ մթնոլորտ է փոխվել, երկրում ուրիշ քաղաքական վիճակ է: Լուծվել են խնդիրներ, որոնք 3 տարի չէին լուծվում:

«Նկատի ունեմ ե՛ւ Ազատության հրապարակի արտոնումը հանրահավաքների համար, ե՛ւ մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացումը, ե՛ւ քաղբանտարկյալների ազատ արձակման պրոցեսը, որն ավարտվելու է մայիսի 28-ին: Գուցե մի քանիսը մինչեւ 28-ը դուրս գան: Այս ֆոնի վրա, բնականաբար, իմ խնդրանքը` հանդիպել նրան, չէր կարող մերժվել»,- ասել է Տեր-Պետրոսյանը և ընդգծել, որ վերջին շրջանում իշխանությունների եւ հասարակության միջեւ բաց, հրապարակային, շարունակական երկխոսություն է ընթանում:

«Դա մեր երազած պետությունն է, որպեսզի հասարակությունը եւ պետությունը բաց, հրապարակային, շարունակական երկխոսության մեջ լինեն: Սա չպետք է ավարտվի: Երկխոսությունը պիտի լինի մշտական: Իհարկե, ճգնաժամային պահերին պետք է դրվեն սուր հարցեր, որոնք անմիջական լուծումներ են պահանջում, իսկ ճգնաժամերից դուրս, նորմալ կյանքի պայմաններում միշտ էլ իշխանությունն ու հասարակությունը երկխոսելու, բանավիճելու, իրար համոզելու, իրար պահանջներ ներկայացնելու կարիք ունեն»,- հավելել է նա:

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև ասել է, որ ոչ մի պայմանավորվածություն իշխանությունների հետ չկա, կա բաց դիալոգ:

«Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին եւ հասարակությանը, եւ իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե, ոչ այնքան կոնկրետ եւ ուղիղ, ինչպես մենք ենք ասում, այլ ավելի մշուշապատ եւ այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել»,- նշել է նա:

Իսկ այն, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ավարտից հետո, մի խումբ ընդդիմադիրներ ցանկացել են Ազատության հրապարակում նստացույց  սկսել, բայց իրենք համոզել են, որ չդիմեն այդ քայլին, Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է. «Ոչ մի բան էլ չի եղել, ժողովրդի մեծամասնությունը շատ ճիշտ հասկանում է այս ամբողջ պրոցեսը: Բնականաբա, կան անհամբեր մարդիկ, պրոցեսը չհասկացող մարդիկ, որոնց թվում է, թե կարելի էր այլ ճանապարհով հարցեր լուծել: Ես վստահ եմ` այլ ճանապարհով մենք կկործանեինք բոլոր հարցերը»: