Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-05-05 09:32
Առանց Կատեգորիա

Ադանա. ո՞ւր են հայկական տները

Ադանա. ո՞ւր են հայկական տները

Ստամբուլից Ադանա: Աշխատանքային այցով այստեղ եկած լրագրողներիս Շաքիր փաշայի օդանավակայանում դիմավորում են տուրիստական գործակալության աշխատակիցները: Ավտոբուս նստելուն պես Ֆերզան անունով էքսկուրսավարն անցնում է գործի, ծրագիրն է ներկայացնում. տպավորությունն այնպիսին է, որ այստեղ բոլոր մզկիթներն այցելելու ենք:

Առաջինը Ուլու-Ջամի մզկիթն է, որն, ըստ փակցված ցուցանակի, կառուցվել է 1541 թվականին: Պատմական աղբյուրները վկայում են, որ սա նույն սուրբ Հակոբ եկեղեցին է. 1575-ին օսմանյան թուրքերը վերջնականապես գրավում են Ադանան եւ մզկիթի վերածում եկեղեցին:

Կանգ ենք առնում նաեւ Հուստինիանոս կայսեր կողմից կառուցված քարե կամրջի մոտ, որն ունի 310 մետր երկարություն, 12 մետր լայնություն: Սեյան գետի երկու ափերն իրար միացնող կամուրջը Ադանայի դիտարժան վայրերից մեկն է:

Այցելում ենք մեկ այլ` նորակառույց Սավանջեի մզկիթը, որը կառուցվել է 1988-1998 թվականներին: Այն արտաքինից նման է Ստամբուլում կառուցված Սուլթան Ահմեդի, իսկ ներսից` Սելիմյե մզկիթներին: Սավանջեի մզկիթը կառուցել է քաղաքի ամենահարուստներից մեկը:

Մեզ համար ամենասպասելի կանգառը թերեւս Սիսն է` Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաքը, որն այժմ Կոզան են անվանում: Երկու ժամ ճանապարհ անցնելուց հետո բարձրադիր հատվածում երեւում են հին քաղաքի պարիսպները: Մայրուղու եզրին կառուցված տներից մեկի բնակիչն ասում է, որ դեպի բերդը հազիվ 100 մետր է, բայց գործակալության աշխատակիցները պատճառաբանում են, թե մեծ ավտոբուսները չեն կարող բարձրանալ, նաեւ օրենքով չի թույլատրվում: Մտածում ենք ավելի փոքր մեքենա վարձելու եւ բերդի ավերակներին ինքնուրույն մոտենալու մասին, բայց այս անգամ էլ հիշեցնում են Ադանայում նշանակված հանդիպման մասին:

Վերադառնում ենք Ադանա: Հանդիպումը Չուկուրովայի Երիտասարդ գործարարների ասոցիացիայի անդամների հետ է: Թեման վերաբերում է հայ-թուրքական բիզնես կապերի զարգացմանն ու համագործակցության եզրեր գտնելուն: Բայց չի շրջանցվում Ցեղասպանության հարցը. ասոցիացիայի նախագահ Հական Չելիքը «անկեղծորեն» ուզում է հասկանալ, թե «երբ խոսում ենք 1915 թվականի մասին, ինչո՞ւ չենք խոսում նաեւ թուրքերի «տառապանքների» մասին, չէ՞ որ իրենք էլ են վնասներ ունեցել»: Հայկական խմբի անդամներից թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը պատասխանում է, թե հարցը բոլորովին տեղին չէ եւ պետք չէ համեմատության եզրեր տեսնել Հայոց ցեղասպանության եւ «թուրքերի տառապանքների» միջեւ: Եվ դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ թուրքերը հաշվի կնստեն իրականության հետ:

Հական Չելիքը հեգնում է, թե ո՞րն է այդ իրականությունը: Ա. Իսպիրյանը բացատրում է, թե իրականությունն այն է, որը ճանաչվել է տարբեր պետությունների եւ հաստատվել պատմաբանների կողմից, եւ որ Ցեղասպանության մասին փաստերին տեղյակ են նաեւ հենց թուրքերը, բայց, հակառակ դրան, հայերի հանդեպ խորը թշնամանքով են դաստիարակում սերունդներին: Դրա վառ օրինակն այն է, որ զանգվածային հավաքների ժամանակ հնչում են նման կոչեր. «Մեզ Օգյուն Սամասթներ են պետք» (Օգյուն Սամասթը Հրանտ Դինքին սպանողն է, այսինքն` իրենց հայ կոտորողներ են պետք):

Այս պատասխանից հետո համատարած լռություն է. թուրքերն իրար են նայում: Լարվածությունը փորձում է հարթել ասոցիացիայի փոխնախագահ Գոկհան Գյունդոգդուն. «Ես կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում կարեւորը լավ հարեւանությունն է: Հայերը միշտ եղել են մեր բարեկամները, մեր հարստությունը եւ այդպես էլ կլինի: Մենք հարեւանություն սիրող ազգ ենք»: Այս խոսքերի վերաբերյալ կարելի է դառը փաստեր մեջբերել, բայց արդեն դրա կարիքն էլ չկա:

Ադանայում հայկական թաղամասեր, տներ այդպես էլ չտեսանք: Ասացին, թե չկան: Դրա փոխարեն աչք էին ծակում նոր Ադանայի գույնզգույն շենքերը: Ֆերզան ասաց, որ նոր քաղաքը կառուցվել է ընդամենը  վերջին 10-15 տարում:

Ասվածին մեկնաբանություններ տալ չենք ուզում, միայն նշենք, որ Ադանան սկսել է զանգվածաբար հայաթափվել 1909 թվականից, երբ եղան առաջին ջարդերը եւ կոտորվեց 33 հազար մարդ: Հաշվարկվում է, որ 20-րդ դարի սկզբին տեղի հայերի թիվը մոտ 13 հազար է եղել: Հայերի տները եղել են երկհարկանի, պտղատու այգիներով ու ծաղկաստաններով:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ադանա