կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-04 22:31
Առանց Կատեգորիա

"Քաղաքական մեղրամիսի" երկու շրջափուլերը

"Քաղաքական մեղրամիսի" երկու շրջափուլերը

Թեև Ստանիսլավսկին կասեր՝ «Չեմ հավատում», բայց մենք հավատում ենք և ահազանգում Հայ ազգային կոնգրեսի ու իշխանության միջև սկիզբ առած սիրախաղը որպես «Միասնություն դաշինք-2»-ի ձևավորման գործընթաց ներկայացրած մեր նախորդ հրապարակման մեջ պատահաբար չէինք հիշեցրել 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգության մասին:

Մեր հիշեցումն այսօր էլ մնում է ուժի մեջ՝ 19-րդ դարից հայտնի վերապահությամբ. «Պատմության մեջ իրադարձությունները կրկնվում են երկու անգամ. առաջին անգամ՝ իբրև ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս»: Քանզի հուսով ենք, որ ներկա երկխոսության մասնակիցները կնախընտրեն լինել ֆարսի, բայց ո՛չ ողբերգության մասնակիցներ: Մանավանդ որ` առաջինն ակնհայտորեն ավելի է համապատասխանում նրանց քաղաքական բնութագրերին:

Ինչպես 1999-ի ողբերգության, այնպես էլ 2011-ին սկիզբ առած ֆարսի «ռեժիսուրան» նույնն է: Տարբերությունը միայն այն է, որ այս անգամ հիմնական «ռեժիսորը» կին է՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, եւ դա նույնպես լավ է: Սա նշանակում է, որ սույն տիկինն արդեն իր համար արձանագրել է, որ Հայաստանը Ղրղզստան չէ և մեզ մոտ հնարավոր չեն իր բեմականացրած ղրղզական «բունտերը»: Ուստի՝ Հայաստանի «ժողովրդավարացման» այն սցենարը, որը մատուցվում է ներկա քաղաքական սիրախաղի մասնակիցներին, հստակորեն ունի իր երկու՝ տեսանելի և «անտեսանելի» կողմերը:

Առաջին՝ տեսանելի հատվածում ամեն ինչ հրաշալի է. կողմերը նախապես բանակցում և ապա՝ բեմականացնում են վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները. Ազատության հրապարակը «բացվում է», մարտի 1-ի իրադարձությունները սկսում են «հետաքննվել», իսկ բանտարկյալները՝ ազատ արձակվել և մի կախարդական փայտիկի շարժումով... արձանագրվում է Հայաստանի «ժողովրդավարացումը»:

Երկրորդ՝ «անտեսանելի» հատվածում դրված են բոլորովին այլ և հստակորեն՝ աշխարհաքաղաքական խնդիրներ. Թուրքիայում սպասվող ընտրությունների ավարտի հետ կապված՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներն ամփոփող փաստաթուղթը ստորագրվում է, հայ-թուրքական երկխոսությունը վերսկսվում է, ազատագրված տարածքները հանձնվում են, Թուրքիան սահմանը բացում է, իսկ Ադրբեջանը ստանալով իր ուզածը, հրաժարվում է կատարել սկզբունքներում ամրագրված ԼՂՀ ինքնորոշման իրավունքին վերաբերող կետը եւ պահանջում է փախստականների վերադարձը Շուշի:

Տեղի են ունենում ընդհարումներ՝ նոր և անպաշտպան սահմանների վրա, Թուրքիան նորից է փակում սահմանադուռը, իսկ մինչ այդ հակամարտության գոտի ժամանած միջազգային խաղաղապահները 1914-ի Արևմտյան Հայաստանից մեզ հայտնի՝ Հոֆի ու Վեստենենկի նման հեռանում են՝ առանց ազատագրված տարածքների անպաշտպան մնացած Լեռնային Ղարաբաղից: Ու թեև այս սցենարի երկրորդ՝ «անտեսանելի» հատվածի հետ ծանոթանալուց անմիջապես հետո իշխանության ու ՀԱԿ-ի ներկայացուցիչները կհակադարձեն Կ. Ստանիսլավսկու՝ «չեմ հավատում» բացականչությամբ, բայց մենք չենք էլ կասկածում, որ Հայաստանում առկա քաղաքական դիմակայության բևեռները քայքայելու և ապա միաձուլելու սցենարի հիմքում դրված է հենց երկրորդ քաղաքական նպատակը, որն իրականություն դարձնելու համար են առանձնացվել ներկա «քաղաքական մեղրամիսի» երկու շրջափուլերը:

Առաջին շրջափուլում՝ իրար հետ «սիրով են զբաղվում» Հայաստանի քաղաքական դաշտի զույգ բևեռները, իսկ արտաքին «դիտորդները» ծափահարում են նրանց:

Երկրորդում՝ նրանց հետ «սիրով են զբաղվում» արտաքին ուժերը, մանավանդ որ սիրախաղի առաջին փուլի մասնակիցներն արդեն ունեն նման «զբաղմունքի» հարուստ փորձ: Վկայաբերենք դրանցից երկուսը՝ թերևս ամենատիպականները. Լ. Տեր-Պետրոսյանի 1997 թվականի «Պատերազմն ու խաղաղությունը» և դրան հաջորդած՝ «Սերգո ջանը» ու ներկայումս գործող իշխանության՝ 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրած հայ-թուրքական արձանագրությունները:

Եզրակացությունը պարզ է. մեկ անգամ արդեն արտաքին ուժերի հետ «սիրով զբաղվածներին» առանձնակի ցավ չի պատճառի այդ «զբաղմունքի» կրկնությունը, այլ բան է, որ այս անգամ նրանք կարող են «ցավ պատճառել» ոչ թե իրենց, այլ ազգին: Դա անհրաժեշտ է, որպեսզի սկիզբ առնող ողբերգությունը արագորեն վերածի սովորական ֆարսի: Սա լավ կլինի բոլորի համար, քանզի համընդհանուր քրքիջի մթնոլորտում ներկա «քաղաքական մեղրամիսի» մասնակիցները կհավաքեն իրենց «շորերն» ու կհեռանան ասպարեզից, իսկ Լեռնային Ղարաբաղը կխուսափի իր համար նախապատրաստվող՝ 1915 թվականի կրկնությունից:

Գաբրիել ԵՐԶՆԿՅԱՆ