կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-29 04:27
Մշակույթ

Օշական կարդալու համար պետք է որոշ ճանապարհ անցած լինես

Օշական կարդալու համար պետք է որոշ ճանապարհ անցած լինես

«Արեւմտահայ գրականությունն իմ կյանքն է»,-ասել է արեւմտահայ գրող Հակոբ Օշականը /Հակոբ Քյուֆեճյան/, ում գրական կյանքի մի շարք հարցերին անդրադառնալու, ստեղծագործությունները գրականագիտական արդի չափանիշներով գնահատելու համար էլ այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցում էին գրականագետներ Գրիգոր Պըլտյանը, Մարկ Նշանյանը, Պողոս Սնապյանը, Կիմ Աղաբեկյանը, Հրաչ Սարիբեկյանը եւ այլք:

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը բացման խոսքում նշեց, որ Օշականը մտքի ու գրչի մի վիթխարի հետագիծ է թողել: «Ինքն իր մասին դատելիս` ինքն իր տողով պիտի ասեր. «Կյանքի պարտեզներեն վռնդված եմ», եւ չէր սխալվի, քանի որ իր ստեղծագործությունն իր կենսագրությունն էր, նաեւ մեր ժողովրդի կենսագրությունը»,- ասաց Լ. Գալստյանը:

Գրականագետ Մարկ Նշանյանն իր զեկույցում կարեւորեց Օշականի` գրականությունը որպես վկայություն ընկալելու հանգամանքը:

«Օշականը գրել է անգրելին, սրբագրել` անսրբագրելին, փրկել` անփրկելին... Գրողի մոտ կապ կա սրբերի հետ, եւ սուրբը գրելու հարց կա: Օշականը կորուստն անցնել գիտի»,- ասաց պարոն Նշանյանը:

ԵՊՀ պրոֆեսոր Կիմ Աղաբեկյանն էլ նշեց, որ ինքնաճանաչման դպրոց է Օշականի ստեղծագործությունը: Աղաբեկյանի դիտարկմամբ` Օշականի պատկերած թուրքը միայն դահիճ չէ, այլ նաեւ ողբերգության մարդկային վկայությունը:

«Նրա ստեղծագործությունների հիմնական ատաղձը հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերություններն են: Ուշագրավ է, որ գրողը թուրքի արատավոր կողմերի հետ մեկտեղ ներկայացրել է նաեւ հայերի արատներն ու թերությունները»,-ասաց նա` ավելացնելով, որ Օշականը ոչ միայն անցնում է պատմության միջոցով, այլեւ` պատմությունը կրում է իր մեջ:

«Առաջարկում եմ գրողի երկերը թարգմանել թուրքերեն, որը պետք է արվի պետական մակարդակով»,- նշեց Աղաբեկյանը:

Արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը կարծում է, որ ոչ միայն Օշականի, այլեւ հայ գրականության լավագույն վեպը «Մնացորդացն» է, եւ հայ գրականության համատեքստը Օշական մեկնաբանելու համար շատ նեղ է:

«Այդ ստեղծագործությունը ներկայացնելու համար ես ընտրել եմ գիտակցության հոսքի մեթոդը: Հայ գրականության ամենամեծ երեւույթներից է Օշականը, նման ֆենոմեն մենք չունենք»,- ասաց նա:

Անվանի գրականագետ Գրիգոր Պըլտյանը նշեց կարեւոր մի հանգամանք, որ վեպի արդիական ըմբռնումներին Օշականը տվել է հայկական լուծում:

«Արեւմտահայ վեպը սկսվում եւ վերջանում է Օշականով: Կա հայ գրականություն եւ կա Օշականի գրականություն, որը նույնքան ծավալուն է, որքան հայ գրականությունը: Նրան կարդալու համար պետք է լեզվական իմացություն ունենաս, նաեւ զգացականդ զարգացած լինի»,-ասաց Պըլտյանը: