Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին՝ իրենց զգոնությունը թուլացնել, եւ համագործակցելով, մենք կարող ենք մեր երկրին ապահովել լուրջ հաջողություններ: Այստեղ եւս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, եւ ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին՝ տալ առաջարկություններ»,- երեկ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` փաստորեն կուլիսայինից հրապարակայինի վերածելով ՀԱԿ-ի և իշխանության միջև տեղի ունեցող գործարքի էությունը:
Եթե մինչև հիմա քննարկվում էր ընդամենը երկխոսություն սկսելու հնարավորությունների հարցը, ապա հիմա արդեն պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է ՀԱԿ-ի և իշխանության միջև համագործակցությանը: Պատահական չէ, որ երկու ուժերի հարաբերությունների ձևաչափի մասին խոսելիս նախագահը հենց այդ բառն է օգտագործում:
Եվ արդարադատության նախարարին տված նրա հանձնարարականն այդ համագործակցությանն ուղղված` ընդդիմության երրորդ` «քաղբանտարկյալներին ազատ արձակելու» պահանջի բավարարման նպատակ կարող է հետապնդել: Նախագահի հայտարարությունն, ամեն դեպքում, նոր իրավիճակ է ստեղծում թե այս երկու ուժերի, թե առհասարակ քաղաքական դաշտի համար: Սերժ Սարգսյանը համագործակցության առաջարկ ներկայացնելու մասին հայտարարեց ՀԱԿ-ի` այսօր կայանալիք հանրահավաքի նախօրեին: Ս
ա արդեն երկրորդ անգամ է, որ նա ռևերանս է կատարում ընդդիմության կազմակերպած զանգվածային միջոցառումից անմիջապես առաջ: Նախորդ անգամ դա տեղի ունեցավ մարտի 12-ին, ՀԱԿ-ի հրավիրած հերթական հանրահավաքից ուղիղ երկու օր առաջ: Ակնհայտ է, որ սա մարտավարական քայլ է թե՛ հանրությանը և թե՛ ընդդիմությանը հասկացնելու, որ կատարվող քայլերը և իշխանության դիրքորոշումների փոփոխությունը տեղի են ունենում հենց ՀԱԿ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համատեքստում: Այս անգամ էլ նախագահը ցույց է տալիս, որ թե՛ Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումն արտոնելու, թե՛ մարտիմեկյան դեպքերի հանգամանքները բացահայտելու և թե՛ առաջիկայում ընդդիմության մի քանի ազատազրկված ակտիվիստների հնարավոր ազատ արձակման քայլերն ուղղված են ՀԱԿ-ի պահանջների կատարմանը:
Ամեն դեպքում ապրիլի 28-ի` «ջրբաժանային» անվանված հանրահավաքից ընդամենը մեկ օր առաջ ՀԱԿ-ը ստիպված է լինելու հստակ պատասխանել` պատրա՞ստ է, արդյոք, հրապարակային մակարդակով հաստատելու, որ գործարքը կայանում է: Եթե Կոնգրեսը դրական պատասխանի, կորցնելու է հեղինակությունը իր ընտրազանգվածի առջև: Բացասական պատասխանելու դեպքում ինքնըստինքյան հայտնվելու է ապակառուցողականության դաշտում: Փաստացի իշխանությունը ՀԱԿ-ին հենց այս երկընտրանքն է առաջարկում: Պատահական չէ նախագահի այն ակնարկը, թե` «կարծում եմ, որ մեր համատեղ ուժերով կարող ենք մաքրել այդ հրապարակից այն կեղծ պատկերացումները, որ այսօր, կամ ավելի ճիշտ՝ երեկ, գոյություն ունեին իբրև ծայրահեղականություն սնող մի միջավայր»:
Սա ոչ այնքան էական է իշխանություն-ՀԱԿ, որքան իշխանություն-միջազգային հանրություն հարաբերությունների կոնտեքստում: Եվ հիմա, ՀԱԿ-ի կողմից մերժում ստանալու պարագայում, ինչը գրեթե կարելի է բացառել, իշխանությունը կարողանալու է ցույց տալ, թե իրականում կողմերից որ մեկն է ապակայունության աղբյուրը: Այսօրվա հանրահավաքը, ըստ այդմ, ոչ միայն պետք է պատասխանի` ՀԱԿ-ին բավարարո՞ւմ է, արդյոք, իշխանությանը ներկայացված պահանջների` մինչև հիմա կատարման մակարդակը, այլ նաև այն հարցին, թե նա ընդունո՞ւմ է, արդյոք, համագործակցության առաջարկությունը:
Կոնգրեսն, իհարկե, ամբողջությամբ չի մերժի այն: Սակայն չի էլ ընդունի` թերևս ընտրելով միջանկյալ այնպիսի տարբերակ, որը ՀԱԿ-ին էլ մանևրելու հնարավորություն կտա: Իսկ դրա համար լավ նախադրյալներ է ստեղծում ներկայացված պահանջների լղոզվածությունը, և ՀԱԿ-ը կարող է հայտարարել, թե հետագայի համար որոշիչ կլինի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավոր քայլը, ինչի համար իշխանությունը, գուցե մինչև ամառ ժամանակ տրվի:
Համենայն դեպս, իշխանական թևից հնչող ակնարկները ցույց են տալիս, որ հարցը լուծելու համար հենց այդքան ժամանակ է հարկավոր: Չի բացառվում, իհարկե, որ ՀԱԿ-ը նաև իշխանությունից առաջ ընկնի ու վերջինիս համագործակցություն առաջարկի՝ էֆեկտը չեզոքացնելու համար ինքն առաջինը երկխոսության պլատֆորմը ներկայացնի` իրեն ձեռնտու շեշտադրումներով: Բայց այդ ամենը ոչ թե գործարքից հրաժարվելու արտահայտություն կլինի, այլ արդեն բացահայտված այս առևտրում` իր դեմքը փրկելու միջոց: Սակայն անկախ ամեն ինչից` ՀԱԿ-ին դեռ հարկ է լինելու պարզաբանել` արդյո՞ք ուժի մեջ է այս պահանջները կատարվելուց հետո արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ երկխոսելու իր նախնական պայմանը: Իսկ դա այնքան էլ հեշտ չի լինելու, որովհետև նախագահը իր ռևերանսներով ցույց է տալիս՝ դա չի կարող գործարքի գին լինել:
Գեւորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ