կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-24 05:47
Առանց Կատեգորիա

Մի դրվագ փարիզյան այցելությունից

Մի դրվագ փարիզյան այցելությունից

Կնոջս հետ ծրագրել էինք դեռ նախորդ տարի ձմեռային արձակուրդներին մեկնել Փարիզ: Բուժման խնդիրներ կային, բայց գլխավորը` կարոտել էինք մեր թոռնիկներին: Առաջին անգամ չէր, որ պիտի գնայինք Ֆրանսիա, բայց անսպասելիորեն, առանց որևէ հիմնավորման դեսպանատանը մեզ կտրականապես մերժեցին մուտքի վիզա տրամադրել: Այս տարվա փորձը ավելի հաջող ստացվեց: Ճիշտ է, սկզբում մեզ նորից մերժեցին, բայց, ի վերջո, տղայիս ու հարսիս համառության ու ջանքերի շնորհիվ «բեռլինյամ պատը» փլուզվեց, և հունվարին մենք թռանք Փարիզ:

 

Մեր այցելությունը երկարատև չէր, և օրերը շատ հագեցած էին: Փարիզի տեսարժան վայրերին ու հանրահռչակ թանգարաններին արդեն բավականին ծանոթ էինք: Օրերը արագ ու աննկատ անցնում էին տղաներիս ու ծանոթներիս այցելելով, մեր թոռնիկների հետ ժամանակ անցկացնելով:

 

Փարիզյան օրերի կեսից ավելին հետևում էր, իսկ մենք դեռ ժամանակ չէինք ունեցել զվռնել Լատինական թաղամասով, քայլել Champs Elise-ով, այցելել փարիզյան հինավուրց եկեղեցիները, Էյֆելյան աշտարակը, La Defense մոդեռն թաղամասը… Փետրվարի 6-ին պետք է նշեինք տղայիս տարեդարձը: Նախօրեին ազատ էինք և ես ու կինս որոշեցինք այցելել Notre Dames de Paris տաճարը:

 

Իջանք մետրոյի Saint Michel կայարանում. կամրջով անցանք Սեն գետը ու հայտնվեցինք  գետամիջյամ կղզյակում: Օրը շաբաթ էր, փողոցները այնքան լեցուն չէին մարդկանցով, ինչպես լինում է տարվա տաք ամիսներին: Notre Dame տաճարի մուտքի մոտ երկարուկ հերթ կար, որ շատ արագ էր շարժվում: Ծայրը բռնեցինք, հինգ րոպե չանցած, արդեն հրաշակերտ տաճարի ներսում էինք, վայելում էինք նրա վեհաշուք ճարտարապետական հորինվածքի ներգործությունը, ասես, մարմնի յուրաքանչյուր բջիջով ընկալում տաճարի ներքին տարածության խորհրդավոր կիսախավարը, որ թույլ լուսավորվում էր գույնսգույն վիտրաժները հազիվ հաղթահարող բազմերանգ ճառագայթներով, և մեղմ հնչող եկեղեդական հանգստացնող` աստվածային երաժշտությունը: Թվում էր, սյան հետևում կանգնած տղամարդը Վիկտոր Հյուգոն է, իսկ Քվազիմոդոն վերևից զննում է այցելուներին, փնտրելով իր Էսմերալդային:

 

Կես ժամ հետո, հոգով հանդարտված, դուրս եկանք տաճարից: Որոշակի ծրագիր` ինչ անել հիմա, չունեինք: Ամպամած, թուղպ, տարվա այս եղանակին Փարիզին շատ բնորոշ` քիչ ցուրտ քամոտ օր էր: Կինս առաջարկեց Սենի ափով քայլել մինչև Կոմիտասի արձան: Մի փոքր երկմտելուց հետո համաձայնվեցի, ու սկսեցինք քայլել: Այնքան էլ հստակ չէինք պատկերացնում. ինչ երկարության ճանապարհ պիտի անցնենք: Հետո, երբ քարտեզով նայեցինք, պարզվեց, որ ոտքով անցել ենք Փարիզի տարածքով Սեն գետի հոսանքի երկարության մոտ մեկ երրորդը: Բայց քայլելը առողջարար էր երկուսիս համար էլ:

 

Անցանք Սենի երկու թևերի միախառնման մոտի կամրջով, որը գետամիջյան կղզյակը միացնում է “մայրցամաքին”: Այսուհետ ողջ ճանապարհի ընթացքում ձախից Սեն գետն էր` նրա վրայով գցված բազմաթիվ կամուրջներով, աջից Փարիզի հրաշալիքներն էին` Լուվրը, Տյուիլրի այգին, Կոնկորդի հրապարակը իր հսկայական “սատանայի անիվով” … Ցրտոտ քամին մերթ խփում էր մեր երեսին, մերթ հետևից շտապեցնեւմ էր, որ արագ քայլենք: Սակավաթիվ հանդիպակաց անցորդները խոսում էին աշխարհի ամենատարբեր լեզուներով, նրանց մաշքի գույնը փոխվում էր անընդհատ անցումներով սպիտակից սև, սևից դեղիին, դեղինից սպիտակ, ընդունելով բոլոր հնարավոր երանգները: Մեզ շրջանցում էին հեծանվորդների մեծ ու փոքր խմբերը…

 

Երևի կիսադատարկ պուրակները, մղձավանջային եղանակը, ներքին հոգեվիճակն էր պատճառը, հանկարծ մտքով գնացի հետ, հորս ու տատիս պատմածով ինձ հայտնի դարասկզբի եղեռնի տարիները:

 

Մեծ և ծաղկուն հայկական քաղաք էր Վանը: Բնակչության գերազանց մասը հայեր էին, կային քրդեր, թուրքեր, բոշաներ… Բայց քաղաքի ոգին, շարժիչ ուժը ներկայացնում էին հայերը: Հատկապես գեղեցիկ էր կանաչի մեջ թաղված Այգեստանը:

 

Հինավուրց ժողովուրդ իր հինավուրց հայրենիքի հնագույն մայրաքաղաքներից մեկում: Ավանդապահ, անշտապ, բայց ակտիվ գործունեությամբ լեցուն կյանք: Ամուսնություններ, ծնունդներ, մաքառում, պայքար, հույս:

 

Հովհաննեսը ծնեց Գրիգորին և Ավետիսին: Հաովհաննեսւի ավագ որդի Գրիգորը առաջին ամուսնությունից ծնեց Հայկին Տիգրանին, Գոհարին Վանում ու հետո Երևանում, երկրորդ ամուսմությունից, նույնպես Վանի ծնունդ գեղեցկուհի Սիրանուշից` Անուշին, Քնարին, Հովհաննեսին, Մարուշին, Լենային: Տիգրանը ծնեց Սվետիկին, Սեդային, Գագիկին: Հովհաննես-Օնիկը ծնեց Գրիգոր-Գրիշիկին, Միքայել-Միշիկին, Դավիթին: Հովհաննեսի կրտսեր որդի Ավետիսը առաջին կնոջից Վանում ծնեց Հրանտին ու մի աղջկա, իսկ արդեն Երևանում, երկրորդ ամուսնությունից, նույնպես Վանեցի` Պայծառի հետ, ծնեց Հերմիկին: Հրանտը ծնեց Սամվելին, Արմենին, Մարինեին… Բարձր ազգային ոգու մասին վկայող հինավուրց հայկական անունների շարան, որ երբեմն միայն ընդհատվում է օտար անուններով` արդեն Երևանում: Խաղաղ մարդիկ, որ սերնդե սերունդ զբաղվում էին հյուսնությամբ, մեղվապահությանբ և այլ արհեստներով: Ավաղ, ամեն ինչ ընդհատվեց: Հայը իրավունք չուներ անգամ երազել իր երկրի տերը դառնալու մասին…


Գաղթ, թոհ ու բոհ, հապճեպ փախուստ: Իր նորածին, բարձր ջերմության տակ գտնվող դուստր Հրանուշի հետ ստիպված է լինում Վանում մնալ Ավետիսի առաջի կինը, որովհետև երախան հաստատ չէր դիմանա գաղթի ճանապարհի դժվարություններին: Ի՞նչ եղավ նրանց հետ: Մահացե՞լ են, խոշտանգվելով միայն անունով մարդ գազանների կողմից կամ չդիմանալով բազմաթիվ փորձությոիններին, թե վերապրել են, մնացել են կենդանի հակառակ իրենց գլխին պատուհասած բոլոր արհավիրքների: Պատահաբար ողջ մնալու դեպքում, ովքե՞ր են նրանք ու նրանց սերուդները այսօր` թուրքե՞ր, քրդե՞ր, թե դեռ իրենց ինքնագիտակցությունը պահպանող ծպտյալ հայեր: Ո՞վ գիտի…

 

Ծնունդով Վասպուրական աշխարհի հարևանությամբ` Վանա լճից դեպի հարավ գտնվող ոչ մեծ Մոկս աշխարհից էր մորական տատս` Հռիփսիմեն: Հայրս գաղթի  ժամանակ փոքր է եղել, 3-6 տարեկան (մայրը չկար, խեղճ ժողովրդին բաժին ընկած սարսափների մեջ ո՞վ պետք է մտաբերեր երեխայի ճիշտ տարիքը), և քիչ բան էր հիշում Վանի կյանքից: Ի տարբերություն (հորս), 1901 թվականին ծնված Հրիփսիկ տատս շատ վառ հիշողություններ էր պահպանել իր ծննդավայր Շատախից: Տատիս հուշերում` բացառապես հայերով բնակեցված Շատախը մի դրախտավայր էր յուր հարուստ բնաշխարհով և ավանդապահ ժողովրդով: Քաղաքի աշխատասեր արհեստավոր բնակչությունը իր ստեղծածը արտահանում էր մոտ ու հեռավոր երկրներ, հասնելով մինչև Բաղդադ ու Եգիպտոս: Շատախը շրջապատող անտառները լիքն էին ամենայն բարիքներով: Պարկերով և հատուկ ամաններով անտառներից էին հավաքում ու տուն բերում շատախցիները իրենց ձմեռվա պաշարները` ընկույզը, պնդուկը, տանձը, խնձորը, հատապտուղները…

 

Եվ մի քանի օրվա ընթացքում նրանք կորցրեցին ամեն ինչ, մազապուրծ լինելով թուրքական յաթաղանից: Ծանր գին վճարելով, բազմաթիվ զոհեր տալով հասան մինչև Արաքսի ափ: Այստեղ լուր հասավ, որ խաժամուժ բաշիբուզուկները հավաքվել են, որ հարձակվեն գաղթական թափորի վրա ու բոլորին կոտորեն, թույլ չտալով անցնել Արաքսի այն ափը և փրկվել: Արդեն տղամարդ քիչ էր մնացել գաղթական թափորում: Բոլոր առկա տղամարդիկ հավաքվեցին, զինվեցին ով ինչով կարող էր և պատնեշ կանգնեցին, մինջև նրանց կանայք և երեխաները չանցան Արաքսը: Այդ հերոսներից ոչ մեկը չփրկվեց, բոլորը ընկան, պաշտպանելով իրենց պատիվը և սերունդների ապրելու իրավունքը: Ընկածների թվում էր և տատիս հայրը` Գրիգորը: Փրկվեցին Գրիգորի կինը` Նոյեմզարը, երեխաները` Հռիփսիմեն, Պարգևը, Վարսենիկը:  Արդեն Աշտարակում ծնվեց մուղնեցի Համայակի և շատախցի տասնիննամյա Հռիփսիմեի առաջին երեխան` Հրանուշը, իմ մայրը…

 

Իհարկե, իմ բախտը բերել է: Արմատներիս երեք քարորդով լինելով Հայաստանի արևմտյան նահանգներից, ես այնուամենայնիվ չեմ զրկվել լույս աշխարհ գալու հնարավորությունից: Ի տարբերություն Պոլսի, Անատոլիայի և Արևմտյան Հայաստանի այն հարյուր հազարավոր հայերի, որոնք անողոք սրի են քաշվել իրենց բնակավայրերում, խեղդամահ են արվել Սև ծովի կամ Եփրատի ջրերում, տանջամահ են եղել գաղթի ճամփին կամ Սիրիական անապատում, զրկվելով սերնդաբերելու հնարավորությունից…

 

Այս մտքերով տարված, ես արդեն անուշադիր էի Փարիզյան զմայլքների նկատմամբ, երբ կինս վերադարձրեց ինձ իրականություն: Հեռվում երևացին (ռուս) կայսր Ալեքսանդր երրորդի անվան կամրջի բրոնզաձույլ կերտվածքները: Նրա հարևանությամբ է գտնվում Երևանյան պուրակը, որի սկզբնամասում կանգնեցված է Կոմիտասի արձանը:

 

Այն պարզ է և տպավորիչ: Ոչ մի ավելորդություն, պճնանք:  Կոմիտասը անսասան ժայռի նման ամրակուռ վեր է հառնում պատվանդանից, ասես, հաստատելով հայ ժողովրդի լինելու, ապրելու կամքը, գոյատևելու և իր նպատակների համար պայքարելու անդրդում վճռականությունը: Պատվանդանին ֆրանսերնով հակիրճ տեղեկանք` ով է Կոմիտասը և Օսմանյան Թուրքիայում Եղեռնի զոհ դարձած մեկ ու կես միլիոն հայերի մասին:

 

Շրջապատում ոչ ոք չկա: Կնոջս հետ լուռ վերապրում ենք պահի վեհ խորհրդավորությունը: Ինչպես հետո պարզվեց, երկուսս էլ մտածում էինք նույն բանի մասին: Այս հուշարձանը եվրոպական, բոլոր քազաքակիրթ ժողովուրդների և, առաջին հերթին Ֆրանսիացիների երախտիքի և ապաշխարանքի մի փոքր նշան է` հանուն համամարդկային քաղաքակրթության այդքան զոհեր բերած հայ ազգին:

 

Շուրջ բոլորը լուռ ու դատարկ էր, ոչ մի շունչ չկար: Նկատեցինք, որ հանդիպակաց կողմից մոտենում է մի փոքր խումբ` 7-8 տղամարդ ու կին մի քանի` փոքր ու միջին տարիքի երեխաների հետ: Նրանք արդեն պետք է անցնեին մեր կողքով, հանկարծ կանանցից մեկը անջատվեց խմբից, մոտեցավ հուշարձանին, ուշադիր կարդած պատվանդանին գրվածը ու ձերքով մնացածին կանչեց իր մոտ` ՙԷրմենի, էրմենի՚ բացականչությամբ: Ես ու կինս լուռ հայացք փոխանակեցինք: Աստվածային ինչ նախախնամություն էր, որ  շաբաթօրյա` առավոտյան դատարկ փարիզյան փողոցներում, այն էլ այստեղ, Կոմիտասի արձանի դիմաց պետք է տեղի ունենար այսպիսի հանդիպում: 

 

Խմբի բոլոր անդամները մեկ առ մեկ մոտենում և կարդում էին պատվանդանի վրա ոսկեզօծ տառերով դրոշմվածը ու քթի տակ քմծիծաղ տալիս: Ծանր, լարված րոպեներ անցան: Նրանք բարձր-բարձր խոսում էին միմյանց հետ, հռհռում` մատնացույց անելով Կոմիտասի արձանին, իրենց շարժ ու ձևով արտահայտելով անթաքույս և հազիվ զսպվող հակակրանքն ու ատելութլունը, Խեթ-խեթ հայցքներ  նետելով մեր ուղղությամբ: Զգացվում էր, որ այդքանով նրանք չեն բավարարվում: Երևի նրանց հանգիստ չէր տալիս մեր լուռ արժանապատիվ կեցվածքը: Ըստ երևույթին մեզնից այնպիսի արհամարանք էր ճառագայթում, որ նրանք չէին կարողանում հանգստանալ: Հանկարծակի խմբից անջատվեց 35-40 տարեկան մի տղամարդ, արագ քայլերով մոտեցավ արձանին, ընթացքում հանելով աջ ոտքի կոշիհը, ու կանգ առնելով երկու քայլ չհասած Կոմիտասի արձանին` ուժգին, ամբողջ թափով, անգամ մարմնով թեքվելով առաջ կոշիկով հարվածեց նրան:

 

Մի պահ ես ու կինս ապշահար, ցնցված անշարժ քարացանք, բևեռելով մեր հայացքները այդ ճիվաղին: Մեզ համար անըմբռնելի էր տեղի ունեցածը: Այդ քստմնելիի  արարքը չէր տեղավորվում մեր ուղեղներում: Խփել ու՞մ, արձանի՞ն: Նրա ո՞ր մեղքի համար: Գուցե այդ ՙհերոսը՚ իր քայլը համեմատում էր Բուշին հարվածող արաբ լրագրողի քայլի հետ: Բայց քո դեմ արձան է, որը պատասխանել, պաշտպանվել չի կարող: Էհ, քո նախնիները նույնպես էին վարվում անպաշտպան երեխաների. նրանց մայրերի, զառամյալ ծերունենրի հետ:  Մահացած զոհերիի ոգի՞ն էլ ոճրագործին հանգիստ չի տալիս (թողնում): Գրեթե հարյուր տարի է անցել, բայց ոչինչ չի փոխվել նրանց մեջ, նրանք նույնն են մնացել:

 

Ահա թե որտեղ էր անհրաժեշտ ցեղասպանությունը հերքելու համար դատական պատասխանատվության կանչելու օրենքը… Ես ու կինս հայացքով փնտրում էինք մի ոստիկանի, սակայն շրջապատում դատարկ էր ու սառը անդորր…

 

Ինչ կատարվց ինձ հետ, չեմ կարող բացատրել: Հոգիս աղաղակեց, հարյուր հազարավոր անմեղ զոհերի կուտակված ցասումը պոռթկաց իմ մեջ: Ես պետք է վրեժ հանեի իմ զոհված պապի, ակամա գերված կամ խոշտանգված տատի ու հորաքրոջ, իմ ազգի միլիոնավոր զոհերի, հայրենիքը կորցրած ու աշխարհով մեկ ցիրուցան եղած նրանց փրկված սերունդների համար: Շարժումներս ենթագիտակցական էին: Հաստատուն քայլերով մոտեցա այդ միայն արտաքնապես մարդու նմանվող էակին ու քացով իջա նրա փափուկ տեղին:

 

Երևի հարվածս հնարավորից ուժեղ ստացվեց: Դա էր պատճառը, թե անսպասելությունը, հանկարծակիի գալը` չգիտեմ, բայց տղամարդը երկու քայլ առաջ գնաց ու երերաց, հազիվ կարողանալով մնալ ոտքերի վրա ու չփռվել գետնին: Հիմա նրա հերթն էր ապշելու ու զարմանալու: Չէր հասկանում, ինչ կատարվեց, չէր սպասում այդպիսի պատասխան ստանալ իմ տարիքի` մեղմ ասած, ոչ երիտասարդ մարդուց: Քարացել էր նաև նրան ոգևշնչող ոհմակը:

 

Նրանց շփոթվածությունը տևեց մի քանի վարկյան ու տեղը զիջեց անորոշութոյանը` հիմա ի՞նչ անել: Թուրքավարի կշռադատելով իրադրությունը` իրենք մի տասնյակ են, մենք` երկուսով, իրենք երիտասարդ են, մենք` բավականին տարեց, որոշեց հարձակվել վրաս: Գուցե նրան թվում էր, որ ես վախենալու եմ կամ փախուստի եմ դիմելու: Չէ, դրանում թուրքը սխալվում է: Այսօրվա հայը այն չէ, ինչպիսին էր 100 տարի առաջ: Նա վրեժ ունի լուծելու, հայրենիք պետք է վերադարձնի… Եվ այդ նպատակների հանար կանգնելու է աննահանջ, ժայռի պես: Համոզվելով, որ ոչ թվային գերակշռությունը, ոչ էլ տարիքային առավելությունը իրենց ոչինչ չի տալու, նրանք, ճիշտ է, մի քիչ էլ հոխորտացին, ոգեկոչվելով իրենց կանանց կողմից, բայց այնուամենայնիվ լավագույնը համարեցին գլխիկոր հեռանալ:

 

Կինս ու ես հինգ րոպե էլ կանգնեցինք Կոնիտասի առաջ` հոգու պարտքը կատարած զգացմունքով մեր սրտներում, հետոշարժվեցինք դեպի Champs Elise: Այստեղ ոստիկանների պակաս չկար…

 

Կիրակի օրը երեկոյան նշում էինք միջնեկ տղայիս ծննդյան օրը: Նեղ շրջանակով` մենք, տղաներս, հարսներս, թոռներս: Եվրոպայի սրտում` Փարիզում, Իտալական հրապարակի բարձրահարկ շենքի 12-րդ հարկում, իսկական հայկական սեղան էր, իսկական հայկական մթնոլորտ: Պատմեցի շաբաթ օրվա պատահարը, ուրախացանք: Ընկանք երազանքների գիրկը… Մի սքանչելի օր բոլորս միասին հավաքվենք Վանում, Վանում հայկական համալսարան հիմնենք… 

 

Հաջորդ օրը, երկուշաբթի առավոտյան` լուսաբացին ծնվեց կրտսեր որդուս առաջնեկը` Ավետիսը:

 

Ս.Դ.