կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-23 04:48
Քաղաքական

Բարոյական հաղթանակներով չհպարտանալու ժամանակն է

Բարոյական հաղթանակներով չհպարտանալու ժամանակն է

Փաստ է, որ այլեւս թուրք-հայկական արձանագրությունները որպես այդպիսին գոյություն չունեն եւ դա ցանկացել է թուրքական կողմը, թեեւ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հակառակն է պնդում` իր հարցազրւոյցների ժամանակ.

«Սակայն ինձ համար հարգանքի արժանի է  ԱՄՆ պետքարտուղարի տեղական Գորդոնի հայտարարությունը, որտեղ ասում է, թե մենք գտնում ենք, որ Թուրքիայի պատճառով արձանագրությունները կասեցված են եւ ողջ մեղքը բարդում ենք Թուրքիայի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Նրա խոսքերով, այս դեպքում ՀՀ-ից շատ քիչ բան է կախված եւ անելիքներ գրեթե չկան. «Մենք հաճույքով ասում ենք, որ այժմ գնդակը գտնվում է Անկարայի դաշտում, բայց դա լավ չէ, քանի որ փաստորեն խաղն էլ է գտնվում Անկարայի ձեռքում»,- ասաց թուրքագետը:

Եվ ԱՄՆ-ի հետ էլ` կապված Ցեղասպանության ճանաչման հետ, ՀՀ-ն գրեթե անելիքներ չունի եւ միայն սպասողի դերում է: Թե արդյո՞ք այս տարի Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը, Ա. Շաքարյանը պատասխանեց, որ դա չպետք է մեզ այդպես հուզի, քանի որ ժամանակին Ռեյգանն արտասանել է այդ բառը, սակայն դրանից ոչինչ էլ չի փոխվել:

Թուրքագետը նշեց, որ ԱՄՆ-ում նախագահի խոսքը հարգանքի արժանի է, սակայն այն իրավական ուժ չունի եւ նույնիսկ նրա որոշումը կարող է չեղյալ համարվել ավելի ցածր օղակներում:

«Ուստի Օբամայի հայտարարությունը պարզապես բարոյական հաղթանակ է մեզ համար, որեւէ լուրջ իրավաօրենդրական հետեւանք չի ունենալու»,- Ա. Շաքարյանը ընդգծեց, որ վաղուց ժամանակն է սիմվոլիկ քայլերի հետեւից գնալու փոխարեն հարցը օրենսդրական հարթությունում բարձրացնելու համար:

Եվ արդեն իսկ, բարեբախտաբար, սկսել ենք խոսել պահանջատիրության մասին` օրենքի լեզվով: Անցյալ տարվանից մի շարք դատական գործեր են հարուցվել թուրքական տարբեր կազմակերպությունների դեմ. «Ի դեպ ասեմ, որ դա Անկարային ցայտնոտի մեջ է գցում, քանի որ հասկանում է, որ իրավական դաշտում այդքան էլ պատրաստ չէ պատասխանել»:

Ինչ վերաբերում է այս օրերին հայկական ծագում ունեցող հայ աստղերի արշավներին ու հայտարարություններին, Ա. Շաքարյանը պատասխանեց, թե ամերիկացիները սիրում են հուզականությունը, սակայն երբ խոսքը վերաբերում է իրական քաղաքականությանը, ապա գործում են միայն չոր հաշվարկները:

Եվ այս դեպքում շատ կարեւոր է, որ Սփյուռքում ունենանք ոչ միայն հայտնի աստղեր, այլեւ վերլուծական կառույցներում, համալսարանների թուրքագիտության եւ հայագիտության ամբիոններում պատրաստվեն երիտասարդ կադրեր, որոնք հետագայում մեծ դեր կունենան ԱՄՆ-ի հասարակական-քաղաքական դաշտը ձեւավորելու հարցում: