կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 23:15
Հասարակություն

Անհեթեթ իրավիճակ` Վրաստանի սահմանին

Անհեթեթ իրավիճակ` Վրաստանի սահմանին

Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում մաքսային ծառայության հերթափոխի պետն արդեն 10 ժամ է` թույլ չի տալիս ԵՐԿԻՐ օրաթերթի լրագրող Գալուստ Նանյանին Վրաստանի տարածք անցկացնել իր լուսանկարչական աշխատանքները:

Այսօր ժամը 15:00-ին Թբիլիսիի Կովկասյան տանը նախատեսված է Գ. Նանյանի` «Կովկասի ջրեր» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

«Մաքսային ծառայության հերթափոխի պետը, որի անունը Մալխաս է, պատճառաբանում է, թե ես իմ լուսանկարները ոչ թե տանում եմ ցուցահանդեսի, այլ Վրաստան եմ ներմուծում վաճառելու նպատակով: Մի քանի կազմակերպություններ արդեն իրենց նամակներով դիմել են համապատասխան մարմնի ներկայացուցչին, որ իրենք են հրավիրել ինձ` ցուցահանդես անցկացնելու համար, սակայն Մալխասը չի համաձայնում, եւ ինձ համոզում է, որ ես իմ 101 լուսանկարը պետք է անպայման մաքսազերծեմ ու ամեն մի լուսանկարի համար վճարեմ իրենց կողմից գնահատված արժեքի 3 տոկոսը: Իմ հաշվարկներով`  «օրինապաշտ» մաքսային աշխատակիցը վրացական բյուջե է ցանկանում ուղղել մոտավորապես 200-ից 250 լարի: Ես արդեն Թբիլիսիում եմ, սակայն լուսանկարներս մնացել են Բագրատաշենում»,- մեզ տեղեկացրեց Գալուստ Նանյանը:

Նա նաեւ հավելեց, որ վաղը հանդես է գալու վրացական լրատվամիջոցներով եւ իր դժգոհությունն է հայտնելու միջադեպի կապակցությամբ: «Իսկ Հայաստան հասնելուն պես իմ կոշտ դիրքորոշումն եմ հայտնելու ՀՀ մշակույթի նախարարությանը, քանի որ վերջիններիս ես մինչ այդ դիմել էի ինձ փաստաթուղթ տրամադրելու խնդրանքով, որպեսզի խնդիրներ չունենամ սահմանին, իսկ նախարարությունից ինձ հայտնել էին, որ նման դեպքում նրանք փաստաթուղթ չեն տրամադրում»,- նշեց մեր թղթակիցը:

Նշենք, որ ցուցահանդեսին հրավիրվել են Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների, հասարակության եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: