Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ կառավարությունում երեկ քննարկել են գարնանացանի ընթացը. գյուղատնտեսության նախարարության, Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի եւ ագրոտնտեսությունների պատասխանատուների մասնակցությամբ վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել. տեղեկացնում է կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ հանրապետությունում կատարվել է 1758 հա հերկ, որից 1100 հա` որպես աշնանացան, իսկ մնացած հողատարածքները նախատեսված են գարնանացան մշակաբույսերի համար:
«Դաշտերը մշակված են, կատարված են անհրաժեշտ սնուցումն ու մյուս միջոցառումները, առանձին մշակաբույսեր արդեն ցանված են: Ագրոտնտեսությունների կողմից որոշ մշակաբույսեր` սոյա, հնդկաձավար, ռապս եւ այլն, հանրապետությունում մշակվում են առաջին անգամ: Օգտագործվող սերմերի հիբրիդները ենթադրում են բարձր բերքատվություն, իհարկե, մշակությունը ճիշտ ու ժամանակին իրականացնելու դեպքում»,- տեղեկացրել է Վահրամ Բաղդասարյան:
Վարչապետի խոսքերով՝ այս տարվա փորձը պետք է օրինակ հանդիսանա սովորական հողամշակի համար, թեւե աշխատանքներն անթերի չեն ընթանում: «Ցանկացած բացթողում նշանակում է մի քանի տարով գյուղատնտեսության զարգացման հետաձգում»,- նշել է Ա. Հարությունյանը եւ հորդորել բոլոր աշխատանքները կատարել որակով եւ ժամանակին:
Իսկ մեքենատրակտորային կայանները տեխնիկայով համալրելու խնդրի մասին խոսելով` վարչապետը նշել է, որ կայանները ուռճացնել պետք չէ, մանավանդ, որ բավարար չէ տեխնիկայի նկատմամբ վերահսկողությունը:
«Գյուղտեխնիկան լիզինգով մասնավոր հատվածին տրամադրելը ավելի ձեռնտու է»,- ընդգծել է Արա Հարությունյանը՝ գյուղնախարարության եւ հիմանդրամի պատասխանատուներին հանձնարարելով հատուկ դասընթացներ կազմակերպել մեխանիզատորների համար, իսկ ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունները եւ տեխնիկայի նկատմամբ վերահսկողությունը հասցնել պատշաճ մակարդակի: