Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սկսած 2011թ. մարտի 12-ից, երբ ՀՀ նախագահի մասնակցությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ գյուղատնտեսության զարգացման 2011թվականի ծրագրերի եւ հիմնախնդիրների շուրջ խորհրդաժողով, ակտիվացել են գյուղին ու գյուղացուն օգնելու վերաբերյալ «կառավարական» խոսակցությունները: Սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները, եւ գյուղացուն օգնելու ամենամեծ անհրաժեշտությունը հենց հիմա է:
Օրերս այցելելով Արարատի մարզ` մեզ հետ զրույցի բռնված մարդկանց հուզող ամենամեծ հարցերը կապված էին սերմացուի, մթերման, թունաքիմիկատների եւ ոռոգման ջրի հետ: Արարատյան դաշտավայրում հիմնական արտադրանք համարվող խաղողի մթերման որեւէ պայմանագիր դեռ կնքված չէ:
«Առաջ լավ էր, նորմալ մթերում էինք, բայց քանի տարի է արդեն, որ քիչ են մթերում: Ով 50 տոննա ուներ, մթերում է 40-ը, 20 տոննայից 15-ն են ուզում: Մնացած խաղողի ձեռքը կրակն ենք ընկնում: Դռնեդուռ ենք ընկնում, ոչ մի գործարան չի ընդունում: Ասում ա՝ արի ապրանքը տուր 60-80 դրամով»,- դժգոհում է լուսառատցի Անդրանիկ Ավետիսյանը:
«2007-ից մեր Մասիսի պունկտը բացվել էր, պարոն Ծառուկյանը երկու տարի նորմալ ընդունեց, առաջին անգամ 170, երկրորդ անգամ` 140 դրամով, ճանապարհածախս էլ տվեց: Հետո չհասկացանք ինչի «Վանը» չեն ընդունում: Նորաբացի մեծ մասը «Վան» տեսակի խաղող ունի: Ես պայմանագիր ունեի «Մուլտի գրուպի» հետ «Վան» սորտի համար: Հիմա էլ ասում են` «Մեղրաբույր» դրեք: Լավ, հո ես գիժ չե՞մ, որ տարին մեկ խաղող տնկեմ»,- դժգոհում է նորաբացցի Աշոտը:
Գյուղացիները դժգոհում են ոչ միայն մթերող կազմակերպությունների կամայականություններից, այլեւ գյուղացի-պետություն կապի խզված լինելուց: Ըստ գյուղացիների` պետությունը իրենց թողել է միայնակ մթերող կազմակերպությունների դեմ: Երբեւէ հաշվարկ չի արվում, գյուղատնտեսական ռազմավարություն մշակված չէ, գնային շեմ չի սահմանվում, մթերող կազմակերպությունների դեմ որեւէ արգելանք կամ պարտավորություն չի դրվում, եւ այս ամենը աշխատում է ի վնաս գյուղացու:
«Գյուղացիներով գնում էինք կառավարություն բողոքելու, ասին` մի գնացեք, գալիս ա տարածքային կառավարման նախարարը: Եկավ ու ասաց. «Մենք իրավունք չունենք գին ասել, գործարանը մասնավոր է ու իրավունք չունենք ասենք, որ մթերի»: Բա մենք ձեզ ենք ընտրել կառավարություն, ո՞ւմ բողոքենք: Եթե դու իրավունք չունես, բա էլ խի՞ ես եկել, որ ի՞նչ անես»,- դժգոհում է քաղցրաշենցի Համազասպ Աբրահամյանը:
Գյուղացիները նշում են, որ անցած տարի խաղողը մթերել են 90 դրամով, ավելի քիչ կամ նույն գնին, ինչ-որ նախորդ տարիներին: Անցած տարի եղավ կառավարության որոշում, եւ օղին 700 դրամից էժան չի վաճառվում: Եվ հիմա գյուղացիները ուզում են հասկանալ, թե ինչպե՞ս եղավ, որ խաղողի մթերումը տարեցտարի էժանանում է, օղին` թանկանում:
«Ունենք գյուղապետարան, չունենք նորմալ մասնագետ, որ խորհուրդ տա, թե էս դեղը օգտագործեք: Գնում-բերում ենք, ոչ մեկը լավը չէ, սրսկում ենք, շատանում են թե՛ կրծողները, թե՛ բերքը չորանում է ու նեխում»,- ասում է լուսառատցի Անդրանիկ Ավետիսյանը:
Քաղցրաշեն գյուղում ուշադիր կարդացել են նախագահի ելույթն ու ուրախացել, որ գյուղացու կողքին է կանգնելու կառավարությունը, սակայն. «Անցած տարի թունաքիմիկատներից «Կապույտ քարը» 1000-1100 դրամ արժեր: Մեր նախագահը ժողովրդի մասին շատ լավ բան ասաց, ասաց, որ կանգնելու է գյուղացիների կողքին: Երկու օր հետո «Կապույտ քարի» գինը դարձավ 2000 դրամ, կիրը, որ 100 դրամ էր, դարձավ 200: Անցյալ տարի պարարտանյութն առնում էինք 6600, նախագահի ելույթից հետո` 7200: Էդ ո՞նց ա լինում, որ նախագահը խոսում ա մեր վիճակի թեթեւացման մասին, մենք էլ գնալով վատ ենք ապրում»,- ասում է քաղցրաշենցի Համազասպ Աբրահամյանը եւ կես-կատակ, կես-լուրջ` ավելացնում. «Հիմա ի՞նչ, խնդրենք, որ նախագահն էլ ելույթ չունենա՞»:
Ոռոգման ջրի վերաբերյալ եւս դժգոհում են գյուղացիները` թե՛ գնի, թե՛ վատ ոռոգելու համար: «Վարչապետն ասաց` մինչեւ 2010 թվականի դեկտեմբերը ոռոգման ջրի պարտքերը սառեցնում ենք: Աշխատողներն եկել են, ասում են փողը տուր, ասում ենք` բա հրաման կա, բան կա: Ասում են` մենք էդ հրամանը չենք ստացել: Այսինքն՝ պիտի վարչապետը ամեն մեկին զանգի ու անհատական ասի` գիտե՞ս, հսկիչ էսինչյան, փող չուզե՞ս»,- դժգոհում է քաղցրաշենցի Համազասպը:
Գյուղացիները հույս չունեն որեւէ օգնություն ստանալ կառավարությունից: Ու կոչ են անում սահմանափակել վերջինիս անպտուղ այցելությունները մարզեր: «Նախարարներ են գալիս, ահագին ավտոբուսներով, մեքենաներով, անկապ տեղը մի աշխարհ մարդ ա գալիս: Կանգնում, լսում ու գնում են, ոչ մի կոպեկի օգնություն չեն տալիս: Հենա թող էդ 30 «ջիպի» ու ավտոբուսների համար դուրս գրած ծախսերը հատկացնեն էն գյուղին, որ պիտի գնան, գյուղի բնակիչներին ալյուր, պարարտանյութ ու էլի ինչ-որ եսիմինչեր տան: Դրանից ավել օգնություն հազիվ էլ մեզ անեն»,- ասաց շահումյանցի Խաչիկը:
Խնդիրները շատ են, լուծումը` հեռու ու թվում է` անհնար: Սրանք այնպիսի խնդիրներ են, որոնք վեր են գյուղացու ուժերից եւ դարձել են անհաղթահարելի: Միայն պետությունը կարող է օգնել: Կառավարությունն է, որ ի զորու է եւ պարտավոր լուծել գյուղացու խնդիրները: Իհարկե՝ ոչ ելույթներով:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ