կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-29 13:05
Առանց Կատեգորիա

Ի պատասխան Մամեդյարովի ելույթի

Ի պատասխան Մամեդյարովի ելույթի

 

Ավարտվեցին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հիմնական քննարկումները: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթից հետո Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ տեղի են ունեցել քննարկումներ:

 

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ Մամեդյարովի ելույթում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին հղումները նրա երեւակայության արդյունքն են: Ըստ նրա` Մամեդյարովը դեռեւս կարծում է, թե սառը պատերազմի շրջանի քարոզչությունն ու ՄԱԿ-ում հակահայկական հայտարարությունները կարող են արդյունավետ գործիք լինել իր երկրի դիրքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններում ամրապնդելու համար, բանակցություններ, որոնք նպատակաուղղված են ԼՂ հիմնահարցի համապարփակ, այլ ոչ թե քայլ առ քայլ կարգավորմանը, ինչպես որ նշում է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

 

Հերքելով ՄԱԿ-ի բանաձեւերում Հայաստանի «ագրեսիայի», ՀՀ զինված ուժերի դուրսբերման պահանջների, ինչպես նաեւ «20 տոկոս տարածքների զավթման արդյունքում 1 մլն փախստականների» մասին ձեւակերպումները` դեսպան Նազարյանը ընդգծել է, որ նախարարի ելույթում հնչած մեղադրանքներն ու փաստերի նմանօրինակ աղավաղումն անհիմն են, անարդյունավետ ու վնասում են բանակցությունների ընթացքին, միջազգային կազմակերպությունների աշխատանքին` արհեստականորեն ձգձգելով կառուցողական այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ԼՂ ժողովրդի պահանջները բավարարելու համար:

 

Նշվել է նաեւ, որ Ադրբեջանն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները ԼՂ նկատմամբ` ի պատասխան վերջինիս ժողովրդի կողմից ինքնորոշման իր իրավունքի կիրառման: ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ եթե Ադրբեջանն աղավաղված փաստերի միջոցով մոլորության մեջ է գցում իր ժողովրդին, ապա դա դեռեւս չի նշանակում, որ նույն բանը կարող անել նաեւ միջազգային հանրության հետ: