Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2011 թվականի առաջին եռամսյակն աննախադեպ էր լրատվամիջոցների դեմ դատական հայցերի ներկայացման առումով. արդեն գրանցվել է տասը դեպք:
Այս մասին այսօր ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով «Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների» մասին եռամսյակային զեկույցը:
Լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու այս պրոցեսը սկսվել է դեռեւս նախորդ տարվա երկրորդ եռամսյակից, երբ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվեցին:
Եվ այս քայլը միջազգային ատյանների կողմից գովասանքի արժանացավ, սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, այն ավելի վատ ազդեցություն ունեցավ առկա իրավիճակի վրա:
Ա. Մելիքյանը նշեց, որ երբ օրենքներում փոփոխություններ անելու նախագիծը ներկայացվել էր ԱԺ, մի շարք մատահոգություններ են եղել, որոնցից մեկը կապված է եղել փոխհատուցման չափի հետ:
Ըստ փորձագետի` այժմ էլ դատական հայցերից նկատելի է դառնում, որ պատգամավորներն ու քաղաքական գործիչները պահանջում են սահմանվածի գրեթե ամենաբարձր չափը, ինչը ցույց է տալիս, որ դատարանով փորձում են հաշվեհարդար տեսնել լրատվամիջոցի հետ:
Կոմիտեն խոսքի ազատության եւ լրատվամիջոցների նկատմամբ իրավախախտումները բաժանում է երեք խմբի` ֆիզիկական բռնություններ, ճնշումներ ԶԼՄ-ների եւ դրանց ներկայացուցիչների վրա (տարատեսակ կոնֆլիկտներ, սպառնալիքներ) եւ տեղեկատվություն ստանալուն ու տարածելուն ուղղված խոչընդոտումներ:
Ուրախալի փաստ է, որ այս եռամսյակում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունների դեպքեր չեն գրանցվել: Բանախոսը նշեց, որ այժմ կոնֆլիկտները բռունցքներով լուծելու փոխարեն նախընտրում են դիմել դատարան: Եվ արդեն հարցի մյուս կողմն է, որ մեր երկրում դատարանները անկախ չեն եւ հաճախ որոշ ուժերի ձեռքին հաշվեհարդարի միջոց են դառնում:
Դատական հայցերը ընդգրկվել են «լրատվամիջոցների դեմ ճնշումներ» խմբում. «Եթե 2010-ի առաջին եռամսյակում ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 4 փաստ էինք արձանագրել, ապա 2011-ի առաջին եռամսյակում 15 փաստ է եղել»,- ասաց Ա. Մելիքյանը:
Սակայն նվազել են տեղեկատվություն ստանելու եւ տարածելու հետ կապված իրավախախտումները. նախորդ տարվա առաջին եռամսյակում գրանցվել էր 6 դեպք, իսկ այս տարի` 4: