Փոխարժեքներ
08 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.47 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 3.7947 |
GBP | ⚊ | £ 493.41 |
GEL | ⚊ | ₾ 139.63 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Նա այցելել է Գյումրի քաղաքի նորակառույց «Մուշ-2» թաղամաս, ծանոթացել կառուցապատման աշխատանքներին և շենքերի բնակարանային պայմաններին:
Նորակառույց թաղամասում շրջայցի ժամանակ հանրապետության ղեկավարին ներկայացվել է Շիրակի և Լոռու մարզերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի, ինչպես նաև «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակեցման ընթացքը: Նշվել է նաև, որ «Մուշ-2» թաղամասում, կառավարության որոշմամբ, պաշտպանության նախարարությանը տրամադրվել է ութ բնակարան` Շիրակի մարզում հաշվառված անօթևան զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին հատկացնելու համար:
Արդեն ավարտվել են ութ ընտանիքի վերաբերյալ փաստաթղթային և բնակարանային պայմանների ուսումնասիրությունները, վիճակահանությամբ բաշխվել են բնակարանները, և այսօր պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից այդ ընտանիքներին հանձնվել են իրենց բնակարանների հավաստագրերը:
Երկրի ղեկավարը Գյումրիից մեկնել է Ամասիայի շրջանի Բանդիվան համայնք, այցելել մարտական հենակետում 20.01.2011թ. հակառակորդի կողմից հրազենային գնդակից մահացու վիրավորված և զոհված պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն: Նախագահն իր ցավակցությունն է հայտնել ազատամարտիկի ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել Հովհաննեսի նման որդի դաստիարակելու համար և ներողություն խնդրել, որ չկարողացավ պահպանել նրա կյանքը:
«Որպես երկրի նախագահ` կարող եմ ձեզ խոստանալ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի, որ այդ խաղաղությունն արժանապատիվ լինի: Դա լավագույն հարգանքի տուրքը կլինի մեր բոլոր զոհվածների հիշատակին: Նրանք կարողացան կյանքի գնով պաշտպանել մեր Հայրենիքը, մենք կկարողանանք արժանապատիվ խաղաղություն կնքել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Այնուհետև նա Հովհաննեսի հոր և պապի հետ այցելել է ազատամարտիկի շիրիմին:
Ամասիայի շրջանում նախագահն այցելել է նաև Բանդիվան համայնքում գտնվող «Բանդիվան կաթ» ՍՊԸ, ծանոթացել գյուղական համայնքում գործող այս ընկերության աշխատանքներին, հետաքրքրվել մթերման և արտադրական ծավալների ընդլայնման հնարավորություններով:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ ընկերությունը գործում է 2007 թվականից, զբաղվում է կաթի վերամշակմամբ` կարագի և պանրի արտադրությամբ, ինչպես նաև խոզաբուծությամբ: «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ում նախագահին խոստացել են ընդլայնել արտադրական ծավալները, որը զգալիորեն կնպաստի նաև գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Բանդիվանում երկրի ղեկավարին ներկայացրել են համայնքի առավել կարևոր խնդիրները: Դրանք վերաբերել են գազիֆիկացմանն ու գյուղտեխնիկայի ձեռքբերմանը: «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի սեփականատերը նախագահին խոստացել է զբաղվել գազիֆիկացման խնդրի լուծմամբ ևս, ինչն այսօր համայնքի համար առավել քան հրատապ է` նկատի առնելով, որ ս.թ. ապրիլի 1-ից գազի գինը նվազելու է: Սերժ Սարգսյանը համայնքապետի հետ զրուցել է գյուղի զարգացման խնդիրների շուրջ, խոստացել, որ կաջակցի անհրաժեշտ գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցում:
Լուսանկարները տե'ս այստեղ: