Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի վերաբերյալ թե' իշխանական, թե' արմատական ընդդիմադիր մամուլում եղած արձագանքը` հիվանդագին ծաղրը, արվում է նույն բառապաշարով, քանի որ նույն «կաբինետից» է ուղղորդվում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՌԱԿ ատենապետ Էդուարդ Անտինյանը:
Նա նշեց, թե, անկախ այն բանից` կո՞ղմ է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելու քայլին, թե՞ ոչ, իր պարտքն է համարել գնալ նրա մոտ, զորակցել եւ մի քանի ժամ անցկացնել նրա կողքին:
«Հացադուլը լուրջ քաղաքական ակցիա է, նաեւ ինչ-որ տեղ ցույց է տալիս, որ մարդը պատրաստ է գնալ զոհողության` իր ասելիքը տեղ հասցնելու համար»,- նշեց Է. Անտինյանը` հավելելով, որ անկախ այն բանից, թե ինչ գնահատական կտրվի այդ քայլին, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացներում այն հետեւանք կունենա:
Օրինակ` արդեն իսկ որոշակի ալիք առաջ բերեց այն, որ Ազատության հրապարակում` հանրահավաքի ժամանակ, Լեւոն Տեր- Պետրոսյանն այդպես էլ չմոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին: Դրա պատճառը, ըստ ՀՌԱԿ ատենապետի, այն է, որ ՀԱԿ առաջանորդը չի ցանկանում այլ մեկի` որպես ընդդիմադիր դիտարկել:
Նույն կարծիքին էր նաեւ քաղաքական գործիչ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Նա նշեց, որ ինքը դեռեւս 2007 թվականի դեկտեմբերին է ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր թիմակիցների նպատակն անցյալի կեղտերից մաքրվելը եւ որպես միակ ընդդիմադիր ներկայանալն է:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, Արշակ Սադոյանն ասաց, որ այդ քայլն այնքան էլ հեռանկարային չէ, եւ ինքն այդ մասին ասել է հենց Րաֆֆի Հովհաննիսյանին` Ազատության հրապարակ այցելության ժամանակ:
«Ես փորձեցի համոզել նույնիսկ, որ իմաստ չունի, չի ստացվի եւ այլն, բայց որոշողն ինքն է: Ես կարծում եմ մի բան միայն` իսկապես ցավալի էր, որ օգտագործեցին առիթը, գնացին Ազատության հրապարակ, բայց Լեւոն Տեր Պետրոսյանը չցանկացավ նույնիսկ մոտենալ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մեծագույն քաղաքական գործիչը հացադուլի էր նստել, ո՞նց կարելի էր չմոտենալ»,- նշեց Ա. Սադոյանը:
Սակայն, ըստ նրա, Լ. Տեր-Պետրոսյանին եւս 7 տարի արմատական ընդդիմություն խաղալ չի հաջողվի, եթե նա չկարողանա իրականացնել իր շուրջը համախմբված մարդկանց ակնկալիքները: Իսկ իշխանության այն քայլը, թե կարելի է իր կողմը քաշել հեղինակություն ունեցող ուժերին, կոալիցիոն հուշագիր կնքելով կամ ՀԱԿ-ի հետ համաձայնության գալով, չի հաջողվի, եթե երկրում դրական փոփոխություններ չնկատվեն:
Եվ այս դեպքում, Է. Անտինյանի խոսքերով, ժողովուրդը նոր առաջնորդ կընտրի. արդեն իսկ կան մարդիկ, ովքեր ցանկանում են թողնել Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն դեռ չկա այն ընտրյալը, ում կհետեւեն. «Այն մարդիկ, ովքեր ինքնամոռաց սիրում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, որպես կանոն, հենց նրանք են ավելի դաժանորեն ատում նրան: Քանի որ, ով անտարբեր է, նրա զգացմունքը առանձնապես տատանումներ չի ունենում»: