կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-18 21:45
Հասարակություն

Անտեր ու դուս…

Անտեր ու դուս…

Վանաձորի ավտոկայանում տարին մեկ է այսպիսի բան պատահում: Երեկ վաղ առավոտից բացակայում էին Երևան մեկնող բոլոր միկրոավտոբուսները և երթուղային տաքսիները:  Մարդիկ ժամերով սպասում էին, սակայն ապարդյուն. մեքենաներն այդպես էլ չերևացին:

 

«Տարվա մեջ մի անգամ կարանք հանգստանանք: Ես այսօր վարորդ չեմ»,- պատասխանեց Վանաձոր-Երևան երթուղու վարորդներից մեկը` մեր այն հարցին, թե ինչո՞ւ երթ չունեն:

 

Ավտոկայանում հավաքված տասնյակ մարդիկ փորձում էին ինչ-որ կերպ  հասնել մայրաքաղաք: Նրանց մի մասը նույնիսկ տեղյակ չէր ո'չ հանրահավաքից, ո'չ էլ երթուղայինների անհետացման պատճառից:  Հավաքվածներից մեկն, օրինակ, օդանավակայան էր շտապում, մի  ընտանիք հիվանդանոց էր գնում, ուսանողներ կային, ովքեր քննության ու դիպլոմայինի պաշտպանության էին: «Էս հրաման տվողը  փաստաթուղթ կտա՞, որ բացակայի քննությունից»,- մեզ հարցնում է ուսանողներից մեկի հայրը ու հավելում, որ «միտինգ գնացողը վաղուց է գնացել` գիշերը»:


 Անհատ տաքսիստներն էլ օգտվում էին առիթից: 2000 դրամի փոխարեն «ներքին կարգով» 3000-ով էին մարդկանց տեղափոխում:


Այս անգամ ոստիկանության հետ բախումներ չեղան` չնայած նրանց ներկայությունն այնքան էլ աննկատ չէր: Ոստիկաններից մեկին հարցրինք` շատ չե՞ն մի տեղի համար, պատասխանեց, թե իրենց ամենօրյա ծառայությունն են կատարում:

 

Մարդկանց մեծամասնությունը, հույսը կտրելով, հեռանում էր, ոմանք, տաքսիստների նշանակած  գներին համաձայնելով, մեկնում էին, իսկ ամենահամբերատարները դեռ շարունակում էին մնալ ավտոկայանում: