կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-18 06:45
Քաղաքական

ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին

ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

 

«Մենք պարոն Պրեսկոտի հետ մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել զրուցել ԵԽ շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության օգտակարության մասին և այն մասին, որ մենք, իրոք, բարձր ենք գնահատում եվրոպական կառույցների կողմից մեզ ցուցաբերվող օժանդակությունը` մեր երկրի հետագա զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հաստատման գործում:

 

Վստահ եմ, որ այս անգամ էլ օգտակար դիտողություններ, խորհուրդներ կլինեն: Պատրաստ ենք դրանք լսել և համատեղ աշխատել: Այդ մարտահրավերները ծառացած են մեր առջև: Մենք, իրոք, ցանկություն ունենք այդ խնդիրները լուծել և այս ճանապարհին օժանդակությունը բարձր ենք գնահատում»,- ասել է նախագահը:

 

Ջոն Պրեսկոտը նշել է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո փոփոխություններն ակնհայտ են: «Այս փոփոխությունները չափվում և գնահատվում են այն բանաձևի և առաջարկությունների ներքո, որ մեր կողմից արվել են այդ կապակցությամբ: Պարո´ն նախագահ, կարևորն այստեղ քաղաքական կամքն է, որ Դուք ցուցաբերել եք: Մենք արձանագրել ենք ձեր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված այդ կամքը, փոփոխությունները, որոնք, իրոք, անհրաժեշտ են: Այդ փոփոխությունների մասին զեկուցել ենք նաև վեհաժողովին»,- ասել է նա: