Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճապոնիայի երկրաշարժը Հայաստանի վրա ուղղակի ազդեցություն չի ունենա, քանի որ երկրների միջեւ հեռավորությունը շատ մեծ է, եւ մենք գտնվում ենք տարբեր երկրաբանական պայմաններում. այսօր լրագրողներին ասաց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը:
Նրա խոսքերով` մեր տարածաշրջանը, լինելով սեյսմաակտիվ, աչքի է ընկնում տարբեր ուժգնության սեյսմիկ ցնցումներով, սակայն ԱԻՆ սեյսմիկ ծառայության աշխատակիցները մշտապես վերլուծում են տվյալները եւ այս պահին որեւէ անհանգստացնող բան չեն գրանցել:
Հրաչյա Պետրոսյանը նաեւ խորհուրդ տվեց չվախենալ վերջին շրջանում գրանցված թույլ ցնցումներից: Ըստ նրա` դրանք նույնիսկ լավ են, քանի որ երկրակեղեւում կուտակված սեյսմիկ էներգիան աստիճանաբար պարպվում է եւ չի հանգեցնում մեծ էներգիաների կուտակման, հետեւաբար` ուժեղ երկրաշարժերի:
Անդրադառնալով Ճապոնիայի երկրաշարժին` ԱԻՆ Կառույցների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը նկատեց, որ Ճապոնիան սեյսմակայուն շինարարության ամենաարդիական եւ շենքերի նախագծման ամենախստացված չափանիշներ ունեցող երկրներից է, եւ այնտեղ փլուզումները վերագրվում են հիմնականում երկրորդական երեւույթներին, այսինքն` հրդեհներին ու ցունամիին, իսկ ցունամիների դեմ, ըստ Խլղաթյանի, նույնիսկ ամենազարգացած երկրներն են անկարող շենք-շինությունների նախագծման հաշվարկ կատարել:
Ըստ բանախոսների` Հայաստանում նման երկրորդական խնդիրներ կարող են առաջացնել սողանքները, ջրամբարները, մարած հրաբուխները եւ այլն:
Խոսելով այն մասին, թե որքանով է Հայաստանն այսօր պատրաստ դիմագրավել երկրաշարժերին, Զ. Խլղաթյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մշակվել են սեյսմակայուն շինարարության ազգային նորմերը, որոնք շատ մոտ են ճապոնականին: Օրինակ, եթե նախկինում սահմանափակում չկար, ապա այսօր արդեն չի թույլատրվում կառուցել բնակելի քարե շենք` չորս հարկից ավելի, դպրոց-մանկապարտեզներ` 1-2 հարկից ավելի, բարձրահարկ շենքեր` 16 հարկից ավելի եւ այլն:
Բայց այն հարցին, արդյո՞ք մեզ մոտ այդ շենք-շինությունների սեյսմակայունության փորձաքննությունների վերահսկողությունը լիարժեք է իրականացվում, Զավեն Խլղաթյանը պատասխանեց, որ դա քաղաքաշինության գործառույթն է, իրենք լիազորված են միայն խորհրդատվական ձայնով:
«Մենք լիազորված չենք կատարել փորձաքննություն, շինարարության ընթացքի որակի վերահսկողություն եւ այլն»,- նշեց Զ. Խլղաթյանը` հավելելով, որ ԽՍՀՄ ժամանակ կառուցված շենք-շինություններն առավել եւս չունեն բավարար սեյսմակայունություն եւ չեն կարող դիմակայել նույնիսկ 7 բալ երկրաշարժերի:
Հրաչյա Պետրոսյանն էլ հավելեց, որ ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ավելի մեծ ազդեցություն ունենա շենք-շինությունների սեյսմակայունության մակարդակը բարձրացնելու գործում:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ ուժգնության երկրաշարժի կարող է դիմանալ Հայաստանի ատոմակայանը, Զ. Խլղաթյանը պատասխանեց, որ ատոմակայանը համարվում է հատուկ նշանակության օբյեկտ եւ նախագծվել եւ կառուցվել է հատուկ չափանիշներով` 9 բալի ուժգնության համար, սակայն մեր ատոմակայանում բացակայում է պաշտպանիչ թաղանթը, որը վթարի դեպքում կբացառեր մասնիկների արտանետումը: